Fitch-ը 2009 թ.-ին ակնկալում է Հայաստանի տնտեսության անկում 15%

23.10.2009 13:35
Fitch-ը 2009 թ.-ին ակնկալում է Հայաստանի տնտեսության անկում 15%

Fitch Ratings սուվերեն վերլուծական խմբում տնօրեն Էնդրյու Կոխունի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը:

ԱՌԿԱ. Ի՞նչ որոշակի պատճառներով է պայմանավորված Հայաստանի վարկանիշի անկումը և ի՞նչ հետևանքներ կարող են սպասել Հայաստանին դրա արդյունքում, մասնավորապես, վարկունակության համատեքստում:

Fitch Ratings. Վարկանիշերի իջեցումը Fitch-ի կարծիքի արտացոլումն է առ այն, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա` հատկապես բացասաբար անդրադառնալով երկրի միջնաժամկետ հեռանկարների և արմատական վարկունակության վրա:

Fitch-ն ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսավորման պետական և արտաքին կարիքները բարձր կմնան, քանի որ պետբյուջեի դեֆիցիտի և ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտի կրճատման համար ժամանակ կպահանջվի, իսկ հակաճգնաժամային միջոցների ֆինանսավորման համար ներգրաված փոխառությունները հարկ կլինի մարել:

«Կայուն» կանխատեսումը մասամբ հիմնված է ֆինանսական աջակցության այն զգալի ծավալի վրա, որը Հայաստանը ստացել է միջազգային գործընկերներից` ներառյալ ԱՄՀ-ն և Ռուսաստանը, ինչը Fitch-ի կարծիքով պետք է կասեցնի ճգնաժամի ուժգնացման ռիսկը մոտ ժամանակներս:

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում:

Fitch Ratings. Fitch-ն ակնկալում է Հայաստանի տնտեսության կրճատում մոտավորապես 15 տոկոսով 2009 թ.-ին, ինչը երրորդ վատագույն արդյունքը կլինի վարկանշվող երկրների շրջանում: Տնտեսության վրա լուրջ ազեցություն է գործել արտասահմանում աշխատող քաղաքացիներից ստացվող փոխանցումների հոսքի կտրուկ կրճատումը և բանկային վարկավորման աճի ընդհատումը, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության թուլությունը նույնպես անդրադարձել է ուղղակի արտասահմանյան ներդրումների և արտահանման վրա: Fitch-ը չափավոր վերականգնում է կանխատեսում 2010 թ.-ին 2 տոկոս աճի դեպքում, սակայն, Հայաստանի հեռանկարները, անկասկած, կախված են այն բանից, թե ինչ տեղի կունենա տարածաշրջանում (մասնավորապես Ռուսաստանում) և աշխարհում:

ԱՌԿԱ. Հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ Fitch Ratings-ը դարձյալ վերանայի իր վարկանիշն ու կանխատեսումը Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ, ինչպես նաև առանձին կոմերցիոն բանկերի վարկանիշերը:

Fitch Ratings. Մեր բոլոր վարկանիշերը մշտապես վերանայվում են, եթե այդպես են պահանջում հանգամանքները: Արտաքին ֆինանսների և/կամ ֆինանսական համակարգի ոլորտում սթրեսի ուժգնացումը կարող է հանգեցնել վարկանիշերի հետագա իջեցման: Անցկացվող քաղաքականության իրականացման խնդիրները նույնպես բացասական գործոններ կլինեն վարկանիշերի համար, թեև մենք իրադարձությունների նման զարգացում չենք էլ ակնկալում: Մյուս կողմից այն բանի ապացույցները, որ Հայաստանում տնտեսության կայուն վերականգնում է տեղի ունենում` բյուջեի դեֆիցիտի և ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտի կրճատմամբ, կարող են դրական ազդեցություն գործել վարկանիշերի վրա, թեև հնարավոր է` ոչ ընթացիկ տարում:

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության իրականցրած հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությունը: Դուք կարծո՞ւմ եք, արդյոք, որ երկրի իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ սրբագրման կարիք ունեն: Ձեր կարծիքով` որո՞նք են առավել օպտիմալ միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հանրապետությունում ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու և դրանից շուտափույթ ելք ապահովելու համար:

Fitch Ratings. Fitch-ը ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականության որակը գնահատում է որպես դրական գործոն վարկանիշի առկա մակարդակի պարագայում: Երբ ճգնաժամը սկսվեց, երկրի իշխանությունները բավականին տպավորիչ ճկունություն դրսևորեցին: Հայաստանի կողմից հակաճգնաժամային ծրագրի արդյունավետ իրականացումը ԱՄՀ-ի աջակցությամբ, Fitch-ի կարծիքով, սուվերեն վարկանիշի համար առանցքային պահերից մեկն է:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները արտասահմանից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների փոփոխության վերաբերյալ, և ինչպիսի՞ն կլինի այդ փոփոխությունների ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Fitch Ratings. Մենք առանձին կանխատեսում չենք անում այն դրամական փոխանցումների առնչությամբ, որ անում են երկրի՝ արտասահմանում աշխատող քաղաքացիները, բայց ակնկալում ենք, որ ընդհանուր մաքուր տրանսֆերտները 2009 թ.-ին շուրջ մոտ կրկնակի կկրճատվեն 2008 թ.-ի համեմատ: ԱՄՀ ամփոփ տվյալներով` մասնավոր տրանսֆերտները 111 մլն դոլար են կազմել 2009 թ.-ի առաջին եռամսյակում` 2008 թ.-ի առաջին եռամսյակի 158 մլն դոլարի համեմատ: Այլ երկրներում աշխատող քաղաքացիների փոխանցումների կրճատումը կհանգեցնի Հայաստանում սպառման ու ներդրումների նվազեցման, մասնավորապես, շինարարության հատվածում:

Հայաստանի հարցում կանխատեսումների անորոշության առումով մեծ գործոն է այն, թե ինչ է տեղի ունենում արտասահմանում աշխատող քաղաքացիների հետ. նրանք կորցում են աշխատանքն ու տուն վերադառնու՞մ, թե՞ նոր աշխատանք են գտնում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post