22.02.2010 13:01
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերին պետք է շնորհակալություն հայտնել, քանի որ 2009 թ.-ին տնտեսական ճգնաժամի պայմաններում նրանք հարվածն իրենց վրա վերցրին, ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:
«Աճեցին ակտիվները, պարտավորությունները, ընդհանուր կապիտալը, դա, այսպես կոչված, հայկական ֆենոմեն էր: Սակայն 2009 թվականը բանկերն ամփոփեցին 40 տոկոս ավելի քիչ եկամուտով, քան 2008 թվականը», - շաբաթ օրը Ծաղկաձորում «Կամուրջ 2009» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց Ղուկասյանը:
Միաժամանակ ՀԲՄ նախագահի խոսքերով՝ բանկերը, հավատարիմ մնալով իրենց գործունեությանը, շարունակեցին վարկավորումը:
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց բանկերին այն քայլերի համար, որոնք նրանք ձեռնարկեցին տնտեսության խթանման համատեքստում բացասական սպասումների և անորոշության մթնոլորտի չեզոքացման համար:
«Դրանից հետո բանկերը սկսեցին ներգրավված միջոցների հաշվին ակտիվորեն շարունակել վարկավորումը, իսկ տնտեսվարող սուբյեկտների մոտ երկրորդ պլան մղվեցին անորոշությունն ու բացասական սպասումները», - ընդգծեց Ղուկասյանը:
Նույն կլոր սեղանի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ ինքն այնքան էլ գոհ չէ հայկական բանկերից անցյալ տարվա համար՝ ավելացնելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է: Դավթյանի խոսքերով՝ բանկերը շուկայում շատ պասիվ էին և դրականորեն չէին արձագանքում ֆինանսական համակագի պահպանմանն ուղղված պետության ջանքերին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: