Արմսվիսբանկին շնորհվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

07.04.2010 13:55
Արմսվիսբանկին շնորհվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արմսվիսբանկին շնորհվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, որը ցուցակվում է AHEK հապավմամբ: Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից, այս պահին բորսայի B ցուցակում ընդգրկված է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի` 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս:

«Շուկա ստեղծողի կարգավիճակում Արմսվիսբանկը կապահովի բաժնետոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Արմսվիսբանկը 2007 թ.-ի սեպտեմբերի 14-ից ֆոնդային բորսայի անդամ է և ներկայումս շուկա ստեղծողի դերում գործում է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկման (HRGAB2) համար:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում առաջինն է իրականացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում: Տեղաբաշխվել են 904,6 միլիոն դրամ ծավալով ընկերության 861652 հասարակ անվանական բաժնետոմսեր՝ մեկ բաժնետոմսի դիմաց 1050 դրամ արժեքով:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ի: «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ն 2009 թ.-ի հունիսի 5-ին դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև