ՀՀ ապահովագրական շուկան պարտադիր ապահովագրման է պատրաստվում

04.02.2010 12:12
ՀՀ ապահովագրական շուկան պարտադիր ապահովագրման է պատրաստվում

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ». Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինչպիսի՞ն են ապահովագրական շուկայի զարգացման միտումները Հայաստանում, և ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի ապահովագրական շուկան 2010 թվականին:

Լ. Մամիկոնյան. Հայաստանի գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների 2009թ.-ի գործունեության արդյունքներն արդեն ամփոփվել են, և ի զարմանս մեզ՝ իրավիճակը շատ ավելի լավ է, քան մենք սպասում էինք: Այսպես, 2009թ.-ին ապահովագրական շուկայի անկումը կազմել է ընդամենը 3 տոկոս: Առաջին հերթին, մենք գնահատում ենք շուկան ըստ ապահովագրավճարների գծով ծախսերի հավաքագրման, որոնց հաշվին կարելի է սահմանել բնակչությանն ու տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների մեծությունը:

Եթե 2008թ.-ի 9 ամիսների ընթացքում ապահովագրավճարների գծով ծախսերի հավաքագրումը կազմել է շուրջ 6 միլիարդ դրամ, ապա 2009թ.-ի նույն ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 5,8 միլիարդ դրամ, այսինքն կրճատումն աննշան էր:

Մի կողմից, իհարկե, կրճատվել են ունեցվածքի և տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների գծով ծախսերի հավաքագրման ծավալները, և դա, ընդհանուր առմամբ, կապված է բանկային վարկավորման ծավալների սառեցման կամ կրճատման հետ:

Եթե 2008թ.-ի երեք եռամսյակների ընթացքում տրանսպորտային միջոցների ապահովագրումը (ապահովագրավճարների գծով ծախսերի հավաքագրում) կազմում էր շուրջ 1 միլիարդ 500 միլիոն դրամ, ապա 2009թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 820 միլիոն դրամ, այսինքն տրանսպորտային միջոցների ապահովագրման գծով ցուցանիշը գրեթե կրկնակի անգամ նվազել է:

Մյուս կողմից, 2009թ.-ին ապահովագրման շուկա մուտք գործեցին մի քանի խոշոր տնտեսվարող սուբյեկտներ, հայտարարվեց մի քանի մրցույթ, և իրավիճակը բավականին հարթվեց, հատկապես՝ մի շարք հեռահաղորդակցական ընկերությունների, նրանց ունեցվածքի և աշխատակիցների ապահովագրման շնորհիվ: Այդ պատճառով ճգնաժամի պայմաններում 2009թ.-ի երեք եռամսյակների ընթացքում շուկայի ծավալը կրճատվել է ընդամենը 3 տոկոսով:

Ես կարծում եմ, որ Հայաստանի ապահովագրական շուկայի իրավիճակը 2010 թվականին էականորեն չի փոխվի: Մենք գրեթե չունենք այսպես կոչված համակարգաստեղծ հաճախորդներ, այնպիսին, ինչպիսինն է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունն է, որին բաժին է հասնում ապահովագրավճարների գծով ծախսերի հավաքագրման շուրջ 30 տոկոսը, որոնք կարող էին այս տարի ապահովագրվել:

Կան մի քանի խոշոր, այսպես կոչված ֆրոնթինգային պայմանավորվածություններ, (ֆրոնթինգը ընկերության ապահովագրության ձևակերպում է, որը ռիսկը փոխանցում է մեկ այլ ապահովագրողի. «ԱՌԿԱ»), որոնք ամեն տարի պարտադիր վերակնքվում են: Սակայն ընդհանուր առմամբ եթե 2010թ.-ին պարտադիր ապահովագրում չներդրվի, ապա ես կարծում եմ, որ շուկայի ցուցանիշները գրեթե նույնը կմնան:

«ԱՌԿԱ». Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ Հայաստանում պարտադիր ապահովագրում ներդնելու համար:

Լ. Մամիկոնյան. Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, գործարար միջավայրն ու կենսագործունեության համակարգն այնպիսին են, որ անհնար է գործել առանց ապահովագրման: Հայաստանում այդ խնդիրն այլ կերպ է ներկայացված: Այստեղ առաջին հերթին հարկ է տարբերել այն, որ մի կողմից ներկա իրողությունները թելադրում են պարտադիր ապահովագրման համակարգ ունենալու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից դա պետության պահանջն է: Հասկանալի է, որ երբեք ապահովագրման բոլոր պարտադիր տեսակները չեն կարող միաժամանակ ներդրվել, այդ գործընթացը կրում է աստիճանական, քայլ առ քայլ բնույթ: Այս իմաստով Հայաստանը ևս բացառություն չէ:

Հարկ է նշել, որ ապահովագրման պարտադիր տեսակներն ունեն հարկադիր բնույթ, և այս տեսակետից այն սկզբնական փուլում բացասաբար է ընկալվում հասարակության կողմից, հատկապես թույլ զարգացած կամ զարգացող երկրներում, որտեղ ապահովագրումն այդքան էլ ընդունված չէ:

Այս տեսակետից, իմ կարծիքով, տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը կարող է առաջին քայլը դառնալ՝ պարտադիր ապահովագրման համակարգին անցնելու համար:

Ինչ վերաբերում է ապահովագրման պարտադիր տեսակների ներդրման մեխանիզմներին, ապա դրան հասնելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է ապահովագրական շուկայի կարգավորման մեխանիզմների համալիր, և որ ամենակարևորն է՝ ապահովագրական հասարակությունն ու բնակչությունը պետք է պատրաստ լինեն դրան:

Այս տեսակետից շատ կարևոր է այն, որ ձեռք է բերվել ֆինանսական կայունություն, ավելացել է ապահովագրական ընկերությունների կանոնադիր կապիտալը: 2010թ.-ի հունվարի 1-ից այն կազմում է 1 միլիարդ դրամ, իսկ 2011 թվականից կլինի 1,5 միլիարդ դրամի սահմաններում:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ մեխանիզմներ է կիրառում Ձեր ընկերությունը հաճախորդներին գրավելու համար:

Լ. Մամիկոնյան – Նախևառաջ՝ գովազդ, և այս տեսակետից մեր ընկերությունը Հայաստանի միակ ապահովագրական ընկերությունն է, որը 2008-2009թթ.-ին անընդհատ գովազդի համար գումար է տրամադրել: Այլ մեխանիզմների թվում են ուղղակի շփումները պոտենցիալ հաճախորդների հետ և զարգացած մասնաճյուղային ու գործակալական ցանցի առկայությունը, ինչի ուղղությամբ մենք այժմ աշխատում ենք:

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, այսօրվա դրությամբ որքա՞նով է արդյունավետ պետության աջակցությունը Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացմանը, և ի՞նչ մակարդակի վրա է գտնվում պետության և մասնավոր ընկերությունների միջև համագործակությունը:

Լ. Մամիկոնյան. Հայ ապահովագրողները հիմնականում համագործակցում են Կենտրոնական բանկի հետ, որը կարգավորիչ դեր ունի և վերահսկում է ապահովագրական ընկերությունների գործունեությունը: Այդ ընկերություններն ամբողջովին հաշվետու են, առաջին հերթին, Կենտրոնական բանկին:

Այսօրվա դրությամբ դեռ չկան ուղղակի գործողություններ, ըստ որոնց կարելի է դատել Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացման պետական խթանման մասին: Սակայն ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, ապահովագրման կամավոր տեսակները զարգանում են պարտադիր տեսակների միջոցով: Իմ կարծիքով՝ հենց դա է պետության գերխնդիրը, որը նա պետք է անհապաղ լուծի:

Հուսանք, որ 2011թ.-ին պետությունը կներդնի տրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին առաջին օրենքը: Որպես կանոն, երբ նման օրենք է կիրառվում, և բնակչությունը սկսում է աստիճանաբար հասկանալ ապահովագրական ընկերությունների հետ շփման և դրանց ծառայություններից օգտվելու միջոցով ապահովագրության էությունն ու նշանակությունը, ապա հաջորդ քայլը դառնում է կամավոր ապահովագրման անհրաժեշտության համապատասխան ընկալումը:

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում հաճախակի՞ են դարձել բանկային ռիսկերի ապահովագրման դեպքերը:

Լ. Մամիկոնյան. Առաջին հերթին պետք է նշեմ, որ ֆինանսական ճգնաժամի և բանկերի՝ ապահովագրվելու ցանկության միջև ուղղակի կապ չկա՝ հաշվի առնելով այն, որ ռիսկերը տարբեր են: Չէ՞ որ ապահովագրական ընկերությունները, այդ թվում նաև մեր ընկերությունը չեն ապահովագրում բանկերին սնանկությունից: Գոյություն ունի ռիսկերի որոշակի ցանկ, որոնցից բանկերը կարող են ապահովագրվել, և որքանով ինձ հայտնի է՝ Հայաստանի բանկերի կեսն ապահովագրված է բանկային ռիսկերից: Միաժամանակ ըստ իմ տվյալների, ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է բանկային ռիսկերից հայկական բանկերի հնարավոր պարտադիր ապահովագրման հարցը:

«ԱՌԿԱ». Այսօրվա դրությամբ որքանո՞վ են Հայաստանի ապահովագրական ընկերություններն ապահովագրված խարդախների գործողություններից:

Լ. Մամիկոնյան. Նրանք ապահովագրված են այնքան, որքանով գոյություն ունի խարդախությունը Հայաստանում, որն այսօրվա դրությամբ ցածր մակարդակի վրա է, կրում է եզակի բնույթ: Ապահովագրական ընկերություններն ունեն պաշտպանության որոշակի համակարգ, սակայն եթե խարդախության մակարդակն աճում է, համապատասխանաբար աճում է նաև պաշտպանության մակարդակը:

Անվտանգության ապահովման հարցում մեծամասամբ օգնում է այն, որ մեր երկիրը փոքր է, և նման պայմաններում շատ ավելի հեշտ է ապահովել սեփական շահերի պաշտպանությունը:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության 2009թ.-ի գործունեության արդյունքները:

Լ. Մամիկոնյան. Մեր բոլոր սպասումները 2009թ.-ին արդարացան: Ավելին, մեր ընկերությունն ավարտեց 2009 թվականը շահույթով: Նախորդ տարվա վերջին մաքուր շահույթը կազմել է 66,6 միլիոն դրամ՝ 9 ամիսների տվյալներով 48 միլիոնի համեմատ, «Կասկադ Ինշուրանսի» ակտիվները կազմել են 1,9 միլիարդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 48 տոկոսով, պարտավորությունները՝ 686,5 միլիոն դրամ, իսկ կապիտալը՝ 1,2 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ ծրագրեր է նախատեսում զարգացնել «Կասկադ Ինշուրանս» ընկերությունը 2010 թվականին:

Լ. Մամիկոնյան – 2010թ.-ին մեր ընկերությունը պատրաստվում է մասնակցել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման գործում, և որոշակի աշխատանքներն արդեն սկսվել են: Մեկ այլ կարևոր խնդիր է մեր հաճախորդներին մատուցած ծառայությունների որակի բարձրացումը, ապահովագրման նոր տեսակների մշակումը, ինչպես նաև ողջ Հայաստանում գործակալական ցանցի ընդլայնումը և միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Ապահովագրումը միջազգային բիզնես է, և անհնար է այդ ոլորտում աշխատել միայն ներքին տնտեսվարող սուբյեկտների հետ: Այդ պատճառով մեր ընկերությունն իր հիմնադրման առաջին տարվանից (2005 թվական) համագործակցում է միջազգային տարբեր վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «SCOR»-ը (Ֆրանսիա), «Polish Re»-ն (Լեհաստան), Sava Re-ն (Սլովենիա), Munich Re-ն (Գերմանիա), «Ինգոսստրախ»-ը (Ռուսաստան): Մենք ծրագրում ենք այս տարի ընդլայնել այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև