Հավասար մրցակցային դաշտի ապահովումը Հայաստանում տնտեսության զարգացման խթան է. ՀԱԳՄ

24.03.2010 15:01
Հավասար մրցակցային դաշտի ապահովումը Հայաստանում տնտեսության զարգացման խթան է. ՀԱԳՄ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մրցակցային հավասար դաշտի ապահովումը Հայաստանում տնտեսության զարգացման ամենակարևոր ազդակներից է, ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Ակտիվ ձեռնարկատիրության համար կարևոր է մրցակցային դաշտը, իսկ կոռուպցիան դրան խոչընդոտող հիմնական պատճառներից է»,- ասաց նա չորեքշաբթի լրագրողներին «Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդումը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում՝ նվիրված մասնավոր հատվածի մասնակցությանը կոռուպցիայի դեմ պայքարին։

Ղազարյանի խոսքերով՝ գործարարները երկար տարիների ընթացքում մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին։
Նա ընդգծեց այն բանի գիտակցման անհրաժեշտությունը, որ ապագա ունենալու հնարավորության համար պետք է մրցակցել ազնվորեն և հավասար պայմաններում, ոչ թե առաջնորդվել այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են «հովանավորչությունը», «տանիքը»։

«Սակայն այսօր խոսքը ոչ թե ծրագրերի հաղթահարման, այլ կոռուպցիայի ծավալների կրճատման նպատակով դրանց մոբիլիզացման մասին է»։

ՀԱԳՄ ղեկավարի խոսքերով՝ վերջին երկու տարիների ընթացքում հայ ձեռներեցները հնարավորություն և իրավունք են ստացել իրենց կարծիքն արտահայտել և մասնակցել քննարկումներին։

Ղազարյանը գործունեության դաշտ է տեսնում հանրային կառույցների և բիզնես-միջավայրի համար, մասնավորապես, վարչարարության բարելավման հարցերի ավելի հետևողական քայլերի համար։

«Արդյունավետության բարձրացումն այսօր կախված է մեզանից։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ցանկանում ենք, որպեսզի խնդիրներն ավելի վառ բացահայտվեն, պետք է պայքարենք, և այդ ձևերից մեկն էլ վերլուծական արդյունքների և սկզբունքային դիրքորոշումների ներկայացումն է»,- ասաց նա՝ ընդգծելով հասարակական կազմակերպությունների ակտիվացման անհրաժեշտությունը, մասնավորապես, բիզնես-միջավայրում՝ փորձագիտական կարծիքի փաստարկման բարձրացման և պոպուլիզմի նվազեցման համար։

Միաժամանակ, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, Ղազարյանը նշեց նաև, որ կոնկրետ առաջնահերթ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում չկան, դրանք պետք է իրագործել համակարգային սկզբունքով՝ սկսած բնակչության տեղեկացվածության բարձրացումից, ներառյալ պետական պաշտոնյաների բարոյական օրենսգրքի հաստատումը, համակարգի համալրումը նոր կադրերով և նրանց աշխատավարձի համակարգի բարելավումը։

«Արդյունք ստանալու համար բոլոր գործողություններն անհրաժեշտ է իրականացնել համալիր կերպով»,- ասաց նա։

Հայաստանի կառավարությունը 2009 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրագործման ծրագիրը 2009-2012 թվականների համար։

«Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդում» համաժողովը, որն անցկացվում է Երևանում մարտի 24-ին, կազմակերպվել է USAID հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի կողմից Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և USAID «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի հետ համատեղ։ Համաժողովին մասնակցում են տեղական և օտարերկրյա ձեռնարկությունների, միջազգային բանկերի և առևտրային գործակալությունների, ինչպես նաև կառավարության ու քաղաքացիական հասարակության ավելի քան 200 ներկայացուցիչներ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև