KfW-ի և ՀՀ ԿԲ-ի միջև 20 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր է կնքվել

19.04.2010 15:16
KfW-ի և ՀՀ ԿԲ-ի միջև 20 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանական զարգացման KfW բանկի և Հայաստանի Կենտրոնական բանկի միջև երկուշաբթի Երևանում «Կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման» ծրագրի շրջանակներում 20 մլն եվրո գումարի չափով վարկային պայմանագիր է կնքվել:

«Վարկը կտրամադրվի KfW բանկի կողմից 10 տարի մարման ժամկետով, որից երեք տարին՝ արտոնյալ: Վարկային միջոցները նախատսվում է ամբողջովին օգտագործել առաջիկա երեք տարիների ընթացքում»,- երկուշաբթի պայմանագիրը կնքելուց հետո ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Ըստ նրա՝ ծրագիրը մեկնարկել է 2005թ.-ին այն բանից հետո, երբ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնությունն էր ձեռք բերվել, որի համաձայն՝ տվյալ ծրագրի շրջանակներում 2006-2007թթ.-ին Հայաստանին տրամադրվել էր երկու տրանշ՝ 6-ական մլն եվրոյի չափով, ինչպես նաև 1,5 մլն եվրո ընդհանուր գումարի չափով վարկ՝ կոնսալթինգային ծախսերն իրականացնելու համար։

«Բանկերի տրամադրած վարկերի վերաֆինանսավորումը կարող է սկսվել այն բանից երեք–չորս ամիս անց, երբ խորհրդարանում կավարտվեն համաձայնագրի վավերացման ձևական ընթացակարգերը»,- պարզաբանեց նա։

Ջավադյանը նշեց, որ միջոցները Հայաստանին են դրամադրվում շուկայական տոկոսադրույքներով, սակայն քանի որ դրանց մի մասը սուբսիդավորվում է  Գերմանիայի կառավարության կողմից, դրույքները բավականին արտոնյալ են լինում:

«Տոկոսադրույքները ֆիքսված են, որոնք մոտավորապես 3% սահմանում կամ ցածր կլինեն»,- պարզաբանեց նա։

ԿԲ ղեկավարը նաև պարզաբանեց, որ հայկական բանկերին վարկային միջոցները գործող ծրագրի շրջանակներում տրամադրվում են 8,25% դրույքով, սակայն շուկայական զարգացումներից կախված՝ դրույքները կարող են վերանայվել։

Իր հերթին KfW-ի փոխնախագահ, Եվրոպայի մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման բաժնի ղեկավար Եվա Վիթը նշեց, որ KfW բանկի համար տվյալ պայմանագրի կնքումը գերմանահայկական համագործակցության շրջանակներում  կարևոր քայլերից մեկն է։

«Այս նախագծով մենք կարող ենք շարունակել հիասքանչ աշխատանքը՝ կարգավորված Գերմանահայկական հիմնադրամի շրջանակներում»,- ասաց նա։

Ըստ Վիթի՝ KfW բանկի համար շատ կարևոր է հայկական իշխանությունների՝ բնակարանային ֆինանսավորման զարգացման, հիփոթեքային շուկայի, ինչպես նաև Հայաստանում երկրորդային շուկայի ձևավորման ջանքերին աջակցություն ցուցաբերելը։

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից:

Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 1995թ.-ից KfW գերմանական բանկի կողմից Հայաստանին մոտ 400 մլն եվրո ներդրումային ռեսուրս է հատկացվել։ Դրանցից 230 մլն եվրոն տրամադրվել է, իսկ դրանցից մոտ 150 մլն եվրոն փաստացի ներդրված է։

Հատկացված 400 մլն եվրոյից 325 մլն եվրոն ծախսվում է միջկառավարական ֆինանսական համագործակցության վրա, իսկ 75 մլն եվրոն՝ առանց պետական մասկացության և երաշխավորման ուղղակիորեն տրամադրվել է կոնկրետ ընկերություններին։

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 2009-2010թթ.-ին KfW գերմանական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 110 մլն եվրո։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև