ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շահույթը 2009 թ. հասել է 4,3 մլրդ դրամի

02.03.2010 15:40
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շահույթը 2009 թ. հասել է 4,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի շահույթը 2009 թ.-ին կազմել է 4,254 միլիարդ դրամ, տեղեկացրեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Փաստորեն, բանկի շահույթի ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր շահույթի 49,6 տոկոսը», - երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Գիշյանը նշեց, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2009 թ.-ին չի դադարեցրել վարկավորման գործընթացները՝ աջակցելով իր հաճախորդների գործունեությանը:

«Ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունն արդարացված էր, և 2009 թվականին մենք բավականին լավ արդյունքներ ունեցանք», - նշեց բանկիրը:

Գիշյանը նաև տեղեկացրեց, որ 2009 թ.-ի գործունեության արդյունքում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջատարն է հայկական բանկերի շրջանում հիմնական ցուցանիշներով:

Այսպես, գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտվիները կազմել են ավելի քան 162 միլիարդ դրամ (2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 31,6 տոկոս), սեփական կապիտալն աճել է 34,8 տոկոսով՝ գերազանցելով 35 միլիարդ դրամը:

Միաժամանակ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 127 միլիարդ դրամ, ինչը կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների 12,1 տոկոսը, իսկ վարկային պորտֆելը հասել է 90 միլիարդ դրամի, ինչը կազմում է հայկական բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 12,2 տոկոսը:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ակտիվների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում կազմել է 12,3 տոկոս, իսկ սեփական կապիտալինը՝ 12,7 տոկոս», - ավելացրեց նա:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Գիշյանն ասաց, որ բանկը 2010 թվականը սկսել է բավականին արագ տեմպերով:

«Տնտեսության մեջ որոշակի ակտիվություն է նկատվում՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մենք սկսել ենք ակտիվ վարկավորումը բոլոր տեսակներով, և հույս ունենք, որ 2010 թվականը կլինի ավելի լավ, քան 2009 թվականը, ամեն դեպքում՝ առաջին երկու ամսվա կայունացման կանխանշանները թույլ են տալիս հուսալ», - ասաց նա:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (նախկին Հայաստանի գյուղական փոխօգնության բանկ) հիմնադրվել է 1995 թ.-ին, գրանցվել՝ 1996 թ.-ի մարտի 26-ին:
Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ը՝ 15,56 տոկոս մասնաբաժնով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տասը մարզերի Գյուղական փոխօգնության միությունները, այդ թվում նաև Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոս և Արարատի մարզը՝ 12,28 տոկոս:

Այժմ երկրի տարածքում բանկն ունի 35 մասնաճյուղ (1 դոլարը 384,54 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև