Ո՞ւր կլողա դրամի փոխարժեքը 2010թ.-ին

27.01.2010 19:27
Ո՞ւր կլողա դրամի փոխարժեքը 2010թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ /. 2009 թվականը, որը նշանավորվեց ավելի ուժգնացող գլոբալ ֆինանսական ճգնաժամով, լուրջ փորձություն դարձավ հայկական տնտեսության համար: Վեճերն այն մասին, թե ճգնաժամն ինչպես է անդրադարձել երկրի վրա, մինչև այժմ չեն դադարում: 

Գնահատականներն, իհարկե, շատ հակասական են: Իշխանությունների կարծիքով, ամենավատն արդեն հետևում է, և հայկական տնտեսությունը պատվով է դուրս եկել ճգնաժամի ակտիվ փուլից: Ըստ ընդդիմության ու մի շարք փորձագետների, ճգնաժամը շարունակվում է, և դրա հետևանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին:

Ցանկացած պետությունում տնտեսության հիմնական ցուցիչներից և մակրոտնտեսական կարևորագույն ցուցանիշներից մեկն ազգային արժույթն է, Հայաստանի դեպքում՝ դրամը: Եթե արժույթի փոխարժեքը կայուն է, ապա կայուն է նաև պետության տնտեսությունը:
Հայաստանում 2009թ.-ի մարտի 3-ից լողացող փոխարժեքին վերադառնալու մասին ԿԲ որոշմամբ դրամն ազատ լողի են բաց թողել: ԿԲ մասնագետների գնահատականով, լողալու անվտանգ ուղին սպասվում էր ամերիկյան մեկ դոլարի դիմաց 360-380 դրամի միջանցքում:

Ընդ որում, ԿԲ փորձագետներն ընթացիկ տարում փոխարժեքի հետ կապված ոչ մի կանխատեսում չարեցին, քանի որ, ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ-ն դրամի փոխարժեքի կանխատեսումը 2010թ.-ի համար «վերին աստիճանի անշնորհակալ» գործ է համարում:

Նման մեկնաբանությունն ամեն դեպքում չի բացառում մշտական վեճերի առարկայից որևէ կերպ գլուխ հանելու փորձերը, արդյոք ճիշտ արեց ԿԲ-ն՝ հրաժարվելով սատարել ֆիքսված փոխարժեքը, և ինչպիսին այն կլինի 2010թ.-ին:

Կա՞ արդյոք դրամի լավագույն փոխարժեք

ԿԲ անցումը դրամի լողացող փոխարժեքի չդադարեցրեց ազգային արժույթի փոխարժեքի ձևավորման գործընթացում արժութային միջամտությունների սահմանների մասին վեճերը և չպատասխանեց դրամի հնարավոր լավագույն փոխարժեքի մասին հարցին:
ԿԲ վերադարձը «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը պատճառաբանվեց համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում առևտրի ոլորտում իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաև դեպի երկիր կապիտալի հոսքի տեմպերի իջեցմամբ: ԿԲ-ն չէր կարող ազդել այս օբյեկտիվ գործոնների վրա:

Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսի խոսքերով, հիմնադրամի փորձագետները երկրի իշխանություններին առաջարկել են «լողացող» փոխարժեքի անցնել դեռ 2009 թ.-ի հունվարին: Սակայն, Օմեսի խոսքով, կառավարությունը որոշեց սպասել հասարակության համար անցման հետևանքները նվազեցնելու համար:
ԿԲ ղեկավարության որոշումը ցույց տվեց, որ դրամի փոխարժեքը 2008թ.-ին (շուրջ 310 դրամ՝ 1 դոլարի դիմաց) բավականին խիստ էր գերագնահատված: Երբ ԿԲ-ն վերադարձավ լողացող փոխարժեքին, տեղի ունեցավ հայկական դրամի դիրքերի կտրուկ թուլացում՝ 66,36 կետ ԱՄՆ դոլարի հանդեպ մինչև 372,11 դրամի մակարդակի:

Ֆիքսված բարձր փոխարժեքի քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը պետք է որ խնդիրներ ունենա արժույթի դեֆիցիտի և արտաքին շուկաների հետ: Հայաստանի անցումը արժույթի լողացող փոխարժեքի բխում էր շուկայի զարգացման տրամաբանությունից և ավելի էր համապատասխանում իրականությանը: ԿԲ-ն դրամի արժեզրկում չհայտարարեց, դա հենց անցում էր «լողացող» փոխարժեքի: Իսկ դրանք, այսպես ասած, «տարբեր բաներ են»: Մի՞ֆ է այն, որ արժեզրկումը կնպաստի արտադրության զարգացմանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, ԿԲ-ն պետք է շտապ անցնի դրամի նպատակաուղղված արժեզրկման քաղաքականությանը:

Տնտեսագետն իր տեսակետը պատճառաբանում է նրանով, որ դրամի բարձր փոխարժեքը, որը, նրա խոսքերով, արժեզրկման սկզբնական փուլում պետք է ԱՄՆ մեկ դոլարի դիմաց շուրջ 470 դրամ կազմի, կնպաստի արտադրության զարգացմանն ու արտահանման աճին:

Բագրատյանը համարում է, որ դրամը պետք է արժեզրկել այն մակարդակի, մինչև բիզնեսը սկսի հետաքրքրվել արտահանմամբ: Հայտարարությունը համընկնում է տնտեսության այբբենական ճշմարտությունների հետ, միայն մեկ բացառությամբ: Հազիվ թե փոխարժեքում 150 կամ նույնիսկ 200 դրամի տարբերությունը ներկայիս փոխարժեքի համեմատ արտադրության աճի խթան հանդիսանա: Իսկ ազգային արժույթի անդադար արժեզրկում սկսելը, հույսը դնելով բիզնեսի գիտակից լինելու վրա, երկրի տնտեսության զարգացման լավագույն միջոցը չէ:

Օրինակ, 1998թ.-ի դեֆոլտը Ռուսաստանում և դրան հաջորդած ռուբլու արժեզրկումը, իսկապես հանգեցրեցին նրան, որ ռուբլով ծախսեր կրող ու ապրանք արտահանող ռուսական ձեռնարկությունները մրցունակ դարձան:

Բայց Ռուսաստանն այդ ձեռնարկություններն ուներ, իսկ ռուբլին դոլարի հանդեպ կես տարում ավելի քան 3 անգամ նվազեց (մեկ դոլարի դիմաց 6 ռուբլուց մինչև 21 ռուբլու), այլ ոչ թե մի քանի տասնյակ կետով:

Արտահանման հանդեպ շահագրգռվածությունը մեծացնելն իմաստ ունի, երբ արտահանելու բան ունես: Իսկ ուժեղ արտադրական համալիր ստեղծել ազգային արժույթի արժեզրկման պայմաններում լավագույն սցենարը չէ:

Չմոռանանք նաև բնակչության մասին, որին այնքան էլ դուր չի գա ներկրված ապրանքների գների կտրուկ աճը, որոնք բացարձակ մեծամասնություն են կազմում հայկական շուկայում: Այս պայմաններում չի բացառվում ազգային արժույթում բանկային ներդրումների հետ հոսքը, իրական հատվածի վարկավորման կրճատումը կան ընդհատումը և երկրի տնտեսության երկարատև «քունը»:

Սակայն ողջ վերոնշվածը չի նշանակում, որ ՀՀ տնտեսությունը լուրջ կառուցվածքային ձևափոխումների կարիք չունի: Վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել ներմուծումից կախված տնտեսությունից, գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Ժամանակակից աշխարհում առանձին վերցված երկրում հնարավոր չէ բոլոր տեսակի ապրանքներ արտադրել:

Դրա փոխարեն անհրաժեշտ է գտնել սեփական տեղը համաշխարհային տնտեսությունում (ինչպես դա արեց Ֆինլանդիան իր բջջային հեռախոսների շնորհիվ) և հավասարակշռել արտաքին առևտրի բալանսը:

Ի՞նչ կլինի դրամի հետ 2010 –ին

Ազգային արժույթի փոխարժեքի ձևավորումն իր վրա փորձում է բազմաթիվ գործոնների ազդեցությունը: Դրա հիմքում ընկած է արժույթի գնողունակությունը, որում արտացոլվում են ապրանքների, ծառայությունների, ներդրումների գների միջին ազգային մակարդակները: Փոխարժեքը կախված է նաև սղաճի տեմպից, տոկոսադրույքների մակարդակներում տարբերությունից, վճարման բալանսի վիճակից, ինչպես նաև ազգային արժույթի հանդեպ վստահության մակարդակից:

ԿԲ ներկայացուցիչները, հիմնվելով տնտեսության ֆունդամենտալ ցուցանիշների վրա, չեն նշում ճգնաժամի պատճառները, որոնց դեպքում կարող է տեղի ունենալ հայկական դրամի կտրուկ արժեզրկում: Ինչպես բազմիցս հայտարարել է ԿԲ ղեկավարությունը, Հայաստանը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

Միջամտություններն արժույթի շուկայում լրացուցիչ պահանջարկի կամ առաջարկների ստեղծման ձևով կիրականացվեն միայն միջին ժամկետային կտրվածքով փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար: ԿԲ-ն կհարթի նաև արմատական հիմքեր չունեցող շահարկային կամ հոգեբանական գործոնները, որոնք փոխարժեքը հեռացնում են հավասարակշիռ մակարդակից:

Դրամի փոխարժեքը կհամապատասխանի շուկայի ընթացիկ պատկերին: Փոխարժեքի մեծությունը կորոշի շուկան՝ ելնելով արժույթի ներհոսքի ու արտահոսքի ընդհանուր ծավալներից: 2010թ.-ին համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում, դեպի երկիր տրանսֆերտների ծավալի ավելացմանը այն ժամանակ, երբ հիմքեր են ձևավորվում արժույթի արժևորման համար, ԿԲ-ն, ըստ ամենայնի, այսուհետ ևս կփորձի ֆիքսել դրամը կոշտ շրջանակներում:

Սակայն հարկ է նշել, որ ներկա պայմաններում հայկական իշխանությունները հազիվ թե թույլ տան, որ դրամը լիովին ազատ լողա: Այդ կտրուկ անցումը չափազանց մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ: Բայց կասկածի տակ չի կարող լինել մեկ բան ևս. պետությունն ի զորու չէ, գոնե մոտակա մի քանի տարում, հսկայական միջոցներ ծախսել արհեստականորեն բարձր փոխարժեք պահելու համար:

Բացի այդ աճում է «լողացող փոխարժեքի»՝ որպես Հայաստանի վճարային բալանսի հիմնական կանոնակարգչի, նշանակությունը դրա դեֆիցիտի պայմաններում:
ԱՄՀ փորձագետների տերմիններով ասած, ՀՀ ԿԲ-ն սահմանափակ ճկունության կամ «վերահսկելի լողացող փոխարժեքի» քաղաքականություն է վարելու, որը նշանակում է շուկայում կտրուկ տատանումների հարթում արժութային միջամտության մեթոդով:

Ռաֆայել Տեր-Սարգսյան, «ԱՌԿԱ» գործակալության թղթակից



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև