ՀՀ վարկային շուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կզգացվի 2010 թվականին

11.02.2010 11:47
ՀՀ վարկային շուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կզգացվի 2010 թվականին

«Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս է ազդել ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վարկային շուկայի և մասնավորապես ձեր ընկերության վրա:

Ա. Ստեփանյան. Ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, ազդել է ինչպես հայրենական վարկային շուկայի, այնպես էլ մեր ընկերության վրա: Կարծում եմ, որ ճգնաժամային 2009 թվականի բացասական ազդեցությունը կպահպանվի նաև 2010 թվականին: Սակայն նախորդ տարի ցուցանիշների որոշակի աճ, այնուամենայնիվ, գրանցվել է, չնայած այն չես համեմատի նախաճգնաժամային տարվա հետ:

Նախորդ տարվա վարկային ակտիվությունը, մասնավորապես, բիզնես-վարկերի գծով զգալիորեն կրճատվել է, սակայն մեր հոռետեսական կանխատեսումներն, այնուամենայնիվ, չիրականացան: Միաժամանակ նշեմ, որ 2009թ.-ին մեր ընկերությունը մի շարք դեպքերում ստիպված եղավ հրաժարվել վարկերի ստացումից, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք մեր կողմից գնահատվեցին որպես բարձր ռիսկայնություն ունեցող վարկեր:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են «Բլեսս» վարկային կազմակերպության նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշները, և ինչպիսի՞ն է աճի դինամիկան՝ նախորդ տարվա համեմատ:

Ա. Ստեփանյան. Անցած ճգնաժամային տարվա ընթացքում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները հաստատում են աճի որոշակի դինամիկա: Չնայած աճի տեմպերի որոշակի կրճատմանը՝ ընկերության վարկային պորտֆելն ու վարկային պորտֆելի եկամտաբերությունը 2009թ.-ին աճել են:

Մեզ հաջողվեց խուսափել լուրջ կորուստներից: Այսպես, ընկերության վարկային պորտֆելը 2009թ.-ի վերջին կազմել է 2 միլիարդ 507 միլիոն դրամ՝ 2008թ.-ի 1 միլիարդ 800 միլիոն դրամի համեմատ, այսինքն աճը կազմել է 35 տոկոս:

2009թ.-ին գրանցված վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված էր բիզնես-վարկերի ծավալների ավելացմամբ, որոնք կազմում են վարկային պորտֆելի շուրջ 80 տոկոսը: 2009թ.-ին ընկերությունը շուրջ 1,4 միլիարդ դրամի վարկեր է տրամադրել: Այժմ ընկերության հաճախորդների թվում են ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտները:

Ընկերության կանոնադրական կապիտալը 2009թ.-ին չի փոխվել և կազմել է 200,0 միլիոն դրամ, տարեվերջին ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 373,0 միլիոն դրամ: Տարվա արդյունքներով պահուստային ֆոնդը կազմել է 49,4 միլիոն դրամ, ինչը նույնպես բավական լավ ցուցանիշ է:

2009թ.-ին ընկերությունն ուներ նաև որոշակի նորամուծություններ: Մենք սկսեցինք վարկավորում իրականացնել ոսկու գրավադրմամբ:

2009թ.-ի երրորդ եռամսյակում իրականացնելով մարքեթինգային ուսումնասիրություն՝ ընկերությունը որոշում ընդունեց վարկավորում իրականացնել ոսկյա իրերի գրավադրմամբ: Նշեմ, որ այս նախաձեռնությունը, ելնելով աճի միտումներից, բավականին հաջող էր, կարճ ժամանակամիջոցում մեզ հաջողվեց ստեղծել բավականին կայուն և եկամտաբեր վարկային պորտֆել:

«ԱՌԿԱ». Վարկավորման ինչպիսի՞ տեսակներ են առավել մեծ պահանջարկ վայելում հայրենական վարկային շուկայում:

Ա. Ստեփանյան. 2009 թ.-ին առանձնահատուկ «հանրաճանաչություն» էին վայելում, եթե կարելի է այդպես արտահայտվել, սպառողական վարկերը, որոնք փոխառուների մեծամասնությունը փորձում էր ստանալ՝ ժամկետանց պարտքերը մարելու կամ վարկավորման այդ տեսակի համար անընդունելի այլ նպատակների համար:

Բնականաբար, նման դեպքերում եթե ընկերությանը հաջողվել է բացահայտել փոխառուի իրական նպատակը, վարկավորումը չի իրականացվել:

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, ո՞րն է վարկային կազմակերպությունների կողմից վարկավորման գրավչությունը:

Ա. Ստեփանյան - Իմ կարծիքով, չնայած հայրենական շուկայում նկատվող վարկային մրցակցությանը՝ վարկային կազմակերպությունների կողմից վարկավորման հանրաճանաչության հիմնական գործոնը վարկերի տրամադրման գործընթացի օպերատիվությունն է: Վարկավորման պայմանները, տոկոսադրույքները, վարկի տրամադրման գործընթացը գրեթե նույնն են ինչպես բանկային համակարգում, այնպես էլ վարկային կազմակերպություններում: Սակայն ողջ ընթացակարգը և վարկի ձևակերպման ու տրամադրման գործընթացը շահեկանորեն տարբերվում են վարկային կազմակերպություններում:

Երկրորդ կարևոր գործոնը փոխառուի հետ իրականացվող անմիջական աշխատանքն է: Մեր ընկերությունում յուրաքանչյուր փոխառուի հետ առանձին աշխատանք է տարվում, ընկերության աշխատակիցների կողմից փոխառուն ստանում է վարկի այս կամ այն տեսակի գործընթացի, պայմանների և նրբությունների մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

«ԱՌԿԱ». Վարկային ինչպիսի՞ տոկոսադրույքներով է այժմ ընկերությունը վարկեր տրամադրում, և որքանո՞վ է այդ ցուցանիշը փոխվել՝ 2009թ.-ի համեմատ:

Ա. Ստեփանյան. Վարկային շուկայում գործող տոկոսադրույքները գրեթե նույնն են: Բնական է, որ բանկային տոկոսադրույքները, որտեղ վարկավորումը առաջարկվող ծառայությունների լայն շրջանակի տեսակներից միայն մեկն է, աննշան ցածր են: Այժմ ընկերության կողմից 2009թ.-ին սահմանված տոկոսադրույքները պահպանվել են և գրեթե չեն տարբերվում շուկայական տոկոսադրույքներից, օրինակ՝ սպառողական վարկերի տոկոսադրույքները տատանվում են տարեկան 20-24 տոկոսի սահմաններում, դրամով տրամադրվող բիզնես-վարկերի տոկոսադրույքները՝ 17-24 տոկոս:

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, որքանո՞վ են իրական այսօր գործող վարկային տոկոսադրույքները հայ փոխառուների համար:

Ա. Ստեփանյան. Այժմ հայրենական շուկայում առկա է վարկային արտադրանքի մի ողջ տեսականի, և պոտենցիալ հաճախորդը հնարավորություն ունի վարկ ընտրել առավել բարենպաստ պայմաններով: Միաժամանակ կարծում եմ, որ հայրենական վարկային շուկայում գործող տոկոսադրույքները, այնուամենայնիվ, նվազման կարիք ունեն, չնայած՝ վերջին ժամանակներում Հայաստանում նման միտում նկատվում է:

«ԱՌԿԱ» - Այժմ «Բլեսսը» որքա՞ն մասնաճյուղ ունի, և ծրագրու՞մ է, արդյոք, կազմակերպությունը հետագայում ընդլայնվել, եթե այո, ապա ո՞ր ուղղություններով: Դուք մտադրություններ ունե՞ք ձևափոխվելու առևտրային բանկի:

Ա. Ստեփանյան. Այժմ ընկերությունը մասնաճյուղեր չունի: Դեռ վաղ է խոսել նոր մասնաճյուղերի բացման մասին, սակայն 2010 թվականին մենք ծրագրում ենք անցկացնել շուկայի համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն՝ կքննարկվի կամ Հայաստանի մարզերից մեկում, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնաճյուղի բացման հարցը:

Մասնաճյուղում վարկերի տոկոսադրույքներն ու տրամադրման պայմանները կախված կլինեն մրցակցության մակարդակից և այդ պահին վարկային շուկայում տիրող իրավիճակից:

Ինչ վերաբերում է ընկերության վերակազմավորմանը առևտրային բանկի, ասեմ, որ նման գաղափար կար, և որոշակի նախապատրաստական աշխատանքներ ընթանում էին: Այսպես, ծրագրվում էր վարկային պորտֆելն ավելացնել ոչ թե 30-35 տոկոսով, այլ 70 տոկոսով: Սակայն ճգնաժամը զգալիորեն խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը:

Հաշվի առնելով այն, որ կազմակերպությունը դեռ երիտասարդ է (հիմնադրվել է 2007թ.-ին) և աճի փուլում է, կարծում եմ, որ ամեն ինչ կհաջողվի իրականացնել ապագայում:

«ԱՌԿԱ». Ծրագրու՞մ է, արդյոք, «Բլեսսը» վերջերս ստեղծված Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի անդամ դառնալ:

Ա. Ստեփանյան. Մոտ ապագայում մենք ծրագրում ենք քննարկել Վարկային կազմակերպությունների ասոցիացիային անդամակցելու հարցը: Կարծում եմ, որ Ասոցիացիայի գործունեությունը բավականին հեռանկարային է և անհրաժեշտ վարկավորման շուկայի ընթացիկ հարցերի քննարկման և խնդիրների լուծման փոխշահավետ հայեցակարգերի մշակման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև