ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

07.05.2010 13:59
ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի վեց խոշորագույն բանկերի մասնատման մասին օրինագիծը: Լիբերալ դեմոկրատների առաջարկած օրինագծի օգտին քվեարկել է 33 սենատոր, դեմ՝ 61 սենատոր, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալտինգ ընկերությունը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Փաստաթղթի կողմնակիցները նշում էին նման գործողությունների անհրաժեշտությունն այն պատճառով, որ նման «հսկաներից» գոնե մեկի  սնանկացումը կարող է ֆինանսական ճգնաժամի հանգեցնել: «Խնդիրը մեծությունը չէ, այլ կարգավորման համակարգը», - քվեարկության արդյունքները մեկնաբանել է օրինագծին դեմ քվեարկած սենատորներից մեկը: «Կանադայում նման խնդիրներ չեն ծագում, իսկ նրանց բանկերը շատ ավելի խոշոր են, քան մերը»:

Միաժամանակ սենատորները կողմ են քվեարկել բանկային հատվածի կարգավորման հարցում մի շարք լրացումներին, որոնց թվում են Դեպոզիտների ապահովագրության կորպորացիայի կողմից բանկային ավանդների ապահովագրման պայմանների փոոփոխությունը և արժեթղթերի մեքենայության հետաքննության գործում դաշնային կարգավորիչ մարմինների լիազորությունների ընդլայնումը:

Հիշեցնենք, որ ամերիկյան խոշոր բանկերի ծավալների փոքրացման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը տարեսկզբին խիստ քննադատության ենթարկվեց ֆինանսական շուկայի առաջատար խաղացողների կողմից: Բրիտանական Barclays բանկի նախագահ Բոբ Դայմոնդը մասնավորապես նշել է, որ այդ առաջարկը դժվար թե լուծի գոյություն ունեցող տնտեսական խնդիրները: «Եթե մենք սկսենք խոսել այն մասին, որ խոշոր բանկերի գոյությունը լավ չէ, ապա դա կարող է չափազանց բացասաբար ազդել համաշխարհային առևտրի և տնտեսության վրա», - ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահը, այլևս երբեք ամերիկացի հարկատուները չեն դառնա գերիները բանկերի, որոնք չափազանց մեծ են փլուզվելու համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև