Մեծ ավանդների ժողովրդայնության գաղտնիքը

24.12.2009 17:52
Մեծ ավանդների ժողովրդայնության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսները, չնայած ճգնաժամին, պահպանում են վստահությունը բանկային համակարգի նկատմամբ և նախընտրում են խնայողությունները պահել ֆինանսավարկային կառույցների հաշիվներում։

Դա պարզ դարձավ արդեն մի քանի ամիս առաջ։ Բայց վերջին ժամանակներս բանկային ծառայությունների շուկայում սկսեցին ֆիքսել նոր միտում՝ խոշոր ավանդների ժողովրդայնության աճ։ Այսինքն՝ 700 հազար ռուբլին գերազանցող դեպոզիտներ, որոնք ամբողջովին փոխհատուցվում են պետության կողմից բանկի սնանկացման դեպքում (պայմանով, որ բանկն ավանդների ապահովագրման համակարգի մասնակից է)։

Թվում էր, թե ճգնաժամային կամ հետճգնաժամային պայմաններում նման բան չպետք է լինի՝ նախորդ աշնան իրադարձություններից վախեցած մարդիկ իրենց դեպոզիտային հաշվի վրա պետք է ունենային առավելագույնը 700 հազար ռուբլի և «մասնատեին» ավանդները, եթե նրանց խնայողությունները գերազանցում են նշված գումարը։ Սակայն իրականում իրադարձություններն այլ կերպ են զարգանում։ Եվ բանկիրները, բացատրելով շուկայում ստեղծված իրավիճակը, մի շարք պատճառներ են բերում։

Դրանցից առաջինն այն է, որ խոշոր ավանդները յուրատեսակ այլընտրանք դարձան կառուցվածքային ֆինանսական գործիքներին, որոնցում նախքան ճգնաժամը սիրով միջոցներ էին ներդնում VIP-հաճախորդները։ Ներկայումս նմանատիպ բանկային «արտադրանքները» բավականին ռիսկային են, հատկապես եթե համեմատենք դրանք ֆիքսված եկամտաբերությամբ դեպոզիտների հետ։ Այդ պատճառով վախը սկսել է հաղթել ագահությանը՝ միջին մակարդակից բարձր եկամուտներ ունեցող հաճախորդները նախընտրում են ավելորդ անգամ ռիսկի չդիմել։

Սակայն, բանկիրների կարծիքով, չարժե հույս ունենալ, որ խոշոր ավանդների համալրման այդ աղբյուրը երկար կգոյատևի։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում իրավիճակի կայունացմանը զուգընթաց «հարուստները» կսկսեն փնտրել նոր բարձր եկամտաբերրությամբ և բարձր ռիսկային ակտիվներ։ Դրա նշանները երևում են արդեն հիմա։ Այսպես, նոյեմբերի արդյունքներով վերջին 15 ամիսների ընթացքում առաջին անգամ արձանագրվել է անհատ ներդրողների միջոցների ներհոսք բաժնետիրական բաց ներդրումային ֆոնդերում։ Անհատ ներդրողների միջոցների հոսք արձանագրվել է նոյեմբերին նաև ինդեքսային ֆոնդերում։ Ներգրավումների ծավալը դրանցում կազմում է 102 մլն ռուբլի։

Շուկայի մասնակիցները կապում են դա այն բանի հետ, որ նոյեմբերին ֆոնդային ինդեքսների աճը թեև մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մնացել է դրական գոտում։ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի (ՄՄԱԲ) ինդեքը նոյեմբերին աճել է 3,86 տոկոսով, իսկ Ռուսաստանի առևտրային համակարգի (ՌԱՀ) ինդեքսը՝ 1,32 տոկոսով։ Զարմանալի չէ, որ առավել «առաջատար» անհատ ներդրողները կրկին ցանկացան ռիսկի դիմել։

Այդ պատճառով բանկերն, ինչպես ընդգծում են վերլուծաբանները, ստիպված են բարձրացնել խոշոր ավանդների տոկոսադրույքները։ Ֆինանսական շուկայի մասնակիցների մեծամասնությունը հատուկ ծրագրեր ունի խոշոր ավանդատուների համար։

Ամենից հաճախ դա տոկոսադրույքների աճող սանդղակն է՝ որքան մեծ գումար է հաճախորդը ի պահ տալիս որպես ժամկետային ավանդ, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում նրա դեպոզիտում։ Սովորական դեպոզիտների դրույքների աստիճանական նվազման ֆոնի ներքո (մինչև 700 հազար ռուբլի) նման առաջարկն ավելի գրավիչ է թվում, և զարմանալի չէ, որ մարդիկ ձգտում են դրանից օգտվել։

Հարկ է նշել նաև, որ խոշոր գումարների ավանդներ այժմ կատարում են ոչ միայն «VIP» կարգի հաճախորդները։ Ռուսական բանկային շուկայի ևս մեկ հետճգնաժամային նոր միտումն այն է, որ 700 հազար ռուբլի գումարը գերազանցող դեպոզիտներ են սկսել բացել նաև «հասարակ մահկանացուները»։

Վերլուծաբանները բացատրում են սա ճգնաժամի հետևանքով փոփոխված սպառման մոդելով։ Նախքան 2008 թվականի «թեժ աշունը» ռուսաստանցիները նախընտրում էին չկուտակել խնայողություններն, այլ ծախսել սեփական եկամուտները տարբեր, այդ թվում՝ երկարատև օգտագործման ապրանքների ձեռք բերման համար, նաև փոխառությունների միջոցով։ Ճգնաժամը ստիպեց նրանց հրաժարվել դրանից։

Արդյունքում, չնայած կրճատված եկամուտներին, որոշ մարդիկ կարողացան կուտակել զգալի գումարներ, ովքեր իրավիճակի կայունացման նշանների ի հայտ գալու դեպքում տարան այդ գումարները բանկեր բավականին բարձր տոկոսներով։ Հատկապես բարձր, եթե խոսքը 700 հազար ռուբլին գերազանցող գումարների մասին է։

Իսկ ռիսկե՞րը։ Քաջ հայտնի է, որ պետությունը 100 տոկոսով փոխհատուցում է միայն որոշակի չափի ավանդները։ Խոշոր ավանդատուներն, այսպիսով, իրենց վրա են վերցնում լրացուցիչ ռիսկերը ֆինանսավարկային կառույցի սնանկացման դեպքում։

Ամենայն հավանականությամբ, դա նրանց չի վախեցնում։ Նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուսական իշխանությունները թույլ չեն տա, որ փլուզվի որևէ ֆինանսավարկային կառույց, հենց դրանցում է 700 հազար ռուբլին գերազանցող ավանդների հոսքը։ Եթե ժամանակին ձեռնարկատիրության վերակազմավորման մեխանիզմի միջոցով փրկեցին շուկայում չափով և մասնաբաժնով համեստ այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Յարսոցբանկը կամ Զարգացման Ռուսական բանկը կամ Բաշինվեստբանկը, ապա «ԹՕՓ-30», «ԹՕՓ-50» կամ նույնիսկ «ԹՕՓ-100» հսկաները մտահոգվելու կարիք չունեն։ Նրանց անսպասելի անկման համար, փորձագետների կարծիքով, պատճառներ առայժմ չկան։

Այն մասին, որ խոշոր ավանդատուները կողմնորոշվում են շուկայի առաջատարներով (որոնց կփրկեն ամեն դեպքում և ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում), վկայում է ավանդների ապահովագրման գործակալության հետազոտությունը։ Այդ ուսումնասիրությանը համապատասխան՝ ավելի քան 700 հազար ռուբլի ավանդներ ունեցողների առաջատարներն են Խնայբանկը, ՎՏԲ24-ը, Ալֆա Բանկը, Ռայֆֆայզենբանկը, Մոսկվայի բանկը, Պրոմսվյազբանկը, Ռոսսելխոզբանկը, «Ուրալսիբը»։

Միաժամանակ ավանդների աճն այս բանկերում կատարվել է ինչպես առաջին անգամ դեպոզիտային հաշիվներ բացած նոր հաճախորդների, այնպես էլ ավելի փոքր վարկային կազմակերպությունների հաճախորդների միջոցների հոսքի հաշվին։ Տարածաշրջանային բանկերում ավելի քան 1 մլն ռուբլի ավանդների մասնաբաժինը կրճատվել է 34,6 տոկոսից մինչև 32,3 տոկոս։ Բազմամասնաճյուղային ցանցային և օտարերկրյա բանկերում պատկերն այլ է՝ այստեղ սկզբունքորեն ներգրավված ավանդների ծավալների արագ աճ է գրանցվում, իսկ աճի 61,4 տոկոսը բաժին է ընկնում ավելի քան 700 հազար ռուբլի դեպոզիտներին։

Խոշոր ավանդները, բանկերի համար իրենց ողջ գրավչությամբ հանդերձ, ունեն նաև հակառակ կողմ. դրանց հեռանալը (բանականաբար, հաճախորդի հետ միասին) կարող է բանկի համար տհաճ հետևանքներ ունենալ։ Եվ եթե շուկայի առաջատարները՝ նույն Խնայբանկը, ՎՏԲ24-ը կամ Ալֆա Բանկը, կարող են դա հեշտությամբ հաղթահարել, ապա մանր կամ միջին ֆինանսավարկային կառույցների համար հարուստ հաճախորդի «դավաճանությունը» կարող է ճակատագրական դեր խաղալ։

Գաղտնիք չէ, որ ռուսական շուկայում կան բանկեր, որոնց պասիվները ձևավորվել են մի քանի VIP-հաճախորդների դեպոզիտների հաշվին։ Նման ավանդների հետկանչումը կարող է հարցականի տակ դնել բանկի կողմից ԿԲ նորմատիվների կատարումը և ֆինանսավարկային ձախորդ կառույցի ողջ հետագա կյանքը։

Անաստասիա Սկոգորևա, Ազգային բանկային ամսագրի (ԱԲԱ) գլխավոր խմբագիր, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև