Հայկական բանկերը 2009թ.-ին տնտեսել են գովազդի հաշվին

18.03.2010 13:11
Հայկական բանկերը 2009թ.-ին տնտեսել են գովազդի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի գովազդային և ներկայացուցչական ծախսերի ծավալը 2009թ.-ին կազմել է 2455,1 միլիոն դրամ՝ 2008թ.-ի համեմատ կրճատվելով 14,1 տոկոսով:

2009թ.-ի չորրորդ եռամսյակի բանկերի ֆինանսական հաշվետվությունների վրա հիմնված «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության տվյալների համաձայն՝ մեկ բանկն այդ գծով 2009թ.-ին ծախսել է միջինը 111,6 միլիոն դրամ՝ 2008 թ.-ի 129,9 միլիոնի համեմատ: Ամսական մեկ բանկի համար կազմում է միջինը 9,3 միլիոն դրամ:

Ըստ վերլուծության, հայկական բանկերից գովազդի և ներկայացուցչական ծախսերի համար ամենաշատը հատկացրել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 486,4 միլիոն դրամ, ինչը կազմում է երկրի ողջ բանկային համակարգի՝ այդ գծով ծախսերի ընդհանուր ծավալի 19,8 տոկոսը: Միաժամանակ բանկի նշված ցուցանիշը 1,5 անգամ գերազանցել է 2008թ.-ի ցուցանիշը:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին հետևում է Յունիբանկը՝ գովազդային և ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված 286,6 միլիոն դրամ ցուցանիշով: 2008թ.-ի համեմատ՝ բանկը այդ ուղղությամբ ծախսերը կրճատել է 42,4 տոկոսով: Այս ցուցանիշով երրորդ տեղում է Անելիք բանկը, որը գովազդային և ներկայացուցչական նպատակների համար ծախսել է շուրջ 272,1 միլիոն դրամ կամ 2008 թ.-ի համեմատ 32,7 տոկոս պակաս:

Չորրորդ և հինգերորդ տեղում են Ամերիաբանկը (244,9 միլիոն դրամ, 2008թ.-ի համեմատ շուրջ 18 տոկոսի աճ) և Հայբիզնեսբանկը (160,9 միլիոն դրամ, 31,2 տոկոսի աճ):

Միաժամանակ ըստ գովազդային և ներկայացուցչական ծախսերի մեծության առաջին հինգ առաջատար բանկերին բաժին է հասել Հայաստանի բանկային համակարգի բոլոր գովազդային և ներկայացուցչական ծախսերի 59,1 տոկոսը (համապատասխանաբար 19,8%, 11,7%, 11,1%, 10% և 6,6%):

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 382 մասնաճյուղ: (1 դոլարը 400,10 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև