ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

12.11.2009 15:09
ՎԶԵԲ-ը նոյեմբերին կարող է բաժնետերերի հետ կապիտալի ավելացման մասին առաջին խորհրդակցություններն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նոյեմբերի 24-ին կարող է իր բաժնետերերի հետ առաջին պաշտոնական խորհրդակցություններն անցկացնել մենեջմենտի կողմից առաջարկված 10 միլիորդ եվրոյով կապիտալի ավելացման մասին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են իրադարձությունների ընթացքին ծանոթ մի քանի աղբյուրներ:

«Վերջնական որոշումը կընդունվի մայիսին՝ բանկի վերահսկող խորհրդի հերթական ամենամյա ժողովի ժամանակ, սակայն մոտավորապես նոյեմբերի 24-ին պետք է տեղի ունենան առաջին պաշտոնական խորհրդակցությունները», - ասել է գործակալության զրուցակիցը:

«ՌԻԱ Նովոստիի համար» ՎԶԵԲ-ում այդ տեղեկատվությունը չեն հաստատում, սակայն նշում են, որ «այդ առնչությամբ քննարկումներն արդեն ընթանում են»:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ բաժնետերերին կառաջարկվի ավելացնել բանկի կապիտալը 50 տոկոսով, ինչը կազմում է շուրջ 10 միլիարդ եվրո: Նման կերպով բանկի կապիտալը կավելանա՝ հասնելով մինչև 30 միլիարդ եվրոյի, ինչը թույլ կտա բանկին տնտեսական բարդ ժամանակահատվածում ներկայացուցչություններ ունեցող երկրներում չնվազեցնել ներդրումների ծավալները:

ՎԶԵԲ-ի ղեկավար Թոմաս Միրովը հայտարարել է ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին 10 միլիարդ եվրոյով բանկի կապիտալիզացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ կապիտալի ավելացումը թույլ կտա ՎԶԵԲ-ին 9-10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք համաշխարհային ճգնաժամի պայմաններում լրացուցիչ վարկավորման կարիք ունեն:

Հակառակ դեպքում, ինչպես նշել է Միրովը, ֆինանսական աջակցության չափը, որը ՎԶԵԲ-ը կարող է ցուցաբերել 2011-2015 թթ.-ին, կկազմի միջինը ընդամենը 6 միլիարդ դոլար:

Իր հիմնադրման պահից՝ 1991 թվականից, բանկը գրեթե 42 միլիարդ եվրո է ներդրել շուրջ 2,5 հազար նախագծերի մեջ: 2008 թ.-ին ներդրումների ծավալը կազմել է 5,1 միլիարդ եվրո:

ՎԶԵԲ-ը միջազգային բանկ է, որն աշխատում է նախագծերի հետ Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում: Բանկն առավելապես ներդրումներ է կատարում մասնավոր հատվածում: ՎԶԵԲ-ի բաժնետերեր են 61 պետություն (այդ թվում նաև Եվրոպական միությունը) և European Investment Bank-ը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև