Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին հաճախորդներին է փոխհատուցել 26 միլիոն դրամ

08.04.2010 13:23
Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին հաճախորդներին է փոխհատուցել 26 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը 2009թ.-ին իր հաճախորդներին փոխհատուցել է 26 միլիոն դրամ, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Դա նշանակում է, որ ձեռք է բերվել համաձայնություն ընթացակարգային հարցերի շուրջ, ինչպես նաև տրամադրվել են դրամական փոխհատուցումներ, և սպառողների շահերը պաշտպանվել են», - հինգշաբթի ասել է նա լրագրողներին «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված է հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսի ժամանակ:

Գաբրիելյանի խոսքերով, իրականացվել է բավականին մեծ իրազեկման աշխատանք, որը բարելավել է ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի աշխատանքը:

«Քաղաքացիներն ավելի կոնկրետ գիտեն, թե որ դեպքերում կարող են դիմել, ինչպիսի որոշումներ կարող են ակնկալել», - ասաց նա:
ԿԲ փոխնախագահը գոհունակությամբ նշեց նաև, որ 2009 թվականը կայացման տարի է եղել ֆինանսական օմբուդսմենի հայկական ինստիտուտի համար:

«Մեզ մոտ ֆինանսական համակարգը բավականաչափ ձևավորված է, և ճգնաժամի պայմաններում շարունակել է բնակչությանը ծառայություններ մատուցել անփոփոխ ծավալով, ինչի շնորհիվ համակարգում ֆինանսական միջնորդության մակարդակը հասել է այն կրիտիկական կետի, որի դեպքում անհրաժեշտ է օմբուդսմենի ծառայությունների տրամադրումը», - ասաց նա:

Միաժամանակ Գաբրիելյանը ընդգծեց, որ ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը բավականին արդյունավետ է գործում:

«Դա դեռ արդյունավետության այն մակարդակը չէ, որի դեպքում բոլոր հարցերն անարգել լուծվում են, սակայն կայացման տեսակետից տարին հաջող էր», - պարզաբանեց նա:

Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն իր հերթին ասաց, որ գրասենյակին հաջողվել է ապահովել կայացումը, և ապագա բոլոր քայլերն ուղղված կլինեն հետագա զարգացմանը:

Սարգսյանի խոսքերով, նախորդ տարվա վիճակագրությունը վկայում է, որ բողոքները հիմնականում ուղղված են եղել բանկերի դեմ և վերաբերել են վարկային, դեպոզիտային և վճարահաշվարկային գործառույթներին:

«Երկրորդ տեղում են ապահովագրական ընկերություններին ուղղված բողոքները, որոնք կապված էին ինչպես ունեցվածքի, այնպես էլ առողջության ապահովագրման հետ: Երրորդ տեղում էին գրավատները, վարկային կազմակերպությունները, իսկ հետո՝ այլ ֆինանսական կազմակերպությունները», - պարզաբանեց նա:

Ֆինանսական օմբուդսմենը նաև տեղեկացրեց, որ 2009 թ.-ին ֆինանսական օմբուդսմենը ստացել է 400 բողոք, որոնցից 57-ը քննարկվել է, ընդ որում այդ բողոքների 61 տոկոսը լուծվել են հօգուտ հաճախորդի՝ 26 միլիոն դրամ ընդհանուր գումարով:

«Մնացած բողոքներն ուղղվում են ֆինանսական կազմակերպություններ, որոնք լուծում են դրանք, և հաճախորդները կրկնակի անգամ չեն դիմում ֆինանսական օմբուդսմենին, որոշ բողոքներ մերժվում են, քանի որ քննարկման ենթակա չեն, կամ ֆինանսական կազմակերպությունը ճիշտ է դուրս գալիս», - պարզաբանեց նա:

ԱՊՀ երկրների շրջանում առաջին՝ Ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքի համաձայն: Ֆինանսական օմբուդսմենի ծառայությունները տրամադրվում են անվճար, ինչը երկրի քաղաքացիներին ազատում է սեփական փաստաբանին և դատական ծախսերը վճարելու անհրաժեշտությունից, որոնք անխուսափելի կլինեին վեճը լուծելու համար դատական ատյաններ դիմելու դեպքում: (1 դոլարը 401,20 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև