Արթուր Ջավադյան

27.12.2009 20:02
Արթուր Ջավադյան

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պատասխանները armbanks.am կայքում անցկացված օն-լայն ասուլիսի հարցերին

1. Դուք արդյոք սխալ համարու՞մ եք 2003 թվականի վերջին Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի ոսկու պաշարը կազմող շուրջ 1,5 տոննա ծավալով բանկային ողջ ոսկու իրականացրած վաճառքը՝ տրոյական ունցիայի դիմաց 380 դոլարից քիչ ավելի գնով։ Արդյո՞ք ԿԲ-ն, այժմ արդեն Ձեր ղեկավարության ներքո, շարունակում է այն կարծիքն ունենալ, որ սեփական պաշարները համալրելու համար ոսկի գնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ա. Ջավադյան. 2003 թ-ի գործարքը հաջող էր, քանի որ այն վնասաբեր չէր, այլ շահութաբեր: Որոշումները պետք է գնահատել ոչ թե հետագա, այլ այդ պահին առկա տեղեկատվության հիման վրա:

Առհասարակ, ոսկու վարքագծի վերաբերյալ կանխատեսումներն անելը չափազանց դժվար է: Ոսկին հանդիսանում է ապրանքային շուկայի բարձր տատանողականություն ունեցող ապրանքներից մեկը, ինչը ենթադրում է վերջինիս վերագնահատման արդյունքում մեծ չափերի հասնող եկամուտ կամ վնասի ձևավորումը:

Համեմատության համար նշենք, որ ֆինանսական գործիքների տատանողականությունը մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքերում հարյուր անգամ պակաս է ոսկուց: Այդ է պատճառը, որ թանկարժեք մետաղների առկայությունը կենտրոնական բանկերի պահուստներում հանգեցնում է վերջիններիս չափերի տատանողականության շոշափելի աճին: Բացի դրանից, ոսկով ներդրումների եկամտաբերությունը պահպանվում է խիստ ցածր մակարդակի վրա:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Կենտրոնական բանկն ընդհանրապես չի բացառում ոսկին որպես ակտիվ, սակայն խնդրին պետք է մոտենալ առավել համապարփակ համատեքստում: Փոքր միջազգային պահուստներ ունեցող երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության համար վերոնշյալ հանգամանքները ունեն մեծ նշանակություն և այդ իսկ պատճառով միջազգային պահուստներում ոսկին բացակայում է:

2. Դուք չե՞ք կարծում, արդյոք, որ մինչև 3 տոկոս սղաճի նպատակային մակարդակն ավելի լավ էր ապահովում սղաճային ակնկալիքների կայունացումը, քան ներկայիս 4 (±1.5) տոկոսը։ Եվ նախատեսվու՞մ է, արդյոք, նվազեցնել սղաճի նպատակային ցուցանիշը հարջորդ տարիների ընթացքում։

Ա. Ջավադյան. Հայաստանի կառավարության միջնաժամկետ ծրագրերի հիմքում ընկած սղաճի միջնաժամկետ նպատակային ցուցանիշը կազմում է 3 (±1.5) տոկոս։

Նախատեսվում է, որ մոտ ապագայում Կենտրոնական բանկը կվերադառնա նպատակային ցուցանիշի այդ մակարդակին։ Քանի որ ֆինանսական ճգնաժամի պատճառով կառավարությունը ժամանակավորապես հետաձգել է ծախսերի միջնաժամկետ ներկայիս ծրագրի գործողությունը, միայն 2010 թվականի ընթացքում պարզ կդառնա, կանցնի՞, արդյոք, ԿԲ-ն 2011 թվականին 3% (±1.5%) ցուցանիշի, թե՞ կթողնի դա հաջորդ տարիներին։

Ինչ վերաբերում է ներկայիս 4% (±1.5%) նպատակային ցուցանիշին, ապա այն ժամանակավորապես բարձրացվեց 2007 թվականի սկզբին՝ կուտակվող սղաճային ճնշման կապակցությամբ, որը պայմանավորված է առաջարկի գործոնով (հումքային և հիմնական պարենամթերքի միջազգային գները, որոնցից Հայաստանի տնտեսության կախումը, ցավոք, բարձր է)։ Երեքտոկոսոնաց սղաճի անհապաղ ապահովումն այդ պայմաններում կհանգեցներ տնտեսական ակտիվության ճնշման։

3. Ինչպե՞ս կմեկնաբանեիք Հայ ազգային կոնգրեսի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե շուտով տեղի կունենա ազգային արժույթի կտրուկ արժեզրկում՝ նկատի առնելով, որ վերջին ժամանակներս Հայաստանի ԿԲ-ն խոշոր ինտերվենցիաներ է իրականացրել շուկայում՝ դրամի արժեզրկումը զսպելու համար։

Ա. Ջավադյան. ՀՀ Կենտրոնական բանկը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի դեպքում փոխարժեքը շուկայում սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության միջոցով, իսկ ԿԲ-ն կարող է լրացուցիչ պահանջարկ և առաջարկ ստեղծել՝ գնելով կամ վաճառելով արժույթը միայն փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար:

Միաժամանակ փոխարժեքի շուկայում ինտերվենցիաները կարող են տեղի ունենալ և այս, և այն կողմում. ԿԲ-ն ոչ միայն արժույթ է վաճառել, այլ, օրինակ, նախորդ շաբաթ գնել է այն՝ դրամի կտրուկ թանկացումից խուսափելու համար:

Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ ճգնաժամային պատճառներ չի տեսնում հայկական դրամի հնարավոր արագ արժեզրկման համար, կարծում: Տնտեսության հիմնարար ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում փոխարժեքի կտրուկ արժեզրկման նախադրյալներ չկան:

Կարճաժամկետ կտրվածքում փոխարժեքը սովորաբար շեղվում է հավասարակշռումից՝ ելնելով կարճաժամկետ, սպեկուլյատիվ կամ հոգեբանական գործոններից, ինչն էլ վերջերս նկատվում է հայկական շուկայում:

4. Մարտի 3-ից հետո Կենտրոնական բանկը դրամ-դոլար փոխարժեքի տատանումներ էր կանխատեսում 360-380 դրամ միջակայքում՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։ Արտարժութային ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու կարգավորիչը հաջորդ տարի։

Ա. Ջավադյան. Տարվա հաջորդ ամիսների համար արժութային միջին փոխարժեքի կանխատեսումը, որը ԿԲ-ն հրապարակեց մարտին, պայմանավորված էր առանձնահատուկ հանգամանքներով, որոնք կապված էին շուկաների կողմնորոշման և խուճապից խուսափելու անհրաժեշտությամբ։

Արժույթի փոխարժեքի կանխատեսումը չափազանց անշնորհակալ գործ է։ Արժույթի կուրսի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սկսած էկոնոմիկայի հիմնարար ցուցանիշներից (որոնք պայմանավորում են փոխարժեքը երկարաժամկետ ժամանակահատվածում) և վերջացրած առևտրային գործընկերների արժույթի փոխարժեքով (օրինակ՝ եվրո/դոլար կամ ռուբլի/դոլար), ինչպես նաև շուկայի մասնակիցների տրամադրություններով (որոնք ազդում են փոխարժեքի վրա կարճաժամկետ ժամանակահատվածում)։

Քանի որ այդ գործոնները հաճախ փոխվում են, ապա փոխարժեքը կանխատեսել մենք չենք պատրաստվում և խորհուրդ չենք տալիս։

Կենտրոնական բանկը հետևելու է լողացող փոխարժեքի կուրսին նաև 2010թ.-ին: Բանկը արժույթի շուկային կմիջամտի միայն արժույթի կուրսի կտրուկ տատանումները հարթելու անհրաժեշտության դեպքում, երբ հիմնարար հիմքեր չունեցող սպեկուլյատիվ կամ հոգեբանական գործոնները շեղում են կուրսը հավասարակշիռ մակարդակից (երևույթ, որի ականատեսն ենք մենք եղել վերջին ժամանակներս):

5. Կարելի՞ է կարծել, որ Հայաստանը հասել է ճգնաժամի հատակին։ Ինչպիսի՞ք են Կենտրոնական բանկի կանխատեսումները երկրի տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ։ Հայաստանում ճգնաժամի ժամանակաշրջանում իրականացվել են տնտեսության առողջացման և վերականգնման հակաճգնաժամային քայլեր։ Նկատի ունենալով ձեռնարկված միջոցառումները և բարեփոխումները՝ արդյո՞ք Հայաստանը ճգնաժամից ավելի ուժեղ դուրս կգա, քան եղել է մինչև ճգնաժամը։

Ա. Ջավադյան. 2009թ.-ի ընթացքում ԿԲ-ն իր հրատարակումներում բազմաթիվ անգամ նշել է, որ կանխատեսումների համաձայն, հանրապետությունում տնտեսական անկումը կհասնի ամենաբարձր կետին 2009թ.-ի երրորդ կիսամյակում: Ջավադյանը հիշեցրեց, որ 2009թ.-ի հունվար-հուլիսին տնտեսական անկումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասել էր 18,5 տոկոսի:

Սակայն ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված համակարգված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ՝ արդեն օգոստոսին հաջողվեց թևակոխել տնտեսական ակտիվության վերականգնման փուլ և արդյունքում՝ 2009 թ.-ի հունվար-նոյեմբերին գրանցվեց տնտեսական անկման տեմպերի դանդաղում, որը կազմեց 16 տոկոս:

Հայաստանին 2010թ.-ին ոչ մեծ տնտեսական աճ է սպասվում:
Ճգնաժամի ազդեցությամբ բացահայտվեցին հայկական տնտեսության թույլ կողմերը, որոնց մասին բազմիցս խոսել են կառավարությունը, Կենտրոնական բանկն ու միջազգային կազմակերպությունները: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը դրանց թվին դասեց, մասնավորապես, դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, «երկար» փողերի հետ աշխատող ինստիտուտների պակասը, մրցակցային դաշտի անարդյունավետությունը, ինչպես նաև գների թույլ ճկունությունն ու ոչ բավարար գրավիչ ներդրումային միջավայրը:

Մենք լիահույս ենք, որ վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված կառավարության միջոցառումները կտան իրենց դրական արդյունքները՝ ուժեղացնելով տնտեսության դիմադրողականությունն ու մրցունակությունը:

6. Ամփոփեք խնդրեմ 2009 թ. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից անցկացված դրամավարկային քաղաքականության արդյունքները։ Դրամային ի՞նչ քաղաքականություն է մտադիր վարել ԿԲ-ն 2010 թվականին։ Մասնավորապես, ինչպիսի՞ն կլինի քաղաքականությունը վերաֆինանսավորման դրույքի առնչությամբ:

Ա. Ջավադյան. Ճգնաժամի սկզբնական փուլում գների կայունության և ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ համադրումը թույլ տվեց խուսափել ֆինանսական համակարգի ցնցումներից։

Այնուհետև սղաճի չափավոր մակարդակի ֆոնի ներքո անցկացվեց դրամավարկային խթանիչ քաղաքականություն՝ տնտեսական ակտիվության և գների կայունության վերականգնման նպատակով։

Արդյունքում հաջողվեց առավել բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսության վերականգնման համար՝ միաժամանակ պահպանելով գները վերահսկվող մակարդակում։

Համաշխարհային տնտեսության վերականգնման կապակցությամբ կանխատեսվում է համախառն պահանջարկի աստիճանական աճ, հումքային արտադրանքի և պարենամթերքի համաշխարհային գնաճ։ Այդ պայմաններում դրամավարկային քաղաքականությունն ավելի շուտ կզսպի սղաճային ակնկալիքների գեներացիան։

7. Կարո՞ղ եք գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի իրավիճակը 2009 թ.-ին: Որքա՞ն լուրջ է անդրադարձել ճգնաժամը վերջինիս վրա:

Ա. Ջավադյան. 2009 թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՀՀ ֆինանսական համակարգը զերծ մնաց լուրջ ցնցումներից: Ֆինանսական համակարգի կարևորագույն տարր բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 93%-ը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգում սկսեց նկատվել 2008 թվականի չորրորդ եռամսյակում: ՀՀ բանկային համակարգն առաջին հերթին կապիտալիզացիայի բարձր մակարդակի հաշվին, հաջողությամբ դիմագրավեց ճգնաժամը:

Ներկայումս ՀՀ առևտրային բանկերում ռիսկերը գտնվում են կառավարելի շրջանակներում. բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 29% (որը բավականին բարձր է պահանջվող նորմատիվային նվազագույն 12% սահմանաչափից), ընթացիկ և ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 35% և 147% (որոնք դարձյալ բավականին բարձր են պահանջվող նորմատիվային նվազագույն 15% և 60% սահմանաչափերից), արտարժութային բաց դիրքը կազմում է կապիտալի ընդամենը 0.4%-ը:

Իհարկե, պետք է նշել նաև, որ 2009 թվականի ընթացքում բանկային համակարգում նկատվեցին նաև բացասական դրսևորումներ. մասնավորապես փոքր-ինչ վատթարացել է բանկային համակարգի վարկերի որակը՝ ՙստանդարտ՚ դասի (լավորակ) վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 92.6%-ը (տարեսկզբին` 95.6%), սակայն ի համեմատություն այլ երկրների բանկային համակարգերի վարկերի որակի` այս ցուցանիշը բավականին բարձր է:

2009թ. առաջին կիսամյակի ընթացքում և՜ բանկային համակարգը և՜ վարկառուները վարկավորման նկատմամբ ցուցաբերեցին բավականաչափ զգուշություն` առաջ բերելով վարկային շուկայում պասիվացում:

2009թ. երկրորդ կիսամյակից վարկային շուկան էապես աշխուժացավ` ինչին նպաստեցին բանկերի և վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձևավորումը, ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը և պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը (օրինակ Գերմանահայկական հիփոթեքային ծրագրի, ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում տնտեսության կայունացման ծրագրի, Համաշխարհային բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի և այլնի շրջանակներում բանկերի միջնորդությամբ տնտեսության վարկավորում):

Վարկավորման աշխուժությունը բնականաբար փոխկապակցված է նաև տնտեսությունում կայունության դրական միտումների, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց մոտ լավատեսական սպասումների հետ:

Հատկանշական է նաև, որ 2009թ. վարկավորումը գերազանցապես տրամադրվել է իրավաբանական անձանց (հիմնականում փոքր և միջին բիզնեսին), ինչը կոչված է նպաստելու տնտեսական աճին, և վերջին հաշվով նաև բանկային համակարգի շարունակական զարգացմանը:

Արդյունքում 2009թ. արձանագրվել են բանկային համակարգի ակտիվների 25%, վարկերի 11%, պարտավորությունների 29%, ավանդների 35% և կապիտալի 13% աճեր:

8. Սպասվո՞ւմ է արդյոք 2010 թ. հայկական բանկերի միավորում կամ կլանում, համարու՞մ եք Դուք այդպիսի զարգացումը նպատակահարմար և արդյունավետ: Սպասվու՞մ է, արդյոք, նոր բանկերի մուտք:

Ա. Ջավադյան. Կենտրոնական բանկը կողմնակից է ՀՀ–ում բանկային համակարգի մրցակցությունը չխաթարող կոնսոլիդացիային, սակայն այդ գործընթացը պետք է ունենա շուկայական խթաններ և պարտադրված չլինի: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կաջակցենք նման միավորումներին և միաձուլումներին:

Կենտրոնական բանկը դեռևս որևէ պաշտոնական հայտ չի ստացել նոր բացվող բանկի և/կամ գործող բանկերի միավորումների վերաբերյալ: Սակայն չենք բացառում, որ առաջիկայում լինեն բանկերի միավորումներ, քանի որ ֆինանսական շուկայում շրջանառվում են լուրեր հնարավոր միավորումների ուղղությամբ բանակցային գործընթացների վերաբերյալ:

9. Համաձա՞յն եք տարածված այն կարծիքի հետ, որ ճգնաժամը նաև հնարավորություն է երկրի տնտեսության համար՝ ցույց տալու իր կայունությունը և մրցակցային առավելություն ստանալու այլ երկրների նկատմամբ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հնարավորություն տվեց ճգնաժամը Հայաստանի տնտեսությանը։

Ա. Ջավադյան. Ճգնաժամի սկզբնական փուլում մեզ հաջողվեց պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը՝ այս խնդիրն արդյունավետ զուգակցելով գների կայունության ապահովման անհրաժեշտության հետ: Խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունքում 2009 թ.-ի օգոստոսից արդեն գրանցվեց կայուն գների պայմաններում տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնում:

Դա մեզ թույլ է տալիս պնդել, որ մենք ունենք տնտեսական կայունության բավականին մակարդակ և կարող ենք դիմակայել արտաքին ցնցումներին:

Սակայն չպետք է մոռանալ, որ ճգնաժամի հետևանքով բացահայտվեցին նաև հայկական տնտեսության թույլ կողմերը. դրանք են՝ դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, «երկար» փողերի հետ աշխատող ինստիտուտների պակասը, մրցակցային դաշտի անարդյունավետությունը, ինչպես նաև գների թույլ ճկունությունն ու ոչ բավարար գրավիչ ներդրումային միջավայրը: Այս խնդիրներն անհապաղ լուծումներ են պահանջում:

10. Որքանո՞վ են իրական 2010 թ. պետբյուջեում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ ՀՆԱ ծավալը, սղաճը, պետպարտքը։

Ա. Ջավադյան. 2010 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկը պաշտոնական եզրակացություն ներկայացրեց, որից հետևում է, որ մեր կանխատեսումները հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ համընկնում են։

11.  Ինչպե՞ս կբնութագրեիք փոքր և միջին բիզնեսի վարկավորման վիճակը Հայաստանում: Արդյո՞ք վարկավորման պայմանները ձեռնարկատերերի համար բավականաչափ հասանելի են: Ինչպիսի՞ն են փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալները, և ինչպիսի՞ն է պահանջարկը վարկավորման տվյալ տեսակի նկատմամբ:

Ա. Ջավադյան. Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից էապես կարևորվում է փոքր և միջին բիզնեսը:

Այս ոլորտին վարկային միջոցների տրամադրման խնդիրը մշտապես եղել է Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում: Միջազգային ամենատարբեր ծրագրերի հետ բանակցությունները հիմնականում ուղղվել են այս ոլորտի վարկավորման համար միջոցներ ձեռք բերելուն:

Մշտապես գործել են և ներկայումս էլ գործում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղակիորեն կամ բանկերի միջնորդությամբ տրամադրում են վարկեր փոքր և միջին բիզնեսին:

Խոսելով 2009թ. աշխատանքների մասին, կցանկանայի ընդգծել, որ Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ 2009թ. աշխատանքներ են իրականացրել այս ոլորտի վարկավորման ընդլայնման ուղղությամբ:

Մասնավորապես 2009թ. այս ոլորտին զգալի վարկեր են տրամադրվել ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում տնտեսության կայունացման վարկավորման և համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրերի շրջանակներում:

ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում տնտեսության կայունացման վարկավորման ծրագրով բանկերի միջնորդությամբ արդեն իսկ տրամադրվել են մոտ 39 մլրդ դրամի չափով վարկեր:

Համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում ընտրվել են 8 միջնորդ առևտրային բանկեր, որոնցից 6-ն այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ տեղաբաշխել են ընդհանուր 2.5 մլրդ դրամի չափով վարկեր: Նշենք, որ այս վարկի պայմանների գրավչությունը փոքր ինչ զիջում էր վերոնշյալ կայունացման ծրագրի վարկի պայմաններին, սակայն ԿԲ և Համաշխարհային բանկի համատեղ իրականացրած աշխատանքների արդյունքում կատարվել են վարկի պայմանների մի շարք բարելավումներ, որի արդյունքում 2010 թվականին սպասվում է այս ծրագրով տրամադրված վարկերի ծավալների աճ:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ վերոնշյալ ծրագրերը ունեցել են լոկոմոտիվի էֆեկտ՝ այս ծրագրերի իրականացման ժամանակաշրջանում բանկերում էապես աճել են նաև բանկերի սեփական միջոցներով տրամադրվող փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալները: Արդյունքում 2009թ. բանկային համակարգի վարկային ներդրումների աճը գերազանցապես բաժին է ընկել փոքր և միջին բիզնեսին:

Այնուամենայնիվ ի թիվս բազմաթիվ լուծումների, փաստ է, որ առևտրային բանկերը` ստանձնելով վարկային ռիսկ, ինքնուրույն են գնահատում վարկառուների վարկունակությունը և կայացնում վարկի տրամադրման համար դրական կամ բացասական դիրքորոշում, ըստ որի չի բացառվում, որ բարձր ռիսկային վարկառուների համար վարկերի մատչելիությունը կարող է դրվել կասկածի տակ:

Փաստ է նաև, որ վարկավորման տոկոսադրույքները, չնայած այս տարի փոքր-ինչ (մոտ 1 տոկոսային կետով) նվազել է, սակայն դեռևս մնում է բարձր: Վերջինիս հիմնական խոչընդոտը բանկերում մասշտաբի էֆեկտի բացակայությունն է, որը սակայն հետզհետե բարելավման միտում ունի` պայմանավորված ակտիվների կայուն աճի պայմաններում բանկերի խոշորացման փաստով:

ՓՄՁ վարկավորման ծավալները ներկայումս կազմում են վարկային պորտֆելի առնվազն 30%-ը: Այս վարկերի պահանջարկը բավականին բարձր է: 2010թ. Կենտրոնական բանկը կշարունակի փոքր և միջին բիզնեսին ուղղված միջոցառումները, մասնավորապես այս ոլորտի վարկավորման նպատակով տարբեր ծրագրերի ընդգրկման և իրագործման ուղղությամբ:

12. 2009թ. ՀՀ-ում ստեղծվել է ֆինանսական հաշտարարի ինստիտուտը: Ինչպե՞ս եք գնահատում տվյալ ինստիտուտի գործունեությունը: Արդյո՞ք այն իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Ա. Ջավադյան. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը արտադատական պրոֆեսիոնալ մի ինստիտուտ է, որը զբաղվում է ֆինանսական ծառայություն մատուցող կազմակերպությունների դեմ բողոք ունեցող սպառողների բողոքների անվճար, արագ և արդյունավետ քննմամբ:

Այս կառույցի բացակայության դեպքում հաճախորդները ստիպված կլինեին դիմել ընդհանուր կամ արբիտրաժային դատարան, որը ինչպես գիտենք, ժամանակատար և բավականին ծախսատար գործընթաց է սպառողի համար: Այս առումով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը առանձնահատուկ է իր նշանակությամբ:

Ընդհանուր առմամբ, 2009 թվականը կարելի է համարել Հաշտարարի գրասենյակի կայացման և հանրությանը ներկայացման տարի:

Գրասենյակը ստեղծել է համագործակցության հիմքեր ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և միջազգային կառույցների հետ: Դա շատ կարևոր քայլ էր տեղեկատվության և փորձի արագ ու արդյունավետ փոխանակման տեսանկյունից:

Այսօր, զգալի թվով ֆինանսական կազմակերպություններ կնքել են Հաշտարարի հետ համագործակցության և Հաշտարարի որոշումները դատարանում չվիճարկելու պատրաստակամության համաձայնագիր: Համագործակցության կապեր են հաստատվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների և մի շարք երկրների ֆինանսական հաշտարարների հետ:

2009թ. կարևորագույն խնդիրներից էր նաև Հաշտարարի գրասենյակի գործունեության լուսաբանումը, սպառողներին իրենց իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը: Այս առումով զգալի միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես գովազդային և լուսաբանող արշավ է նախաձեռնվել, այցեր են կազմակերպվել ՀՀ բոլոր մարզեր, սեմինարներ են անցկացվել հանրության ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար:

Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը, Հաշտարարի գրասենյակ դիմել են 2009թ. մոտ 380 սպառող: Վերջիններիցս 55 գործ ընդունվել է Հաշտարարի կողմից քննության: Նման մեծ շեղումը պայմանավորված է հանրության դեռևս ցածր իրազեկվածությամբ. հաշտարարին դիմում են ամենազանազան հարցերով, որոնց շատերի դիտարկումը դուրս է Հաշտարարի իրավասություններից: Քննարկված գործերի 70%-ի վերաբերյալ Հաշտարարի կողմից ընդունվել է հօգուտ հաճախորդի կամ ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև հաշտեցման որոշում:

13. Հայաստանի` ռեգիոնալ ֆինանսական կենտրոն դառնալու բավականին ամբիցիոզ գաղափարի վերաբերյալ արդեն բավականին երկար ժամանակ է ոչ ոք չի խոսում: Արդյո՞ք տարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ, կատարվու՞մ են քայլեր: Արդյո՞ք ճգնաժամը անդրադարձել է այդ նախագծի իրականացման վրա:

Ա. Ջավադյան. Ներկայումս Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու ուղղությամբ աշխատանքները շարունակական փուլում են: Ըստ էության որպես առաջնային քայլ ենթադրվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը, օրենսդրական և կանոնակարգման դաշտի ինտեգրումը միջազգային ստանդարտներին:

Այս ուղղություններով աշխատանքները բավականին արդյունավետ ընթացքի փուլում են: Ենթակառուցվածքների համատեքստում 2009թ. կարևոր ձեռքբերում է եղել Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը և սպառողների շահերի պաշտպանության համակարգի օրենսդրական հիմքերի վրա ներդրումը, իսկ կանոնակարգման դաշտում` համապատասխանեցումը Եվրոդիրեկտիվներին և Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտներին (IFRS):

Տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու համատեքստում ներկայումս իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ, աշխատանքներ են տարվում միջազգային տարբեր կառույցների հետ:

Սակայն անկեղծության համար նշենք, որ ներկա ճգնաժամային պայմաններում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում ֆինանսական համակարգը կարելի է ասել որոշակի առումով գտնվում է պարալիզացված կամ սպասողական վիճակում: Հետճգնաժամային կայունացումից հետո ավելի ակտիվ կիրականացվեն այս լայնածավալ և փուլային գործընթացները:

14. Ինչպիսի՞ն է վարկերի վերադարձելիության իրավիճակը:

Ա. Ջավադյան. 2009թ. ճգնաժամի հետևանքով տարվա ընթացքում վարկերի որակի վատթարացում արձանագրվեց, ըստ որի դասակարգված կամ վատորակ վարկերի կշիռը հասավ ընդհանուր վարկերի մինչև 10%-ի:

Սակայն տարեվերջին տնտեսության դրական զարգացումների հետ նկատվեց նաև վարկերի որակի լավացում: Ներկայումս դասակարգված (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասի) վարկերի կշիռը ընդհանուրում կազմում է 7.4%: Տարեսկզբին այս ցուցանիշը եղել է 4.4%:

Համեմատության համար, սակայն նշենք, որ այլ երկրների բանկային համակարգերում այս ցուցանիշը հիմնականում գտնվում է 8%-ից բարձր մակարդակում (օրինակ Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Վրաստանում գտնվում է 8-11%-ի շրջանակներում, իսկ Ուկրաինայում, Ղազախստանում` ավելի բարձր):

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ կառավարութան հետ համատեղ իրականացնում է նորաստեղծ ընտանքիներին մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծի մշակման աշխատանքները:

Վերջինս նախատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում նորաստեղծ ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու շուկայականից ավելի ցածր տոկոսադրույքով և նվազագույնը 10 տարի ժամկետով հիփոթեքային վարկեր:

Ներկայում աշխատանքներ են իրականացվում առանձնացված միավորի ստեղծման ուղղությամբ, որը պատասխանատու է լինելու ծրագրի իրականացման համար: Բացի այդ աշխատանքներ են տարվում հնարավորինս արդյունավետ աջակցության մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Ըստ նախնական գնահատականների ծրագրի իրականացման համար առանձնացված միավորը կստեղծվի մինչև 2010 թվականի առաջին կիսամյակի ավարտը, որից հետո կսկսվի ծրագրի իրագործումը:

15. Ինչու՞ հայկական բանկերը չեն իրազեկում բնակչությանը (կամ իրազեկում են ոչ պատշաճ կերպով) դեպոզիտների տոկոսադրույքների փոփոխության մասին։
Ա. Ջավադյան. 2009 թվականի հունվարից Հայաստանում ուժի մեջ մտավ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքը, որով կարգավորվում է բանկերի կողմից քաղաքացիների ներգրավված ավանդների, դրանց գովազդի մասին տեղեկատվության տրամադրման կարգն ու պայմանները, ավանդների տոկոսադրույքների հաշվարկման, ինչպես նաև ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարգը։

Ավելին, ընդունվեց «Բանկերի և ավանդատուների, վարկատուների և սպառողների միջև հաղորդակցության կարգի, պայմանների, ձևերի և նվազագույն պահանջների մասին» կանոնակարգը, որին կարելի է ծանոթանալ Հայաստանի ԿԲ պաշտոնական կայքում՝ www.cba.am։Կանոնակարգի համաձայն՝ մանրամասն կարգավորվում է մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կնքման և գործունեության ընթացքում բանկի և հաճախորդի միջև հաղորդակցվելու կարգը։ Կանոնակարգին համապատասխան՝ բանկի կողմից պարտադիր տրամադրվող տեղեկատվության միակողմանի փոփոխման դեպքում հաճախորդը պարտավոր է իրազեկված լինել վերջինի մասին տվյալ որոշման ուժի մեջ մտնելուց յոթ աշխատանքային օր առաջ։

Մյուս դեպքերում (եթե փոփոխությունները կապված չեն անմիջականորեն տվյալ բանկի հետ, օրինակ, եթե տոկոսադրույքը լողացող է և կապված է Կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի հետ, և բանկը նախապես չէր կարող տեղեկացված լինել այդ փոփոխության մասին) տեղեկատվությունը կարող է տրամադրվել բանկի կողմից իրազեկումից յոթ օր հետո։

Իսկ եթե բանկը չի իրազեկում իր ավանդատուներին, ապա նման դեպքերում Հայաստանի ԿԲ-ն վերահսկողության անցկացման ժամանակ համապատասխան պատժամիջոցներ է կիրառում։

Հաճախորդն, իր հերթին, խախտված իրավունքների վերականգնման համար կարող է դիմել ֆինանսական հաշտարարին։

16. Հայաստանի կառավարությունը նախատեսում է երկարաժամկետ հիփոթեքային վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին շահավետ պայմաններով։ Կպատմե՞ք ավելի մանրամասն դրա մասին։

Ա. Ջավադյան. ՀՀ կենտրոնական բանկը՝ ՀՀ կառավարութան հետ համատեղ, իրականացնում է նորաստեղծ ընտանքիներին մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման՝ սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծի մշակման աշխատանքները:

Վերջինը նախատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում նորաստեղծ ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու շուկայականից ավելի ցածր տոկոսադրույքով և նվազագույնը 10 տարի ժամկետով հիփոթեքային վարկեր:

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում առանձնացված միավորի ստեղծման ուղղությամբ, որը պատասխանատու է լինելու ծրագրի իրականացման համար: Բացի այդ աշխատանքներ են տարվում հնարավորինս արդյունավետ աջակցության մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Ըստ նախնական գնահատականների՝ ծրագրի իրականացման համար առանձնացված միավորը կստեղծվի մինչև 2010 թվականի առաջին կիսամյակի ավարտը, որից հետո կսկսվի ծրագրի իրագործումը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև