Հայաստանը կրկնակի բարձրացնում է բնակչության բանկային ավանդների երաշխավորումը

24.06.2010 19:18
Հայաստանը կրկնակի բարձրացնում է բնակչության բանկային ավանդների երաշխավորումը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները հինգշաբթի տեղի ունեցած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել «ՀՀ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում։

Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, փոփոխություններով նախատեսվում է ավելացնել քաղաքացիների ավանդների երաշխավորման չափը։ Եթե նախկինում արտարժութային ավանդների դեպքում խոսքը 1 մլն դրամի ավանդների երաշխավորման մասին էր, իսկ դրամային ավանդների դեպքում՝ 2 մլն դրամի մասին, ապա ներկայումս առաջարկվում է ավելացնել այդ չափը և հասցնել այն, համապատասխանաբար, մինչև 2 մլն դրամի և 4 մլն դրամի։

Բացի այդ Ավանդների երաշխավորման հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են կառավարության, խորհրդարանի, գերմանական KfW, Հայաստանի առևտրային բանկերի ներկայացուցիչներ, հինգ տարին մեկ անգամ կվերանայեն ավանդների երաշխավորման չափերը։

Ֆորսմաժորային իրավիճակների դեպքում, երբ վտանգի տակ է հայտնվում Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը, առաջարկվում է վերանայել նաև երաշխավորման չափը, իսկ Հայաստանի կառավարությանը Հիմնադրամին բյուջետային երաշխավորման տրամադրման և Կենտրոնական բանկի կողմից Հիմնադրամին համապատասխան վարկի տրամադրման հնարավորություն է տրվում։

Իր հերթին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ փոփոխությունների կատարումը կհանգեցնի երկրում տոկոսադրույքների նվազեցմանը և հանրապետությունում ընդհանուր տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Հայաստանում քաղաքացիների բանկային ավանդները երաշխավորում է Ավանդների փոխհատուցման երաշխավորման հիմնադրամը, որը հիմնվել է երկրի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ։

Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման երաշխավորումն է բանկի անվճարունակության դեպքում։ Ավանդները երաշխավորվում են Հայաստանի բոլոր 22 բանկերում, իսկ երաշխավորվող դրամային ավանդի առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ։ Արտարժույթով արտահայտված ավանդների համար երաշխավորվող ավանդի առավելագույն գումարը կազմում է 1 մլն դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post