Հայաստանի բանկային համակարգը շատ հաջող է դուրս գալիս ճգնաժամից

16.03.2010 19:15
Հայաստանի բանկային համակարգը շատ հաջող է դուրս գալիս ճգնաժամից

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը շատ հաջող է դուրս գալիս ճգնաժամից, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց «ԲՏԱ Բանկի» գործադիր տնօրեն - վարչության նախագահ Նուր Բակբերգենովը:

«Հայաստանի բանկային համակարգը քիչ թե շատ նախապարտաստված էր ճգնաժամին՝ շնորհիվ իր բարձր լիկվիդայնության և Կենտրոնական բանկի հավասարակշռված քաղաքականության։ Արդյունքներն ամփոփելով՝ մենք տեսնում ենք, որ 2009 թվականին Հայաստանի քաղաքացիների խնայողական ավանդներն աճել են ավելի քան 35 տոկոսով, ինչն իր հերթին վկայում է բանկային հատվածի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին»,- ասաց նա։

Բակբերգենովի խոսքերով՝ Ղազախստանում ճգնաժամը զգալիորեն ավելի ուժեղ հարվածեց բանկային համակարգին։ Պահանջվեց պետության լուրջ միջամտությունը բանկային համակարգին աջակցության համար՝ այդ նպատակների համար 2009 թվականին ուղղվեց շուրջ 8 մլրդ դոլար։

Բանկիրի խոսքերով՝ շատ ժամանակին էին փոքր և միջին բիզնեսի, հիփոթեքային աջակցությանն ուղղված հայկական պետական ծրագրերը։ «Ճգնաժամի պայմաններում կարևոր է ճիշտ օգտագործել միջազգային կազմակերպություններից կառավարության կողմից ներգրաված ռեսուրսները՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար, քանի որ դրանք հարկերի, աշխատատեղերի աղբյուր են և կարող են նպաստել աճի ապահովմանը նույնիսկ ճգնաժամի պայմաններում»,- նշեց Բակբերգենովը։

Միաժամանակ նա նշեց, որ բանկի համար 2009 թվականը ծանր տարի էր, որը զգալիորեն ազդեց «ԲՏԱ Բանկի» ցուցանիշների վրա։
«Ներկայումս մենք որդեգրել ենք նվազագույնի հասցված ծախսերով արդյունավետ կառավարման ռազմավարություն։ Բանկը ծրագրում է 2010 թվականին շահույթ ունենալ երկու տարվա անընդմեջ վնասներից հետո: Ճգնաժամի ընթացքում մենք շատ «նիհարեցինք»՝ ակտիվների չափը փոքրացել է 2 անգամ,- ընդգծեց նա։

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1346,1 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 309,5 մլրդ դրամով կամ 29,9 տոկոսով, իսկ երրորդ եռամյակի համեմատ՝ 79,7 մլրդ դրամով կամ 6,3 տոկոսով։ Պարտավորությունները կազմել են 1059,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 286,8 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև