Հայաստանի ֆոնդային բորսան overnight ռեսուրսների համար հարթակ է թողարկում

24.11.2009 17:13
Հայաստանի ֆոնդային բորսան overnight ռեսուրսների համար հարթակ է թողարկում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ֆոնդային բորսան նոր հարթակ ու ֆինանսական գործիք է ներմուծում մեկօրյա վարկային ռեսուրսներ՝ օվերնայթ տրամադրելու համար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ շուկայի հետազոտությունը ցույց է տալիս վարկային ռեսուրսների առևտրի բորսային մեխանիզմի պահանջարկի առկայությունը, ինչի առնչությամբ բորսայում ծրագրվում է բացել նոր հարթակ, որում առայժմ կներկայացվի միայն մեկ ֆինանսական գործիք՝ վարկային ռեսուրսներ մեկ օր ժամկետով՝ overnight, այսպես կոչված՝ «գործարքներ մեկ գիշերում»:

Բորսայի գլխավոր տնօրենի կարծիքով՝ նոր գործիքը կօգնի բանկերին լուծել լիկվիդայնության հետ կապված ընթացիկ հարցերը, իսկ որպես վարկատու հանդես կգա ազատ միջոցներ ունեցող ցանկացած բանկ:

«Այս հարթակի մասնակիցները միայն առևտրային բանկերը կլինեն: Աճուրդները կանցկացվեն 11:00-ից մինչև 15:30-ը, ինչից հետո հինգ րոպեում կիրականացվի հետվաճառքային աճուրդ, որի ժամանակ վաճառքի մասնակիցները իրավունք ունեն գործարքներ կատարել աճուրդային օրվա ընթացքում ձևավորված միջին կշռված գնով»,- ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ տվյալ հարթակում կկիրառվի 100 տոկոսանոց ավանդադրման մեթոդը, որը կիրականացվի միջոցները տրամադրոց անձանց կողմից, իսկ համապատասխան պայմանադիր կողմը, որը կվերցնի վարկը, իրավունք ունի աճուրդային սեսիայի ժամանակ օգտագործել հենց նույն հարթակում ստացած միջոցները:

Նրա խոսքերով՝ ենթադրվում է, որ սակարկությունները կիրականացվեն դրամով, թեև քննարկվում է նաև դրանք դոլարով ու եվրոյով անցկացնելու հնարավորությունը: Ընդ որում լոտերը բազմապատիկ կլինի 10 մլն դրամին, իսկ կլիրինգը (փոխադարձ հաշվարկները) կանցկացվեն երկու փուլով:

Մելիքյանի խոսքով` փոխադարձ հաշվարկների առաջին փուլը կիրականացվի առևտրային սեսիայից հետո, և բոլոր միջոցները կնստեն վարկառուի հաշվին հաշվարկային բանկում, իսկ երկրորդ փուլում՝ արդեն հաջորդ օրը առավոտյան, կիրականացվի փոխադարձ հաշվարկ և գումարների վերադարձ տոկոսների վճարմամբ:

«Տվյալ փուլում ռիսկը զրոյի է հավասար, քանի որ բոլոր միջոցները ավանդադրված են: Որոշակի ռիսկ գոյություն ունի միայն տոկոսների վերադարձի առնչությամբ, իսկ վարկի հիմնական գումարի վերադարձի կապակցությամբ այն չկա, քանի որ Կենտրոնական բանկի գործարքային օրն ավարտված կլինի, այսինքն այդ գումարները հնարավոր չէ օգտագործել, իսկ հաջորդ օրը միջոցները ավտոմատ կերպով փոխանցվում են վարկատուի հաշվին:

Հետևաբար, չվերադարձի ռիսկը նվազագույնի է հասցված, և մնում է միայն այդ գումարի տոկոսների վճարման հարցը, որը շատ փոքր է»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ հայկական բանկերը վճարունակ են:

Բորսայի գնահատականների համաձայն՝ տվյալ ծառայության պահաջվածությունը կարող է օրական շուրջ 1 մլրդ դրամ կազմել:

Ինչպես հայտնեց Մելիքյանը նոր հարթակում կգործեն նոր սակագներ մասնակիցների համար, բայց միջնորդավճարները շատ ցածր կլինեն և ոչ մի կերպ չեն ազդի տոկոսադրույքի վրա:

Նրա խոսքերով՝ բորսայի այն մասնակիցների համար, որոնք կընտրեն վարկային շուկան, նախատեսված է մուծումների վեցամսյա վճարում 180 հազար դրամի չափով՝ առանց ԱԱՀ:

«Մենք կարծում ենք, որ այս ֆինանսական գործիքը հետաքրքիր կլինի, չնայած, իհարկե, հետաքրքիր են նաև ֆինանսական ու վարկային գործիքները մեկ օրից ավելի երկար ժամկետով, սակայն սա արդեն ապագայի հարց է»,- ասաց Մելիքյանը:

Նա նաև հայտնեց, որ նոր գործիքի ներդրման հետ կապված՝ նոր կանոններ են ընդունվել վարկային ռեսուրսների առևտրի, կլիրինգային փոխադարձ հաշվարկների առումով, փոփոխություններ են մտցվել սակագների մասին կանոններում, փոխվել են առևտրի ընդհանուր կանոնները, ինչպես նաև շուկայում անդամության և մասնակցության կանոնները:

«Տվյալ պահին գրանցման համար մենք Կենտրոնական բանկ կանոնների տվյալները և փաստաթղթերը տրամադրելու փուլում ենք գտնվում և ակնկալում ենք, որ առևտրային և ֆինանսական գործիքներն ուժի մեջ կմտնեն արդեն 2009-ի տարեվերջին, ինչը թույլ կտա հայտարարել նոր պահանջված հարթակի բացման մասին»,- ասաց Մելիքյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև