HSBC-Հայաստան բանկի ղեկավարը ողջունում է հայկական բանկերի միավորումը

04.05.2010 15:28
HSBC-Հայաստան բանկի ղեկավարը ողջունում է հայկական բանկերի միավորումը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Klifford) ողջունում է հայկական բանկերի միաձուլումը:

«Հայաստանի բանկերի թիվը փոքր-ինչ մեծ է նման փոքր երկրի համար: Ես ողջունում եմ երկու բանկերի միաձուլումը, որը տեղի է ունեցել վերջերս Հայաստանի բանկային համակարգում: Մենք կարծում ենք, որ դա լավ կլինի ընդհանուր շուկայի համար», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Երկու հայկական բանկերի՝ Ամերիաբանկի և Կասկադ բանկի միաձուլման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2010 թ.-ի նոյեմբերը: Ամերիաբանկի սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» կիպրոսյան ընկերությունն արդեն դարձել է Կասկադ բանկի բաժնետեր: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ Քափիթլ Հոլդինգս» ընկերության («Կասկադ բանկ» ՓԲԸ-ի բաժնետեր) միջև պայմանագրի կնքման մասին հայտարարվել է 2010 թ.-ի մարտին, ինչից հետո ապրիլի 7-ին գործարքը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Խոսելով Հայաստանի բանկային համակարգի մասին՝ Քլիֆորդը նշել է, որ հայկական բանկերը լավ վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև լավ կապիտալիզացված են:

«Իրականում Հայաստանի բանկային համակարգի կապիտալիզացման միջին մակարդակը մի քանի անգամ գերազանցում է շատ երկրների նմանատիպ մակարդակը», - ընդգծել է նա:

Քլիֆորդի խոսքերով, այս համատեքստում դա բանկային համակարգի կայունության համոզմունք է տալիս: «Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդային է», - ավելացրել է նա:

2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում 22 բանկ է գործում: Հայկական բանկերի ընդհանուր ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 1383,6 միլիարդ դրամ: (1 դոլարը 384,47 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև