ՊրոԿրեդիտ Բանկը ծրագրում է կրկնապատկել վարկային և դեպոզիտային պորտֆելը

01.03.2010 15:46
ՊրոԿրեդիտ Բանկը ծրագրում է կրկնապատկել վարկային և դեպոզիտային պորտֆելը

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պրն Հերցֆելդ, նկատի առնելով, որ 2009 թվականը վնասով ավարտված տարի էր ՊրոԿրեդիտ Բանկի համար, ե՞րբ եք Դուք նախատեսում շահույթ ունենալ։

Բ. Հերցֆելդ - Տարվա արդյունքների մասին խոսել և մինչև միջազգային աուդիտի ավարտը վերջնական թվեր հրապարակել ես չեմ կարող։ Այն վնասները, որոնք մենք կրեցինք, անշուշտ, կապված էին այն բանի հետ, որ բանկը նույնիսկ ճգնաժամի պայմաններում չդադարեցրեց վարկավորումը, բացի այդ, ներդրումներ են կատարվել մասնաճյուղային ցանցի զարգացման նպատակով։ ՊրոԿրեդիտ Բանկի ռազմավարությունը Հայաստանում դիրքերի հետագա զարգացումն ու ամրապնդումն է: Այդ իսկ պատճառով մեր ներդրումները բավական գիտակցված են կատարվել, իսկ վնասները դուրս չեն գալիս մեր բիզնես-պլանի շրջանակներից։

«ԱՌԿԱ». Զարգացման ինչպիսի՞ ռազմավարություն կորդեգրի բանկը 2010 թվականին։

Բ. Հերցֆելդ. Նախորդ տարի ՊրոԿրեդիտ Բանկը, նկատի առնելով երկրի տնտեսական վիճակը, լավ զարգացման է հասել։ Մենք՝ որպես բանկ, երկրում մեր գործունեության երկու տարվա ընթացքում լավ արդյունքների ենք հասել։ Շատ կարճ ժամանակահատվածում մենք ինը մասնաճյուղ ենք բացել, աշխատակիցների թիվը կազմում է 250 մարդ, և մենք առաջարկում ենք բազային ծառայությունների գործնականորեն ամբողջ սպեկտրը։ Բացի այդ, Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում մենք հասցրել ենք ունենալ մեր հաճախորդներին և ձեռք բերել նրանց վստահությունը։

Այս տարի բանկի ռազմավարությունն ուղղված է բանկային հատվածում մեր դիրքերի զարգացմանն այնպես, որ արդեն առկա 9 մասնաճյուղերի հիման վրա հարաբերությունների զարգացում ապահովվի հիմնական հաճախորդների՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների և բոլոր նրանց հետ, ով որակյալ բանկային սպասարկման կարիք ունի:

Ընթացիկ տարվա բանկի ծրագրերում է կրկնապատկել ինչպես վարկային, այնպես էլ դեպոզիտային պորտֆելն ու երկու անգամ ընդլայնել հաճախորդների բազան: Մենք կարծում ենք, որ մեր կողմից առաջարկվող բանկային ծառայությունների լավ պայմանների շնորհիվ մեզ դա կհաջողվի: Բացի այդ բանկը պատրաստվում է ընթացիկ տարում մի քանի նոր գործիքներ առաջարկել հաճախորդներին:

«ԱՌԿԱ» - Իսկ կոնկրետ՝ ինչպիսի՞։

Բ.Հերցֆելդ - Մենք վերջերս սկսել ենք կոմունալ վճարումների գծով ծառայություններ առաջարկել: Շուտով մտադիր ենք մեր բանկում աշխատավարձային նախագծեր ունեցող հաճախորդներին օվերդրաֆթներ առաջարկել: Բացի այդ, մենք Ինտերնետ-բանքինգի ծառայություններ կառաջարկենք ինչպես անհատներին, այնպես էլ ընկերություններին: Կան մի շարք այլ հետաքրքիր գաղափարներ հաճախորդների համար, որոնք ուզում են բանկային ծառայությունների լիակատար սպեկտր ստանալ:

Բանկի համար հետաքրքրություն է ներկայացնում գյուղատնտեսության ֆինանսավորման զարգացումը, որն սկսվել է 2009 թ.-ին փորձնական նախագծի շրջանակներում: Այս տարի, կարծում եմ, որ մենք ավելի զգալի մասշտաբների կհասնենք: Նախագծի իրականացումն սկսվել է Արտաշատում, այսօր մենք ընդլայնվում ենք դեպի Երևան, իսկ տարվա ընթացքում ծրագրվում է տարածվել դեպի հյուսիս՝ Վանաձորի ուղղությամբ:

«ԱՌԿԱ» - Ճի՞շտ է, որ ՊրոԿրեդիտ Բանկն անցյալ տարի չի դադարեցել վարկավորման գործընթացը:

Բ.Հերցֆելդ - Այո, նախորդ տարվա ընթացքում մեր վարկային պորտֆելն ավելացել է 10 մլն դոլարով և կազմել 33,6 մլն դոլար։ Երկրում տնտեսական պայմանների հետագա բարելավման առկա ակնկալիքների ֆոնի ներքո մենք զգում ենք, որ պահանջարկն աճում է, և հաճախորդները ցանկանում են ավելի շատ վարկային միջոցներ վերցնել իրենց բիզնեսի զարգացման համար։

«ԱՌԿԱ» - Իսկ որքա՞ն է չաշխատող վարկերի մասնաբաժինը և վարկային պորտֆելի կառուցվածքը։

Բ.Հերցֆելդ - Մեր վարկային պորտֆելի որակը բավականին բարձր է, և նախորդ տարվա ավարտին 30 օրից ավելի ժամկետով ժամկետանց վարկերի ծավալը կազմել է ոչ ավելի, քան 3 տոկոս։ Դա լավ ցուցանիշ է, և մենք կարծում ենք, որ մեզ հաջողվել է ճիշտ վերլուծել հաճախորդների կարիքները և նրանց անհրաժեշտ վարկային միջոցներ տրամադրել։ Ներկայումս մենք ակտիվորեն աշխատում ենք այն հաճախորդների խնդիրների լուծման ուղղությամբ, ովքեր ոչ իրենց մեղքով հայտնվել են իրենց բիզնեսի վրա ազդած ճգնաճամի պայմաններում։

«ԱՌԿԱ» - Ակնկալվու՞մ է, արդյոք, բանկում տոկոսադրույքների փոփոխություն։

Բ.Հերցֆելդ - Մենք կարծում ենք, որ տոկոսադրույքները բավականին ցածր մակարդակի վրա են՝ նկատի առնելով այն, որ նախորդ տարի մենք իջեցրել ենք ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի տոկոսադրույքները։ Մենք չենք սպասում դրանց զգալի փոփոխություն, հնարավոր են առանձին սեգմենտների ոչ մեծ փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ կարծում ենք, որ դրանք կմնան ներկայիս մակարդակում։
Ներկայումս մենք առաջարկում ենք տարեկան 13-16 տոկոսադրույքով դոլարային և 16-18 տոկոս տոկոսադրույքով դրամային վարկեր։

«ԱՌԿԱ» - Չի՞ նախատեսում, արդյոք, Պրոկրեդիտ բանկը մուտք գործել պարտատոմսերի շուկա։

Բ.Հերցֆելդ - Դա մեր հիմնական նպատակը չէ, և այդ առումով մենք զգույշ ենք գործում։ Հնարավոր է՝ հետագայում որևէ բոնդի սեփական թողարկման վերաբերյալ նմանատիպ գաղափարներ կարող են զարգանալ, բայց ներկայումս այդ մասին խոսք չկա։

«ԱՌԿԱ» - Սպասվու՞մ է, արդյոք, կանոնդրական կապիտալի ավելացում։

Բ.Հերցֆելդ - Մենք ներկայումս բավականաչափ կապիտալացված ենք, այդ պատճառով էլ կապիտալի մեծացման անհրաժեշտություն առայժմ չկա։

«ԱՌԿԱ» - Ընդհանուր առմամբ կցանկանայինք լսել ճգնաժամի համատեքստում Հայաստանի ֆինանսական հատվածի տնտեսական իրավիճակի Ձեր գնահատականը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք 2010 թվականից հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների առումով։

Բ.Հերցֆելդ - Դա բավականին լուրջ հարց է՝ նկատի առնելով, որ մենք բոլորս ապրում ենք փոփոխվող աշխարհում։ Մենք նայում ենք խոշոր ֆինանսական կազմակերպությունների և վարկանիշային ընկերությունների գնահատականները։ Ընդհանուր առմամբ, մենք լավատեսորեն ենք տրամադրված և կարծում ենք, որ եթե Հայաստանում այս տարի փոքր աճ ապահովվի, իսկ մենք դա միանգամից կնկատենք մեր հաճախորդների միջոցով, ապա նախորդ տարվա համեմատ վիճակը կբարելավվի։ Առնվազն մենք չենք սպասում ճգնաժամի երկրորդ ալիք և կարծում ենք, որ տնտեսությունն ու ողջ երկիրն ընդհանրապես աստիճանաբար դուրս կգան ճգնաժամից և կայուն կզարգանան այս տարի։

Թե ինչպես ամեն ինչ տեղի կունենա և ինչպիսին կլինի վերելքը՝ դժվար է ասել, սակայն բոլոր գնահատականները խոսում են այն մասին, որ այս տարի կլինի կոնսոլիդացման տարի, ինչից հետո կարող է զգալի աճ նկատվել։ Դրա վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների վերադարձը, արտերկրից ստացված մասնավոր տրանսֆերտները, ինչպես նաև այն, թե որքանով տնտեսությունը կկարողանա զարգանալ ներսից և ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ նոր ուժեր գտնել։ Ընդհանուր առմամբ՝ կլինի ավելի լավ, քան եղել է, բայց որքանով՝ հստակ ասել չենք կարող։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև