Ինեկոբանկն ու USAID-ն կֆինանսավորեն կորպորատիվ հաճախորդներին

25.02.2010 16:19
Ինեկոբանկն ու USAID-ն կֆինանսավորեն կորպորատիվ հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը «USAID FS Share Program»-ի հետ համատեղ սկսում է նոր ծառայութան մշակումը արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտի կորպորատիվ հաճախորդների համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագրի իրականացման համար Ինեկոբանկը կհատկացնի մինչև 5 մլն ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսներ:

Հաղորդագրության համաձայն՝ ծրագրի նպատակն է նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների վաճառքների ծավալների ավելացմանը` կարճաժամկետ շրջանառու կապիտալի ֆինանսավորման նոր արդյունավետ մեխանիզմի կիրառման միջոցով: Տվյալ պարագայում խոսքը Գնման հայտի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing) ծառայության մասին է:

Ծառայությունը շրջանառու միջոցների Ֆինանսավորում է, որը ապահովված է հաստատված գնման հայտով կամ վաճառքի պայմանագրով: Ծառայության էությունը Ինեկոբանկի հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, փաթեթավորման, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, և/կամ արտադրական այլ ծախսերի (աշխատավարձեր, փոխադրման ծախսեր և այլն) ֆինանսավորումն է:
Տվյալ ծառայության տրամադրումը նախատեսվում է սկսել առաջիկա 1-2 ամսում:
Ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը կտրամադրի տվյալ ծառայությունը հետևյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ներին` տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, տուրիզմ, սննդային արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թ. փետրվարի 7-ին: 1997 թ.-ի դեկտեմբերից բանկն առաջինը Հայաստանում սկսեց վարկերի միջոցով սպասարկել լայն սպառման ապրանքների առևտուրը: Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին բանկի ակտիվները 48,5 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 38,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 10,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 26,2 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ 16,9 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2009 թ.-ի արդյունքներով՝ 895,1 մլն դրամ ($1- 382,41 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև