Հայաստանի բանկային համակարգը հաջողությամբ դուրս է գալիս ճգնաժամից

16.03.2010 14:01
Հայաստանի բանկային համակարգը հաջողությամբ դուրս է գալիս ճգնաժամից

«ԲՏԱ Բանկի» գործադիր տնօրեն - վարչության նախագահ Նուր Բակբերգենովի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը

ԱՌԿԱ - Պրն. Բակբերգենով, ինչպե՞ս եք գնահատում 2009 թ. արդյունքները։ Որքանո՞վ է Հայաստանի բանկային համակարգը հաղթահարել ճգնաժամը։ Որքանո՞վ են բանկային համակարգին օժանդակում հայկական կառավարության հակաճգնաժամային միջոցառումները։

Ն.Բակբերգենով - Հայաստանի բանկային համակարգը շատ հաջող է դուրս գալիս ճգնաժամից, քանի որ այն քիչ թե շատ նախապարտաստված էր ճգնաժամին՝ շնորհիվ իր բարձր լիկվիդայնության և Կենտրոնական բանկի հավասարակշռված քաղաքականության։ Արդյունքներն ամփոփելով՝ մենք տեսնում ենք, որ 2009 թվականին Հայաստանի քաղաքացիների խնայողական ավանդներն աճել են ավելի քան 35 տոկոսով, ինչն իր հերթին վկայում է բանկային հատվածի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին։

Համեմատության համար նշեմ, որ Ղազախստանում ճգնաժամը զգալիորեն ավելի ուժեղ հարվածեց բանկային համակարգին։ Պահանջվեց պետության լուրջ միջամտությունը բանկային համակարգին աջակցության համար՝ այդ նպատակների համար 2009 թվականին ուղղվեց շուրջ 8 մլրդ դոլար։

Շատ ժամանակին եմ համարում փոքր և միջին բիզնեսի, հիփոթեքային աջակցությանն ուղղված հայկական պետական ծրագրերը։ Ճգնաժամի պայմաններում կարևոր է ճիշտ օգտագործել միջազգային կազմակերպություններից կառավարության կողմից ներգրաված ռեսուրսները՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար, քանի որ դրանք հարկերի, աշխատատեղերի աղբյուր են և կարող են նպաստել աճի ապահովմանը նույնիսկ ճգնաժամի պայմաններում։

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ հաջողությամբ «ԲՏԱ Բանկը» հաղթահարեց ճգնաժամը, և ինչպե՞ս ազդեցին ճգնաժամային գործընթացները բանկի հիմնական ցուցանիշների և նրա ռազմավարության վրա։

Ն.Բակբերգենով - Բանկի համար 2009 թվականը ծանր տարի էր, որը զգալիորեն ազդեց «ԲՏԱ Բանկի» ցուցանիշների վրա։ Ներկայումս մենք որդեգրել ենք նվազագույնի հասցված ծախսերով արդյունավետ կառավարման ռազմավարություն։ Բանկը ծրագրում է 2010 թվականին շահույթ ունենալ երկու տարվա անընդմեջ վնասներից հետո: Ճգնաժամի ընթացքում մենք շատ «նիհարեցինք»՝ ակտիվների չափը փոքրացել է 2 անգամ։

Ռազմավարական առումով «ԲՏԱ Բանկն» իր վրա է վերցնում փոքր և միջին բիզնեսի վարկավորման՝ որպես տնտեսության հիմնական շարժիչի ուղենիշը։

«ԱՌԿԱ» - Ի՞նչ ծրագրեր ունի բանկը 2010 թվականին։ Մտադի՞ր է, արդյոք, բանկը նոր ծառայություններ ներդնել։ Ինչպիսի՞ն կլինի բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումը։

Ն.Բակբերգենով - 2010 թվականին մենք ծրագրում ենք բարձրացնել մասնաճյուղային ցանցի արդյունավետությունն ու շահութաբերությունը, ավելի շատ կսկսենք աշխատել ընթացակարգերի և արագության, քան ցանցի մասնաճյուղերի ավելացման ուղղությամբ։

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արժույթի շուկայի իրավիճակը, ինչպե՞ս իրեն կդրսևորի հայկական դրամը, գնային ո՞ր միջանցքում այն կհայտնվի։

Ն.Բակբերգենով. Ներկայումս արժույթի շուկայում դրամը քիչ թե շատ կայուն է։ Հուսանք արժութային իշխանությունների հավասարակշռված քաղաքականությանը և շուկայի մասնակիցների հետևողականությանը։

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են 2010 թվականին Հայաստանի տնտեսական իրավիճակի զարգացման Ձեր կանխատեսումները։

Ն.Բակբերգենով - 2010 թվականը Հայաստանի համար ավելի բարեհաջող կլինի, ինչպես բանկերի, այնպես էլ այլ ոլորտների համար։ Կարծում եմ, որ 2010 թվականը Հայաստանի տնտեսության համար ուժերի վերականգնման և կուտակման տարի կլինի, կարելի է ակնկալել որոշակի կայունություն և աճ։

«ԱՌԿԱ» - Տնտեսության ո՚՞ր ոլորտների վարկավորումն է բանկը մտադիր զարգացնել մոտ ապագայում։ Վարկային տոկոսադրույքների ինչպիսի՞ քաղաքականություն կվարի բանկը ընթացիկ տարում, և որքա՞ն կլինի բանկի վարկային պորտֆելի չափն ու կառուցվածքը։

Ն.Բակբերգենով - Մենք կողմնորոշվում ենք դեպի փոքր և միջին բիզնեսը։ Սա տնտեսության այն հատվածն է, որը պետք է զարգանա։ Թեև ՓՄԲ-ն առավել հակված է ճգնաժամին, բայց միաժամանակ այն ամենից արագ է վերականգնվում։ Սա այն հատվածն է, որը տալիս է տնտեսության հիմնական աճը։ Եթե մենք այժմ մեր բոլոր ջանքերն ուղղենք այդ հատվածի զարգացմանն, ապա կստանանք ամենամեծ արդյունքը։ Համապատասխանաբար, մենք պորտֆելի կառուցվածքի փոփոխություններ ենք ծրագրում ինչպես ՓՄԲ-ի և մանրածախ բիզնեսի օգտին, այն պես էլ որոշումների ընդունման կառուցվածքում։

Ինչ վերաբերում է տոկոսադրույքների քաղաքականությանը, ապա կարծում եմ, որ դրանք պետք է մրցունակ և գրավիչ լինեն հաճախորդի համար։

Առաջիկա երկու տարիների ընթացքում մենք մտադիր ենք պորտֆելի չափը հասցնել 50 մլն դոլարի՝ այսպիսով փոխհատուցելով վերջին երկու տարիների կորուստները։

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է չաշխատող վարկերի մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում։

Ն.Բակբերգենով. Չաշխատող վարկերի մասնաբաժինը «ԲՏԱ Բանկի» վարկային պորտֆելում կայունացվել է, և այսօր ժամկետանց վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում կազմում է 2 տոկոս։

«ԱՌԿԱ» - Կմասնակցի՞, արդյոք, բանկը «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» կառավարական նոր ծրագրին։ Որքանո՞վ ակտիվ են ընդհանրապես բանկի հաճախորդներն օգտվում հիփոթեքից։

Ն.Բակբերգենով - Հիփոթեքային վարկավորումը տվյալ փուլում առաջնահերթ չէ բանկի համար։ Այս առումով մեր պայմաններն այնքան էլ մրցունակ չեն, ինչի պատճառով զգալիորեն կրճատվել է հիփոթեքի հայերի հոսքը։ Հնարավոր է, որ մոտ ապագայում մենք վերանայենք տվյալ ծառայության պայմանները։ Ինչ վերաբերում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» կառավարական նոր ծրագրի մասնակցությանն, ապա մենք, ինչպես Հայաստանի այլ բանկերը, հույս ունենք մասնակցել այդ նախագծին։

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները 2010 թվականին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Ն.Բակբերգենով - Հայաստանի տնտեսությունը 2009 թվականի արդյունքներով որոշակի անկում է ցույց տվել, բայց մենք հույս ունենք 2010 թվականին հանրապետությունում ունենալ քիչ թե շատ կայուն մակրոտնտեսական վիճակ։ Մենք բավական ուշադիր հետևում ենք արտահանման և ներկրման ծավալներին և աճ ենք ակնկալում։

«ԱՌԿԱ» - Վերջերս ռուսական Խնայբանկը մտադիր էր ձեռք բերել ԲՏԱ Բանկը, իսկ ներկայումս արդեն լուրեր են պտտվում ԲՏԱ Բանկի ռուսական դստեր ռեբրենդինգի մասին ԱՄՏ-բանկի։ Այս կապակցությամբ ինչպե՞ս են ընթանում ԲՏԱ Բանկի հայկական դստեր գործերը, և ծրագրվու՞մ է, արդյոք, ռեբրենդինգի անցկացում և Հայաստանում բանկի քաղաքականության փոփոխություն։

Ն.Բակբերգենով – Ինքը՝ Խնայբանկն է մեկնաբանում, որ առայժմ գործարքն ամբողջությամբ մշակված չէ, և այս հարցով բանակցությունները դեռևս շարունակվում են։ Ռուսաստանյան ԲՏԱ Բանկն արդեն, իսկապես, բազմիցս հայտարարել է իր ռեբրենդինգի մասին, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «ԲՏԱ Բանկում» ռեբրենդինգ չի սպասվում։

2009 թվականի փետրվարից ԲՏԱ ԲԱՆԿԻ բաժնետերերի կազմում է ընդգրկվել «Սամրուկ-Կազընա» ազգային բարեկեցության պետական հիմնադրամը, որին պատկանում է բանկի բաժնետոմսերի 75 տոկոսը։ «ԲՏԱ ԲԱՆԿ» ԲԸ-ն պարտքի վերակազմավորման հակաճգնաժամային ծրագիր է նախաձեռնել, որի արդյունքները մենք կտեսնենք 2010 թվականի առաջին կիսամյակում։

Այդ վերակազմավորման արդյունքներով պետք է որոշում ընդունվի ռազմավարական ներդրողի մուտքի վերաբերյալ ԲՏԱ ԲԱՆԿԻ ամբողջ ցանց։ Այդ որոշումից է կախված ԲՏԱ-ի հետագա զարգացման արդյունքները։

Հիշեցնեմ, որ «ԲՏԱ-Բանկ» ԲԸ գործընկեր-բանկերի ցանցն ընդգրկում է Ռուսաստանն, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ ԲՏԱ ներկայացուցչություններ են գործում Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ՄԱԷ-ում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև