Բանկերի չբաշխված շահույթը 2009թ.-ին կրճատվել է 43,03 տոկոսով

02.02.2010 14:17
Բանկերի չբաշխված շահույթը 2009թ.-ին կրճատվել է 43,03 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չբաշխված շահույթը, 2009թ.-ի արդյունքներով, կազմել է 15,4 միլիարդ դրամ՝ 2008թ.-ի շուրջ 27 միլիարդ դրամի համեմատ, և կրճատվել է 43,03 տոկոսով կամ 11,6 միլիարդ դրամով:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, երկրում գործող 22 բանկից 18-ն ամփոփել են տարին 17,2 միլիարդ դրամ շահույթով: Նշենք, որ 2009թ.-ին ամենամեծ շահույթը (4,3 միլիարդ դրամ) ապահովել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (2008թ.-ին համեմատ՝ 7,6 տոկոսի անկում):

Երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը, որի շահույթը կազմել է 1,9 միլիարդ դրամ՝ 2008թ.-ի 5,2 միլիարդ դրամի համեմատ (62,7 տոկոսի անկում): Այնուհետև հաջորդում են HSBC-Հայաստան Բանկը՝ 1,7 միլիարդ դրամ (57,6 տոկոսի անկում) և Ամերիաբանկը՝ 1,5 միլիարդ դրամ՝ 2008թ.-ի համեմատ գրանցելով կրկնակի աճ:

Միաժամանակ 2009թ.-ի արդյունքներով չորս բանկ վնասներ են կրել: Այդ չորս բանկերի վնասների ընդհանուր մեծությունը կազմել է 1,8 միլիարդ դրամ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ վեց հայկական բանկեր վնասով են աշխատել, սակայն նրանցից երեքին հաջողվել է շտկել իրավիճակը և ավարտել տարին շահույթի դրական ցուցանիշներով: Այդ բանկերն են ՎՏԲ-Հայաստան բանկը (5-րդ տեղը բանկային համակարգում, 2009թ.-ին շահույթը կազմել է 1,1 միլիարդ դրամ), Հայէկոնոմբանկը (15-րդ տեղ, եկամուտը՝ 173 միլիոն դրամ) և «Անելիք» բանկը (18-րդ տեղ, եկամուտը՝ 101,2 միլիոն դրամ): Միաժամանակ BTA բանկի վնասը 2009 թ.-ի արդյունքներով կազմել է 96,4 միլիոն դրամ՝ 2008թ.-ի 1393,5 միլիոն դրամ վնասի համեմատ:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 391 մասնաճյուղ: (1 դոլարը 376,03 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև