Հայաստանի հիփոթեքային շուկան կակտիվանա 2010 թ.-ի երկրորդ եռամսյակից

20.11.2009 19:32
Հայաստանի հիփոթեքային շուկան կակտիվանա 2010 թ.-ի երկրորդ եռամսյակից

«Վաշինգտոն-Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Արմեն Խաչյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

ԱՌԿԱ. Պարոն Խաչյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հիփոթեքային շուկան: Ի՞նչ հիմնական խնդիրներ կան այդ շուկայում:

Ա. Խաչյան. Գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով հիփոթեքային շուկան զգալի կորուստներ է կրել, սակայն իրավիճակը սկսում է կայունանալ: Տվյալ պահին արդեն նկատվում է բնակարանների գների նվազում: Կարելի է ասել, որ ճգնաժամի հատակը շուկան հաղթահարել է:

Վարկավորման դրույքները հիփոթեքային շուկայում արդեն գտնվում են 2007-2008 թթ.-ի մակարդակում, և բնակչությունը բնակարան ձեռք բերելը խելամիտ է համարում: 2010 թ.-ի առաջին եռամսյակը, իմ կանխատեսումներով, համեմատաբար պասիվ կլինի, ինչը պայմանավորված է սեզոնային գործոնով: Սակայն հետագայում շուկայի ակտիվացում կնկատվի, ինչն ուղղակիորեն կախված կլինի բնակելիների շինարարության ակտիվացումից: Այս առումով հարկ է նշել նաև կառավարության հակաճգնաժամային միջոցների դրական ազդեցությունը հիփոթեքային շուկայի և ընդհանրապես վարկավորման շուկայի վրա:

ԱՌԿԱ. Վարկավորման ի՞նչ պայմաններ է առաջարկում ձեր կազմակերպությունը: Ինչպիսի՞ն է կազմակերպության վարկային պորտֆելն այսօրվա դրությամբ:

Ա. Խաչյան. Մեր գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի հիփոթեքային շուկան է: Սկսած 2005 թ.-ից մինչև 2006 թ.-ի մարտ մենք ակտիվ հիփոթեքային վարկավորում ենք իրականացրել, հետո վարկավորման տեմպերը փոքր-ինչ դանդաղեցին, ինչը պայմանավորված է նոր ծրագրերի ներմուծման աշխատանքներով, որոնց առնչությամբ բանակցությունները վարվել են 2006 թ.-ի գարնանը:

Բանակցությունների արդյունքում 2007թ.-ին մեր կազմակերպությունը ներգրավվել է գերմանական KFW բանկի Հիփոթեքային շուկայի կայուն զարգացման ծրագիր, ինչը հանգեցրել է մեր գործունեության ակտիվացման 2007 թ.-ից: Դրանից հետո մեր կազմակերպությունը վարկավորման տեմպերը չի դանդաղեցրել:

2007 թ.-ի վերջին «Վաշինգտոն-Կապիտալի» վարկային պորտֆելը 250 մլն դրամ է կազմել, 2008 թ.-ի վերջին՝ շուրջ 400 մլն, իսկ այսօրվա տվյալներով՝ շուրջ 600 մլն դրամ:

2009 թ.-ի հոկտեմբերի 1-ից կազմակերպությունը համագործակցում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ի հետ:

Գլոբալ տնտեսական ճգնաժամի կապակցությամբ 2009 թ.-ի առաջին եռամսյակում հիփոթեքային վարկավորման տեմպերը հանրապետությունում դանդաղել են, սակայն արդեն չորրորդ եռամսյակից շուկայում նկատվում է զգալի աշխուժություն: Մասամբ այդ ակտիվացումը պայմանավորված է «Ազգային հիփոթեքային ընկերության» գործունեության հետ:

Սկսած հոկտեմբերի 1-ից, մենք մինչև 20 մլն դրամի չափով վարկեր ենք տրամադրում մինչև 20 տարի մարման ժամկետով, 12-14 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

ԱՌԿԱ. Կարելի՞ է հաստատել, որ չնայած ճգնաժամի զգալի բացասական ազդեցությանը հիփոթեքային շուկայի վրա, դրա ազդեցությունը ձեր կազմակերպության վրա չնչին էր:

Ա. Խաչյան. Այո, կարելի է այդպես ասել: Մեր վարկային պորտֆելը սկսեց ձևավորվել KFW չափանիշներով: Այդ չափանիշներով տրամադրվող վարկերը իրենց վրա չկրեցին ճգնաժամի ազդեցությունը: Նշեմ, որ մեր վարկային պորտֆելի 90 տոկոսը հիփոթեքային վարկերն են կազմում:

ԱՌԿԱ. Ծրագրու՞մ եք ընդլայնել ձեր գործունեությունը, և ի՞նչ ուղղություններով:

Ա. Խաչյան. Անշուշտ: Մենք ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները, մասնավորապես, ներմուծում ենք վարկավորման նոր տեսակներ: Այսուհետ մենք կկարողանանք վարկավորել նորակառույցների գնումն ու տների շինարարությունը: Բացի այդ, ներկայում հաճախորդը կարող է բնակարան ձեռք բերել 10 տոկոս կանխավճարով նախկին 30 տոկոսի փոխարեն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև