ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի գործարքների ծավալը նոյեմբերին 38,4 մլն դրամ է կազմել

08.12.2009 13:40
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի գործարքների ծավալը նոյեմբերին 38,4 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 2009թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արժեթղթերի գործարքների ծավալի զգալի անկում է գրանցվել:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում արժեթղթերի գործարքների ծավալը նոյեմբերին 38,4 մլն դրամ է կազմել՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 734,3 մլն դրամի դիմաց՝ կրճատվելով 94,8%-ով:

Ընդ որում, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 1,7 մլն դրամ է կազմել կամ 4,4 տոկոս ընդհանուր ծավալից: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը 26,7 մլն դրամ կամ 69,5 տոկոս է կազմել: Ակցիաներով գործարքների ծավալը նոյեմբերին 10 մլն դրամ է կազմել կամ 26,1%:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփիչ տվյալների հիման վրա, ընթացիկ տարվա նոյեմբերին բորսայի առևտրային նստաշրջաններում գործարքները կատարվել են պետական պարտատոմսերով, ինչպես նաև հինգ մասնավոր ընկերությունների ակցիաներով ու կորպորատիվ պարտատոմսերով:

Նոյեմբերի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալի առաջատար է դարձել «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ն: «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա նոյեմբերին ավելի քան 855,3 հազար դրամ է կազմել կամ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալի 50,5 տոկոսը:

Հաշվետու ժամանակահատվածում ակցիաներով գործարքներ են իրականացրել միայն երկու ընկերություններ՝ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն: «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի բաժինը գործարքների ընդհանուր ծավալում 99,9 տոկոս է կազմում կամ 10 մլն դրամ: Ընթացիկ տարվա նոյեմբերին ակցիաներով գործարքների ընդհանուր ծավալը 10 005 500 դրամ է կազմել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) ներկայում Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Այն հանդիսանում է NASDAQ OMX Group, Inc. միջազգային խմբի մաս: Արդեն մոտ մի ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը` հանդիսանալով Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ամտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ պարտատոմսերի, ՀՀ Ֆինանսաների նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պետական պարտատոմսերի, ՌԵՊՈ գործիքների, արտարժույթի առևտուրը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել` ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ: ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ֆոնդային բորսան և Հայաստանի կապիտալի շուկան վերահսկող և կարգավորող մարմինը:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ է 27 ընկերություն, ներառյալ 20 բանկ:

2009թ.-ի նոյեմբերի 30 դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիստինգ են անցել 12 ակցիաներ և 12 կորպորատիվ պարտատոմսեր, իսկ ֆոնդային բորսայի կապիտալիզացումը 55,9 մլրդ դրամ է կազմել: ($1 – 385,01 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև