ՀՀ ԿԲ-ն 2010-ին կշարունակի արդյունավետ դրամավարկային քաղաքականությունը

05.11.2009 13:48
ՀՀ ԿԲ-ն 2010-ին կշարունակի արդյունավետ դրամավարկային քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Պարոն Ջավադյան, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում մշակվող պետբյուջեի շրջանակներում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության մեջ նախատեսվո՞ւմ են, արդյոք, փոփոխություններ: ԿԲ-ն ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել դրա ավելի արդյունավետ անցկացման համար ստեղծված տնտեսական պայմաններում:

Ա. Ջավադյան. 2008 թ. հոկտեմբերից սկսած, երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամն առավել խորացավ` հարվածելով նաև ՀՀ հիմնական գործընկեր երկների տնտեսություններին, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները կտրուկ փոխվեցին:

Փոխվեց նաև ՀՀ ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղվածությունը, որը, գների կայունության և տնտեսության խթանման խնդիրների արդյունավետ համադրման համատեքստում, կրում էր առավելապես ընդլայնողական բնույթ: ԿԲ կողմից դա իրականացվել է ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման (2009թ. երկրորդ եռամսյակից մինչ օրս` 2.75 տոկոսային կետ), այնպես էլ ծավալային առավել ակտիվ ընդլայնման միջոցով: Վերջինս ապահովելու համար դրամավարկային գործիքակազմը համալրվել է նոր, ավելի երկարաժամկետ վարկավորման գործիքներով, մասնավորապես` բանկերին առաջարկվել է 3-ամսյա ռեպո համաձայնագրեր:

Միևնույն ժամանակ, Կառավարության հետ փոխհամաձայնեցված, հակաճգնաժամային միջոցառումների իրագործման շրջանակներում ԿԲ կողմից Ռուսաստանի վարկի հաշվին տեղաբաշխվել է շուրջ 23 մլրդ դրամ:

Ֆինանսական կայունության պահպանման խնդիրներից ելնելով` բանկերին առաջարկվում են երկարաժամկետ սուբորդինացված վարկեր. առևտրային բանկի կապիտալի համալրման դեպքում համալրված գումարի չափով, մինչև 5 տարի մարման ժամկետով, և առևտրային բանկերի միավորման դեպքում` միավորված կապիտալի 30%-ի չափով, մինչև 3 տարի մարման ժամկետով:

«ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում արտացոլված հարկաբյուջետային քաղաքականության ներքո հաջորդ տարի ԿԲ-ն վերոնշյալ գործիքակազմի պահպանմամբ կշարունակի արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացումը, որն առավելագույնը կնպաստի տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը:

«ԱՌԿԱ». Փոխարժեքի վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունի Կենտրոնական բանկը: Ինչպիսի՞ մեխանիզմներ կօժանդակեն փոխարժեքի առավել ճկուն ձևավորման ապահովմանը:

Ա. Ջավադյան. Հաշվի առնելով այն փաստը, որ փոխարժեքի կարգավորումը դրամավարկային քաղաքականության նպատակ չէ, ԿԲ զերծ է մնում դոլարի փոխարժեքի պաշտոնական մեկնաբանություններից: Շուրջ 4 տարի Հայաստանում գործում է արժութային բորսան (NASDAQ OMX ARMENIA), որը թույլ է տալիս արժութային շուկայի մասնակիցներին իրական ժամանակի ռեժիմում հետևել, ինչպես նաև մասնակցել արժույթի առուվաճառքի գործարքներին: Վերջինս արժութային շուկային համապատասխան ճկունություն է հաղորդել: Այդուհանդերձ, ունենք խնդիր, որ շուկան մեծ չէ իր ծավալներով, և կարճաժամկետ, սակայն լայնածավալ հոսքերը արժութային շուկայում կտրուկ տատանումների են հանգեցնում: Հետագայում արժութային շուկայի մասնակիցների թվաքանակի ավելացումը, ինչպես նաև ածանցյալ գործիքների շուկայի զարգացումը կարող է նպաստել այս խնդրի լուծմանը:

«ԱՌԿԱ». Վերջին շրջանում ԿԲ-ն մի շարք արժութային միջամտություններ կատարեց ֆոնդային շուկայում: Ինչո՞վ են պայմանավորված այս գործողությունները և նշանակում է, արդյոք, որ ԿԲ-ն վերադառնում է դրամի ամրակցված փոխարժեքին:

Ա. Ջավադյան. ՀՀ-ում գործում է արտարժույթի լողացող փոխարժեքի քաղաքականությունը: Այսպիսով, ազգային արժույթի փոխարժեքը, որպես այդպիսին, չի հանդիսանում Կենտրոնական բանկի կառավարման օբյեկտ: Արժութային ներարկումներ իրականացվում են և հետագայում էլ կիրականացվեն արժութային շուկայում` բացառապես կտրուկ տատանումները հարթեցնելու նպատակով:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կմեկնաբանեք գնաճի ցուցանիշը Հայաստանում: Ինչպիսի՞ն են ԿԲ կանխատեսումները 2009 թ.-ի արդյունքներով սղաճի մակարդակի վերաբերյալ: Կհաջողվի՞ ապահովել պետբյուջեով նախատեսված ցուցանիշը:

Ա. Ջավադյան. Համեմատելով ԱՊՀ մի շարք երկրների հետ` փաստենք, որ օգոստոսի արդյունքներով տարեսկզբի նկատմամբ գնաճը Ռուսաստանում կազմել է 8.1%, Բելառուսում` 7.5%, Ուկրաինայում` 8.2%, Ղազախստանում` 4.3%, Վրաստանում`  -2.1%, Ղրղզստանում` -1.9% և Տաջիկստանում` -3.4%, իսկ Հայաստանում համանման ցուցանիշը կազմել է 2.1%: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2009թ. սեպտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, որը գտնվել է նպատակային միջակայքի կենտրոնական արժեքին մոտ:
Ըստ ԿԲ գնահատումների, 2009թ. ավարտին տարեկան գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5% միջակայքի վերին սահմանում:

«ԱՌԿԱ». 2009թ.-ի մարտից ԿԲ-ն երկրում վերաֆինանսավորման դրույթների իջեցման հետևողական քաղաքականություն է անցկացնում: ԱՄՀ և ՀԲ փորձագետները դրական գնահատական են տվել այս գործողություններին՝ խորհուրդ տալով այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ ռազմավարությանը: Սակայն, այդուհանդերձ, կա որոշակի խելամիտ սահման: Օրինակ, ԵԿԲ-ն անընդունելի է համարում Եվրոպայի համար զրոյական հաշվողական դրույքի հաստատումը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է առավելագույն դրույքը Հայաստանի համար ներկայիս պայմաններում:

Ա. Ջավադյան. Այո, ինչպես և ճիշտ նշվեց, 2009թ. երկրորդ եռամսյակից սկսած ԿԲ-ն հետևողականորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ընդհանուր առմամբ 2.75 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է տնտեսության արագ տեմպերով անկման և արտաքին գնանկումային գործոնների ազդեցությամբ ձևավորված ներքին ցածր գնաճային միջավայրով:

Չենք կարծում, որ կա տոկոսադրույքների այնպիսի խելամիտ սահման, որ կիրառելի լինի ցանկացած երկրում և ցանկացած պահի: Օպտիմալությունը պետք է քննարկել կոնկրետ համատեքստում: Հարկ է նշել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցանկացած փոփոխման որոշում հիմնվում է գնաճի, շուկայական տոկոսադրույքների, փոխարժեքի, տնտեսական ակտիվության և մի շարք այլ մակրոտնտեսական ցուցանիշների փաստացի զարգացումների վերլուծության վրա և հաշվի է առնում հետագա ժամանակահատվածի համար գնաճի և տնտեսական աճի կանխատեսումները: Քանի որ այժմ, ըստ ԿԲ գնահատումների, արդեն արձանագրվել են այդ ցուցանիշների գծով որոշակի կայունացման միտումներ, ապա գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքը առավելագույնս նպաստում է տնտեսության հետագա արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բանկային համակարգի գործունեությունը ճգնաժամի պայմաններում: Տվյալ պահին մենք ունե՞նք, արդյոք, խնդրահարույց բանկեր:

Ա. Ջավադյան. ՀՀ բանկային համակարգի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ 2008թ. IV եռամսյակից: ՀՀ բանկային համակարգի կապիտալիզացիայի և կապիտալի համարժեքության մակարդակները` ի համեմատություն այլ երկրների բանկային համակարգերի, բավականին բարձր են, և ըստ այդմ բանկերի անվճարունակ դառնալու հավանականությունը շատ ցածր է, քանի որ ֆինանսական ռիսկերով պայմանավորված հնարավոր վնասները բանկերը կարող են ծածկել սեփական միջոցների հաշվին այլ ոչ թե ավանդատուների: Այսպես բանկային համակարգի «Կապիտալ / Ակտիվներ» հարաբերակցությունը կազմում է 21.2%, իսկ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը` 28.4%: Հատկանշական է, որ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը գտնվում է պահանջվող նվազագույն 12% սահմանաչափից բավականին բարձր: Ներկայումս ՀՀ բանկային համակարգում պրոբլեմային բանկեր առկա չեն և բանկերը գործում են ընդունելի ռիսկերի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ճգնաժամի պայմաններում բանկերի գործունեության գնահատմանը, ապա հատկանշական է, որ բանկերը սկսել են գործել ավելի զգույշ. մասնավորապես վարկային քաղաքականության առումով (վարկառուների ֆինանսական միջոցների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն ու վերլուծություն): Միաժամանակ զգուշություն է նկատվում նաև վարկառուների կողմից, քանի որ վարկառուների մի մասը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, երկարաժամկետ հատվածում, իրենց ապագա եկամուտների կանխատեսումներում անորոշություններ ունեն:

«ԱՌԿԱ». Դուք հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, մոտ ժամանակներում կոմերցիոն բանկերի կողմից վարկային դրույքների իջեցումը, և ինչպիսի՞ն այն կլինի:

Ա. Ջավադյան. Քանի որ տոկոսադրույքները ձևավորվում են շուկայում, մենք չենք կանխատեսում դրանց մակարդակը, իհարկե, չբացառելով դրանց հետագա իջեցումը: Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը մի շարք քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում վարկային շուկայում ցածր տոկոսադրույքով միջոցների հասանելիության ուղղությամբ, մասնավորապես.

ա) Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքները, միևնույն ժամանակ իրականացնելով երկարաժամկետ (եռամսյա) ռեպո,

բ) տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում բանկերին տրամադրվում են երկարաժամկետ նպատակային միջոցներ հնարավորինս ցածր տոկոսադրույքով տեղաբաշխելու նպատակով:

«ԱՌԿԱ». Սպասվո՞ւմ է, արդյոք, նոր բանկերի ելք հայկական շուկա կամ արդեն գործող բանկերի միաձուլում:

Ա. Ջավադյան. Կենտրոնական բանկը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել նոր բացվող բանկի և/կամ գործող բանկերի միավորումների վերաբերյալ: Սակայն միևնույն ժամանակ չի բացառվում, որ առաջիկայում լինեն բանկերի միավորումներ, քանի որ ԿԲ-ից դուրս ակտիվ շրջանառվում են խոսակցություններ հնարավոր միավորումների ուղղությամբ բանակցային գործընթացների վերաբերյալ: Եվ քանի որ Կենտրոնական բանկը կողմնակից է բանկերի միավորումներին, ապա վերոնշյալ նախաձեռնությամբ Կենտրոնական բանկին դիմելու դեպքում կստանան Կենտրոնական բանկի ակտիվ աջակցությունը:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք դուք գնահատում իրավիճակը վարկավորման շուկայում կոմերցիոն բանկերի կողմից, նկատվու՞մ է, արդյոք, բանկերի վարկային պորտֆելի աճ:

Ա. Ջավադյան. Վերջին ամիսներին նկատվում է վարկային շուկայի աշխուժացում: Այսպես 2009թ. երրորդ եռամսյակի ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերի մեծությունը ավելացել է 46 մլրդ դրամով: Ընդհանուր առմամբ 2009 թ. առաջին իննը ամիսների ընթացքում բանկերի կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալներն աճել են 7%-ով: Վարկավորման աճը  հիմնականում պայմանավորված է ինչպես բանկերի և վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումներով, այնպես և ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությամբ, և պետության կողմից տարբեր ծրագրերով (օրինակ Գերմանահայկական հիփոթեքային ծրագրի, ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում բիզնեսի աջակցության ծրագրի) բանկերի միջնորդությամբ  տնտեսությանը տրամադրվող վարկերով:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է արդյունավետ կերպով իրականացվում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ՀԲ ծրագիրը: Ի՞նչ ծավալով և քանի բանկ է օգտվել տվյալ վարկերից:

Ա. Ջավադյան. Համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում ընտրվել են 8 առևտրային բանկեր, որոնցից 6-ը այս ծրագրի շրջանակներում արդեն տեղաբաշխել են ընդհանուր 2.5 մլրդ դրամի չափով վարկեր:

«ԱՌԿԱ». Մոտ ժամանակներս պարտատոմսերի շուկայում սպասվո՞ւմ է, արդյոք, տոկոսադրույքների փոփոխություն, և ինչո՞վ դա պայմանավորված կլինի:

Ա. Ջավադյան. Պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների վրա հիմնականում ազդում են պետական պարտատոմսերի թողարկման ծավալները, առևտրային բանկերի կողմից վերջիններիս նկատմամբ ներկայացված պահանջարկը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև առևտրային բանկերի սպասումները: Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական բանկի Խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, մոտակա ժամանակներում պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների էական փոփոխություն չի սպասվում: Ավելացնենք նաև, որ դրամային իրացվելիության մակարդակը բավականին բարձր է, ինչը, իր հերթին, կնպաստի պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի պահպանմանը:

«ԱՌԿԱ». Նախատեսվո՞ւմ է, արդյոք, ազգային հիփոթեքային ընկերության կապիտալի ավելացում, և հնարավո՞ր է, արդյոք, ընկերության կապիտալում պետական բաժնի կրճատում արդեն մոտ ժամանակներում:

Ա. Ջավադյան. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բնականոն գործունեության զարգացմանը համընթաց և վարկային պորտֆելի ծավալային աճին զուգահեռ հետագայում հնարավոր է Ընկերության կապիտալի համալրում: Ներկա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կապիտալում պետական մասնակցության տեսակարար կշռին, ապա այս առումով հարկ ենք համարում նշել, որ Ընկերության գործունեության հիմքում որպես հեռահար նպատակ դրված է PPP (private public partnership) սկզբունքը, համաձայն որի Ընկերության կապիտալում նախատեսվում է պետական մասնակցության կրճատում` ի հաշիվ մասնավոր ներդրումների:

«ԱՌԿԱ». Վերջին ժամանակներում կառավարությունը մինչև 2009թ.-ի վերջը պետական մուրհակների թողարկման մասին որոշում ընդունեց ԿԲ կուտակված վնասը զրոյացնելու համար: Ինչպիսի՞ն կլինի թողարկման ծավալը, և ե՞րբ է ծրագրվում դրանց թողարկումն ու մարումը:

Ա. Ջավադյան. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Կառավարությունը` գերազանցող գումարի չափով, որպեu ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում,
Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոu ցպահանջ պետական հաuարակ մուրհակներ:

Հիմք ընդունելով նշված հոդվածը` Կենտրոնական բանկի հաշվեկշռում նախորդ ֆինանuական տարիների արդյունքում առաջացած վնասների` Կենտրոնական բանկի պահուuտների հանրագումարը գերազանցող գումարի չափով Կառավարությունը Կենտրոնական բանկին է տրամադրել անտոկոu ցպահանջ պետական հաuարակ մուրհակ:

Կենտրոնական բանկին Կառավարության կողմից տրամադրվելիք մուրհակի վերաբերյալ պարզ կլինի տարին ամփոփելուց հետո:

2009 թվականի սեպտեմբերի 23-ին Կառավարության կողմից հավանության է արժանացել «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ վերը նշված դեպքում Կառավարությունը Կենտրոնական բանկին տրամադրում է ոչ թե անտոկոu ցպահանջ պետական հաuարակ մուրհակ, այլ Կառավարության կողմից թողարկված արժեթղթեր: Այդ արժեթղթերի տրամադրումը և հետգնումն իրականացվում են շուկայական գնով:

Արժեթղթերի տեսակը, ինչպես նաև այդ արժեթղթերի տրամադրման, հետգնման, տոկոսադրույքի հաշվարկման և վճարման կարգը և պայմանները սահմանվելու են Կառավարության և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագրով:
Ընդ որում` նշված նախագծով սահմանվել է, որ նախկինում տրամադրված մուրհակները Կառավարության կողմից փոխարինվում են Կառավարության կողմից թողարկված շուկայական արժեթղթերով: Հարկ ենք համարում նշել, որ կանխատեսումների համաձայն տարեվերջին ԿԲ վնասը զգալիորեն կկրճատվի:

«ԱՌԿԱ». Համահայկական բանկն արդեն գրանցվել է ԿԲ-ում, ե՞րբ այն փաստացիորեն կանցնի լիարժեք գործունեության: Ընտրվա՞ծ է, արդյոք, բանկի ղեկավարի թեկնածուն:

Ա. Ջավադյան. Համահայկական բանկը գտնվում է գրանցման փուլում և ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում գործունեության ծրագրի մշակման և գործադիր տնօրենի ընտրության ուղղությամբ: Համահայկական բանկի գործարարության ծրագրի (բիզնես պլանի), ղեկավարության ընտրության աշխատանքները պատվիրվել են միջազգային հեղինակություն ունեցող փորձագետներին:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է իրական ՀՀ 2010թ.-ի պետբյուջեի կատարումը, և որքանո՞վ է արդյունավետ ճգնաժամային պայմաններում երկրի Հիմնական ֆինանսական փաստաթուղթը:

Ա. Ջավադյան. 2010 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում մանրամասն ներկայացվել է ՀՀ կառավարության գործունեության ծրագրի ներքո որդեգրած` ներդրումային միջավայրի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման,  ենթակառուցվածքների զարգացմանն աջակցման տեսլականը, ինչպես նաև, հակաճգնաժամային միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:
2010 թվականին  ՀՀ կառավարության  սոցիալ-տնտեսական քաղաքականությունն   ուղղված է հակաճգնաժամային քաղաքականության հետևողական իրականացմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, սոցիալական ուղղվածության խորացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը և այլն: Այն իր արտացոլումն է գտել 2010 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի համապատասխան դրույթներում: Մասնավորապես, հարկային եկամուտների գծով 2010 թվականի համար նախատեսվել է 2.7 տոկոս աճ, իսկ ծախսերի և պակասուրդի գծով նվազում` համապատասխանաբար`  0.6 տոկոս և  21.5 տոկոս:
2010 թվականի ՀՀ տնտեսական աճի վերականգնման պայմաններում, կարծում ենք, որ տնտեսությունում բավարար նախադրյալներ կառաջանան ՀՀ պետական բյուջեի 2010 թվականի վերը նշված համամասնությունների ապահովման համար: Բյուջեի վերը նշված համամասնությունների նախատեսումը բխում  է նաև ՀՀ մակրոտնտեսական կայունությունն և տնտեսության միջին ժամկետ զարգացումն ապահովելու նպատակից:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքից հրաժարվելը, որն ամեն տարի սահմանվում էր պետբյուջեում:

Ա. Ջավադյան. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում 23.10.2008թ.-ին փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի Հոդված 2-ով սահմանվել է, որ ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ պետբյուջեի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկելու նպատակով կիրառվում է պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը ՀՀ արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը:

Այն պարագայում, երբ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը ՀՀ պետբյուջեի համար հանդիսանում է լոկ հաշվարկային միավոր և, լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում անհնար է դրա ճշգրիտ փոխարժեք կանխատեսումը, վերը նշված մոտեցումն առավել արդյունավետ է:

«ԱՌԿԱ». Համաձա՞յն եք, արդյոք, 2010 թ.-ի համար տնտեսական 1,2-1,3% աճի կանխատեսումներին, և տնտեսության ո՞ր հիմնական ոլորտների հաշվին կապահովվի նման աճը:

Ա. Ջավադյան. ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների  համաձայն, 2010 թվականի առաջին ինն ամիսների արդյունքում  ակնկալվում է շուրջ 1.0 տոկոս  տնտեսական աճ: Վերջինիս կանխատեսման համար հիմք է հանդիսացել համաշխարհային տնտեսական իրավիճակի բարելավման վերաբերյալ ներկայիս կանխատեսումները, մասնավորապես համաշխարհային պահանջարկի աճը, մետաղների միջազգային գների շարունակվող աճը, կառավարության կողմից այս տարվա ընթացքում իրականացրած և իրականացվելիք հակաճգնաժամային միջոցառումները, ինչպես նաև  տնտեսության տարբեր ճյուղերում կատարված ներդրումները: Ընդ որում, տնտեսական աճի 2010 թվականի առաջին ինն ամիսների համար նախանշված ցուցանիշն ապահովվելու է տնտեսության բոլոր ճյուղերում ակնկալվող աճի հաշվին:

Մասնավորապես, արդյունաբերության ճյուղում ակնկալվում է ավելացված արժեքի 0.1 տոկոս աճ` հիմնականում ի հաշիվ մետաղագործական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության ենթաճյուղերում ակնկալվող աճերի: Շինարարության ճյուղում ակնկալվում է ավելացած արժեքի 1.7% աճ, պայմանավորված էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվելիք շինարարական աշխատանքներով: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ նաև, որ 2009 թվականի նույն ժամանակահատվածում այս ճյուղում գրանցվել էր անկման աննախադեպ բարձր մակարդակ: Գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում 2010 թվականի ինն ամիսներին ակնկալվում է ավելացրած արժեքի աճ` համապատասխանաբար 3.8% և 0.7%:

«ԱՌԿԱ». Ճգնաժամային պայմաններում որքանո՞վ արդյունավետ կլինի ՀՀ պետբյուջեի ծախսային և եկամտային հոդվածների կրճատումը:

Ա. Ջավադյան. 2010 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսված է  հարկային եկամուտների  2.7 տոկոս աճ, (այս պարագայում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կպահպանվի ընթացիկ տարվա համար գնահատվող 16.6 տոկոս մակարդակում), իսկ ծախսերի մասով 0.6 տոկոս նվազում: Արդյունքում, 2010 թվականի համար նախատեսում է պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 1.8 տոկոսային կետ կրճատում: Այս պարագայում, միանգամայն ողջունելի է Կառավարության մոտեցումը միջին ժամկետ հատվածում բյուջեի պակասուրդի աստիճանաբար կրճատման առումով, ինչը համահունչ է միջին ժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության և տնտեսության  զարգացման ապահովման նպատակին:

Միաժամանակ, ցանկալի կլիներ 2010 թվականի համար  նախատեսված բյուջեի պակասուրդի չգերազանցման պարագայում, ջանքեր գործադրել 2010 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի աճ ապահովելու ուղղությամբ: Վերջինս թույլ կտա տնտեսության զարգացմանն ուղղված հակաճգնաժամային ծրագրերի շարունակության ապահովման համար լուրջ ֆինանսական միջոցներ նախատեսել: Այս պարագայում, պահպանելով ծախսային առաջնահերթությունները, կարևորում ենք նաև ծախսային որոշ ծրագրերի մասով  անցումը հնարավորինս խնայողական ռեժիմի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև