ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 7 մլն դոլար վարկի տրամադրումը «Սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրով

26.02.2010 16:57
ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 7 մլն դոլար վարկի տրամադրումը «Սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին 7 մլն դոլար վարկի տրամադրումը՝ «Սոցիալական ներդրումների հիմնադրամ» (Social Investment Fund – ASIF III) ծրագրով երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում:

«Այս լրացուցիչ ֆինանսավորումն ուղղված է Հայաստանի 35 գյուղական համայնքներում համապատասխան աշխատանքների ընդլայնմանը և ենթակառուցվածքների բարելավմանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Վարկը կօգնի հայկական իշխանությունների՝ աշխատուժ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման միջոցով բնակչության սոցիալապես անապահով և խոցելի խավերի կյանքի մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին։
Վարուդակիսի խոսքերով՝ այդ միջոցներով, մասնավորապես, կանցկացվեն դպրոցների և համայնքային կենտրոնների կառուցման և վերականգնման աշխատանքներ:

«Բացի այդ, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է բացվում։ Մեր գնահատականներով՝ տարեկան կտրվածքով կստեղծվի 200 մշտական աշխատատեղ»,- ասաց նա։

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծեց նաև, որ ծրագիրը շահառու համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն լուծել սեփական ներդրումային կարիքները։

«Համայնքները մասնակցում են համաֆինանսավորմանը ոչ մեծ մասնաբաժնով, ինչպես նաև իրենց վրա են վերցնում ծրագրի ավարտից հետո ենթակառուցվածքի շահագործման պատասխանատվությունը»,- պարզաբանեց նա։

Ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրած վարկը մարման 25 տարվա ժամկետ ունի՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։

ASIF ծրագրով Հայաստանին տրամադրած վարկային միջոցների ընդահուր ծավալը 1995 թվականի նոյեմբերից առայսօր կազմում է 72 մլն դոլար։

Հայաստանում Հիմնադրամի աշխատանքները սկսելուց ի վեր նրա կողմից իրականացվել է 737 ծրագիր 298 գյուղական և 74 քաղաքյին համայնքներում, այդ թվում՝ Երևանում, որոնց արդյունքում օժանդակություն է ցուցաբերվել 2,7 մլն շահառուների։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև