Հայկական դրամը 2010թ. կարող է արժեզրկվել մինչև 420 դրամ 1 դոլարի դիմաց

18.03.2010 16:06
Հայկական դրամը 2010թ. կարող է արժեզրկվել մինչև 420 դրամ 1 դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ազգային արժույթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ, հնարավոր է, կկազմի 420 դրամ ներկայիս 400 դրամի փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Կասկադ բանկի գլխավոր դիլեր Արսեն Սարգսյանը՝ մեկնաբանելով հայկական դրամի արժեզրկումը։

Մարտի 17-ի արդյունքներով՝ արժույթի շուկայում դրամի ձևավորված միջին կշռված փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 4,19 կետով մարտի 16-ի համեմատ և կազմել 400,10 դրամ մեկ դոլարի դիմաց։ Հարկ է նշել, որ մարտի 1-17-ն ընկած ժամանակահատվածում դրամն արժեզրկվել է ընդհանուր առմամբ 15,56 կետով՝ 384,54-ից մինչև 400,10 դրամ մեկ դոլարի դիմաց։

Կասկադ Բանկի գլխավոր դիլերի խոսքերով՝ Հայաստանում ամենակարևորը ներկայումս պահանջարկի խնդիրն է, քանի որ արտաքին առևտրի բալանսի սալդոն բացասական է, և հայ ներկրողները միշտ արտարժույթ գնելու կարիք ունեն, այն դեպքում, երբ արտարժույթի վաճառքը ծավալի տեսանկյունից ավելի ցածր է, քան նրա պահանջարկը։

«Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ շուկայի վրա ճնշում է գործադրվում, որն արտահայտվում է փոխարժեքի բարձրացմամբ առաջարկի նկատմամբ պահանջարկի գերազանցման պայմաններում»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, դժվար է կանխատեսել, թե ինչ մակարդակի կբարձրանա դոլարի փոխարժեքը, քանի որ դա կախված է շուկայից և օբյեկտիվ գործոններից, այդ թվում՝ շուկայի կարգավորիչի գործունեությունից՝ ի դեմս Հայաստանի Կենտրոնական բանկի։

«Շատ բան է կախված նրանից, թե ԿԲ-ն ինչպիսի հնարավորություններ է տեսնում արժեզրկման զսպման համար՝ սղաճի նկատմամբ ազդեցության զսպման համատեքստում, քանի որ եթե Կենտրոնական բանկը սահմանում է սղաճի հնարավոր տատանման կոնկրետ մակարդակը, հետևաբար, նա պետք է նախատեսի փոխարժեքի հնարավոր սահմանները և որոշակիորեն կառավարի դրանք»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ենթադրություններ կան, որ բարձրացումն այդքան էլ էական չի լինի նաև 2010 թվականին և, հնարավոր է, կկազմի 420 դրամ մեկ դոլարի դիմաց։

Մեկնաբանելով այն փաստը, որ որոշ հայկական բանկեր այսօր հրաժարվում են արտարժույթի վաճառքից, փորձագետը նշեց, որ հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ բանկերը չեն հասցնում դոլար գնել պահանջարկին ադեկվատ ծավալով։

«Դոլարն «ապրանք է», որը բանկը վաճառում է և պետք է հասցնի գնել կամ հակառակը։ Ներկայումս ձևավորվել է մի իրավիճակ, երբ բանկը ցանկանում է արտարժույթ վաճառել, բայց արտարժույթի համապատասխան ծավալ չունի»,- ասաց Կասկադ Բանկի գլխավոր դիլերը։

Ըստ նրա՝ հարկ է նկատի առնել նաև Հայաստանում այնպիսի տարածված երևույթն, ինչպես դոլարի զանգվածային առքը փոխարժեքի բարձրացման պայմաններում, կամ, հակառակը, զանգվածային վաճառքը՝ նվազման դեպքում։

«Սա հանգեցնում է շուկայի որոշակի շահարկումների, և բանկերն այս պայմաններում սկսում են արտարժույթի գնման սահմանափակումներ մտցնել։ Սակայն սրանք եզակի դեպքեր են, քանի որ հիմնականում բոլոր բանկերը վաճառում են իրենց հաճախորդներին, ոչ թե «պատահական մարդկանց»»,- ասաց Սարգսյանը։

Այն բանից հետո, երբ 2009 թվականի մարտի 3-ին Հայաստանի ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին, դրամի միջին կշռված փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկավ 66,36 կետով՝ մարտի 2-ի համեմատ և կազմեց 372,11 դրան ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև