Հայաստանի տնտեսությունը վերջնականապես ոտքի կկանգնի 2012 թվականին

26.01.2010 13:58
Հայաստանի տնտեսությունը վերջնականապես ոտքի կկանգնի 2012 թվականին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

ԱՌԿԱ. Պրն Ճզմաչյան, ինչպե՞ս եք գնահատում «Անելիք Բանկի» և Լիբանանի Credit Bank-ի միջև ռազմավարական դաշինքը: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այդ դաշինքի շրջանակներում:

Ս. Ճզմաչյան. Այժմ Credit Bank-ի և «Անելիք Բանկի» ղեկավարության միջև միավորման գործընթաց է ընթանում: Մեր փոխհարաբերությունների միավորում, հաշվեկշիռների, զուտ մարդկային հասկացությունների միավորում, աշխատանքների միավորում:

Ընթանում է փոխըմբռնման խորացման գործընթացը: Դա ամենակարևոր պահն է, քանի որ ես միշտ կարծել եմ և կարծում եմ, որ ոչ միայն աշխատանքում, այլ նաև կյանքում գլխավորը մարդկային փոխհարաբերություններն են, և այդ փոխհարաբերությունները պետք է այնպիսին լինեն, որ աշխատանքն առաջ ընթանա: Անկեղծ ասած, ի դեմս լիբանանյան Credit Bank-ի ղեկավարության և սեփականատիրոջ՝ մենք գտանք այնպիսի մարդկանց, ովքեր մեզ հասկանում են և մենք էլ նրանց ենք հասկանում, քանի որ մենք շատ ընդհանուր բան ունենք: Լիբանանցիները քրիստոնյաներ են, և մեր կենսաձևը նրանց շատ հարազատ է:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն է «Անելիք Բանկի» ցուցանիշների հետ կապված իրավիճակը:

Ս. Ճզմաչյան. Այսօր արդեն կարելի է փաստել, որ ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ՝ կապված «Անելիք Բանկի» հիմնական ցուցանիշների հետ: Չնայած այն հսկայական դժվարություններին, որոնք լցվեցին մեր տնտեսության, ողջ բանկային համակարգի և մասնավորապես «Անելիք Բանկի» վրա այն տեսակետից, որ տնտեսության իրավիճակի վատթարացումը հանգեցրեց վարկերի չվճարումների, ինչն իր հերթին բանկերում առաջացրեց չվճարումների բավականին մեծ տոկոս, այնուամենայնիվ, Հայաստանի բանկային համակարգը, և դա գովեստի խոսքեր չեն, մի քայլ առաջ շարժվեց: Սա շատ հետաքրքիր գործոն է:

Հարկ է նշել, որ այս տարիների ընթացքում շատ ճիշտ քաղաքականություն են վարել և կառավարությունը, և Կենտրոնական բանկը: Ես նրանց չեմ գովաբանում, այլ փաստում, որ նրանք շատ ճիշտ քաղաքականություն են վարել:

Մի ժամանակ մեզ, այսինքն՝ բանկային համակարգին, քննադատում էին ավելորդ լիկվիդայնության առկայության պատճառով: Սակայն, ինչպես տեսնում եք, հենց այդ ավելորդ լիկվիդայնությունը նպաստեց, որ երբ նույնիսկ հսկայական տնտեսական և էներգետիկ ներուժ ունեցող երկրներում, ինչպիսին են Ռուսաստանը, Ուկրաինան, բազմաթիվ եվրոպական երկրներ, ողջ աշխարհում հազարավոր բանկեր էին փլուզվում, հայկական ոչ մի բանկի հետ նման բան տեղի չունեցավ, և ես գրեթե համոզված եմ, որ տեղի չի ունենա:Այս ամենում մեզ հիմնականում օգնեց լիկվիդայնությունը:

Բացի այդ, գրեթե բոլոր բանկերում հիմնական ցուցանիշներով բավականին մեծ աճ է գրանցվում:

Մասնավորապես՝ բերեմ «Անելիք Բանկի» օրինակը: Եթե բանկի ակտիվները 2008թ.-ի վերջին կազմում էին 36,1 միլիարդ դրամ, ապա այժմ դրանք կազմում են 49,1 միլիարդ դրամ, տրամադրած վարկերը կազմում էին 19,3 միլիարդ դրամ, ապա այժմ դրանք 24,5 միլիարդ դրամ են:

Ըստ ակտիվների, աճը կազմել է գրեթե 35 տոկոս, տրամադրած վարկերով՝ 27 տոկոս: Եթե բանկի արժեթղթերի ներդրումները 2008թ.-ին կազմում էին 1,4 միլիարդ դրամ, ապա այժմ դրանք 2,4 միլիարդ դրամ են, աճը կազմել է 71 տոկոս:

Բանկի կապիտալը 5,6 միլիարդ դրամից հասել է 15 միլիարդ դրամի՝ ավելանալով 2,7 անգամ:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ցուցանիշով 2008թ.-ին մենք ունեինք 6,7 միլիարդ դրամ, այժմ՝ 7,4 միլիարդ դրամ: Այստեղ աճը կազմել է գրեթե 10 տոկոս, սակայն ես շատ եմ գնահատում այդ ցուցանիշը: Եվ դա արժեքավոր է այն պատճառով, որ նույնիսկ ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի բանկերն ու մասնավորապես «Անելիք Բանկը» չկորցրեցին բնակչության վստահությունը: Հաշվի առնենք, որ մենք չավելացրեցինք և նույնիսկ մի փոքր նվազեցրինք ավանդների տոկոսադրույքները: Սակայն ամեն դեպքում նման ավելացումը շատ արժեքավոր է: Դա խոսում է այն մասին, որ 2010 թվականը կարող է այդ տեսակետից ավելի արդյունավետ լինել:

ԱՌԿԱ . Իսկ ինչպիսի՞ն է բանկի եկամուտը:

Ս. Ճզմաչյան – Բնական է՝ բանկի եկամուտը չէր կարող ավելանալ: Գրեթե բոլոր բանկերն ունեն շատ նորմալ, լավ եկամտաբերություն: Սակայն այդ եկամուտները մեծամասամբ դեռ «կերված են» վատ վարկերի պահուստավորմամբ: Սակայն բոլոր այդ վարկերը վերադարձելի են:

Ենթադրենք, որ չվերադարձումը կկազմի 10 տոկոս, սակայն նման վարկերի 90 տոկոսը վերադարձելի են, քանի որ այս ժամանակի ընթացքում և «Անելիք Բանկը», և, իմ կարծիքով, գրեթե բոլոր բանկերը վերցրել են նման գրավներ, որոնք նույնիսկ իրենց արժեքի նվազման դեպքում կարող են փակել ծախսերը, որոնք արվել են բանկերի կողմից տրամադրված վարկերի տեսքով:

Սակայն, այնուամենայնիվ, ըստ հաշվեկշռի՝ մենք ունենք փոքր, սակայն 101 միլիոն դրամի եկամուտ: Մեր հաշվարկներով՝ եթե պահուստավորումը կազմեր նույնքան, որքան 2007 թվականին էր, այսինքն՝ 1 տոկոս, ապա ես միանշանակ համոզված եմ, որ մեր եկամուտը կգերազանցեր 1 միլիարդ դրամը: Նախորդ տարի բանկի եկամուտը կազմել էր 470 միլիոն դրամ:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն է իրավիճակը՝ կապված Անելիք համակարգով դրամական փոխանցումների հետ:

Ս. Ճզմաչյան - «Անելիք» համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տեսակետից մենք զգալի կրճատումներ ունենք: Եթե նախորդ տարի դրանք կազմում էին 1,6 միլիարդ դրամ, ապա այժմ միլիարդից պակաս է: Դա գրեթե 40 տոկոսանոց անկում է, որը կապված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ:

Այժմ «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը գործում է գրեթե 100 երկրում, մասնակցում են շուրջ 200 բանկ և դրամական փոխանցումների 63 հազար կետ:

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում 2009 թվականի արդյունքները: Որքանո՞վ է Հայաստանի բանկային համակարգը հաղթահարում ճգնաժամը:

Ս. Ճզմաչյան – Շատ դժվար է այժմ ինչ-որ բան գնահատել, քանի որ ակտիվների 35 տոկոսանոց աճի, վարկային դրույթների 27 տոկոսանոց աճի, արժեթղթերի ներդրումների 70 տոկոսանոց աճի, բանկի կապիտալի 2,7 անգամ աճի դեպքում 101 միլիոն դրամի եկամուտ ունենալը, իհարկե, շատ վատ է: Այստեղ պետք է արձանագրվի շուրջ 1,5-2 միլիարդ դրամի ցուցանիշ:

Այնուամենայնիվ, հայկական բանկերը չփլուզվեցին համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Հայկական բանկերը ողջ են և ամենակարևորը՝ առողջ: Դա վերաբերում է, բնականաբար, նաև «Անելիք Բանկին»:

Ես սովորություն ունեմ հարցազրույցի ժամանակ խոսել ոչ միայն «Անելիք Բանկի», այլև ողջ բանկային համակարգի մասին, քանի որ մենք փոխկապակցված ենք, և ես չեմ ընդունում, երբ գովաբանում են միայն մեկ բանկի: Մենք այնքան փոխկապակցված ենք, որ եթե հայկական որևէ բանկի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ապա դա կազդի բացառապես բոլոր բանկերի վրա:

Ասում են, որ եթե որևէ մեկը խնդիրներ ունենա, ապա դա լավ է այլ բանկերի համար, մենք ավելի շատ ակտիվներ կունենանք: Ես այդպես չեմ մտածում: Ես կարծել և կարծում եմ, որ 22 թիվը (Հայաստանի բանկերի թիվը) շատ լավ և օպտիմալ թիվ է: Բանկերի նման քանակը մեզ հնարավորություն է տալիս ունենալ խոշոր, միջին և փոքր բանկեր, որոնցից յուրաքանչյուրը գտել է իրեն և գործում է իր մակարդակում: Ինչու՞ պետք է բանկերը միայն խոշոր լինեն, ինչու՞ պետք է միայն փոքր կամ մանր բանկեր լինեն: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ճգնաժամի ժամանակ տեղի կունենա բանկերի միաձուլում, մեկը «կուլ կտա» մյուսին:

Իմ կարծիքով, մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում և չարժե «կուլ» տալ, ուտել, ոչնչացնել միմյանց: Կարծում եմ, որ «Անելիք Բանկը», «Անելիք» համակարգը ունեն իրենց պատմությունը և շատ լավ պատմությունը՝ Հայաստանի բանկային համակարգում: Եվ ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այժմ նաև Լիբանանում, քանի որ արդեն ստեղծվել է Բեյրութ-Երևան-Մոսկվա ֆինանսաբանկային առանցքը, և մենք կարող ենք օգտվել դրանից: Ես սխալ եմ համարում այս ամենը կոտրելը:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ ծրագրեր ունի բանկը 2010 թվականին: Կա՞ն համատեղ նախագծեր գործընկերների, մասնավորապես՝ լիբանանյան բանկի հետ:

Ս. Ճզմաչյան. Այո, նման նախագծեր կան և վերաբերում են խոշոր նախագծերի համաֆինանսավորմանը: Այժմ մենք դա քննարկում ենք մեր հիմնական, գլխավոր գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ: Մենք մտադիր ենք այս տարի, նախապես մինչև առաջին կիսամյակի վերջը, ՎԶԵԲ-ից ստանալ ավելի քան 20 միլիոն դոլար: Մենք նաև փորձում ենք միջոցներ ներգրավել մեր մեկ այլ գործընկերոջ՝ KFW-ի կողմից, որի հետ համագործակցում ենք արդեն 12 տարի:

Ցանկություն կա լիբանանյան Credit Bank-ի միջոցով ընդլայնել «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը դեպի արաբական աշխարհ, հետագայում, ինչու ոչ, նաև դեպի Հնդկաստան և Չինաստան:

Մենք ընթացիկ տարում մտադիր ենք բացել մի քանի մասնաճյուղ: Միգուցե 1-2 մասնաճյուղ Երևանում և ևս այդքան ողջ հանրապետությունում: Մենք մեր առջև նպատակ չենք դնում բացել որքան հնարավոր է շատ մասնաճյուղեր: Կան բանկեր, որոնք նման նպատակներ դնում են: Դա նրանց գործն է, և դա նորմալ է: Սակայն մենք մեր մասնաճյուղերը կառուցում ենք ավելի հիմնավոր, որպեսզի նրանք նմանվեն հենց բանկերի, այլ ոչ թե դրամական փոխանցումների, ստացումների կամ փոխանակման կետերի: Մենք ցանկանում ենք էլ ավելի շատ ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները:

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արժութային շուկայում տիրող իրավիճակը, ինչպե՞ս իրեն կպահի հայկական դրամը, ինչպիսի՞ գնային միջանցքում այն կհայտնվի:

Ս. Ճզմաչյան. Անկեղծ ասած՝ ես միշտ այս հարցի պատասխանն անշնորհակալ գործ եմ համարել: Քանի որ 100 տոկոսով ոչ ոք ոչ մի բան չի կարող ասել, անգամ՝ ամերիկյան Դաշնային պահուստային ծառայության նախագահը: Ես ավելի լավ է վերաձևակերպեմ հարցը՝ ինչպե՞ս ես կցանկանայի, որ իրեն պահեր հայկական դրամը այս տարի: Ես անձամբ կցանկանայի, որպեսզի դոլարի փոխարժեքը նվազեր մինչև 330 դրամի: Քանի որ այն ժամանակահատվածում, երբ դրամը կտրուկ անկում ապրեց, գրեթե բոլոր բանկերը շատ բան կորցրեցին դոլարային արտահայտմամբ և կցանկանային դա վերադարձնել: Մենք մեր գործընկերներից դոլարով միջոցներ ենք ստացել և միանգամից վերածել դրամի ու շատ բան կորցրել:

ԱՌԿԱ – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակը 2010 թվականին: Ասում են՝ մենք անցանք հատակից:

Ս. Ճզմաչյան – Ես կարծում եմ, որ մենք միգուցե և հատակում ենք, սակայն հատակին գտնվելը դեռ մի քիչ էլ կտևի: Ես նկատի ունեմ ընթացիկ տարվա հունվարից մինչև մայիսը ներառյալ: Շատ երկրների տնտեսություններ ունեն սեզոնային բնույթ, և Հայաստանը ևս հեռու չէ դրանից, այդ պատճառով ես կարծում եմ, որ դժվարին կլինեն հունվարից-մայիս ընկած ամիսները: Դրանից հետո մենք արդեն կամաց-կամաց կբարձրանանք: Կարծում եմ՝ դա կտևի մինչև 2011 թվականի վերջը, և 2012 թ.-ին մենք արդեն ամբողջովին ոտքի կկանգնենք:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև