Հայ վետերաններն առաջիկա ամսում կստանան ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումները

06.05.2010 15:15
Հայ վետերաններն առաջիկա ամսում կստանան ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումները

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայրենական պատերազմի հայ վետերաններին ԽՍՀՄ Խնայբանկում սառեցված ավանդների փոխհատուցումները կսկսեն վճարվել առաջիկա ամսվա ընթացքում, ասաց ՀՀ աշխատանքային և սոցիալական ապահովության փոխնախարար Արտյոմ Ասատրյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է Հայրենական պատերազմի վետերաններին ԽՍՀՄ նախկին «Խնայբանկում» մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը տեղադրված ավանդների փոխհատուցումների վճարման կարգը:

«Կարվի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վետերանները ստանան իրենց ավանդների փոխհատուցումները», - հինգշաբթի լրագրողներին ասաց Ասատրյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշումը:

Նրա խոսքերով, բավականին մեծ ծավալով աշխատանք է նախատեսվում հատուկ ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից՝ վետերանների կողմից փոխհատուցումները ստանալու գործընթացն առավելագույն չափ դյուրացնելու համար:

«Նախատեսվում է, որ կձևավորվի փոխհատուցումները ստացող վետերանների կենտրոնացված ցուցակ, որի հիման վրա տարածքային մարմիններին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն, ինչից հետո սոցաշխատակիցները հաշվառման աշխատանքներ կանցկացնեն», - ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովը 2010 թ.-ի ապրիլի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «2010 թ.-ի ՀՀ պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխությունների համաձայն՝ Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ծրագրվում է Հայրենական պատերազմի վետերաններին արտահերթ վճարել «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումները:

Փոխնախարարը պարզաբանեց նաև, որ վետերաններն իրենց տանը կլրացնեն դիմումների համապատասխան ձևերը և կտրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես՝ խնայգրքույկները, որտեղ պետք է նշված լինի մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը Խնայբանկում տեղադրված ավանդի գումարը:

«Մենք պայմանավորվածություն ունենք ՎՏԲ-Հայաստան բանկի հետ գումարների զուգադրման մասին վճարումների ճշտման համար», - ասաց Ասատրյանն՝ ավելացնելով, որ նախնական հաշվարկներով՝ վճարումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 900 միլիոն դրամ:

Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ԽՍՀՄ Խնայբանկում տեղադրված «սառեցված» ավանդների փոխհատուցումները վճարվում են միայն այն անձանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2006 թ.-ի ապրիլի 1-ը ներառվել են նպաստ ստացող ընտանիքների ցուցակներում: Միաժամանակ ավանդները վճարվելու են, ըստ առաջնահերթության, կախված շահառուների առանձին սոցիալական խմբերին պատկանելուց:

«Սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման համար 2010 թ.-ին պետբյուջեից կհատկացվի 1,7 միլիարդ դրամ: (1 դոլարը 385,55 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև