Հայաստանում դեպոզիտների շուկան աճում է, դրույքները՝ նույնպես

30.06.2010 16:50
Հայաստանում դեպոզիտների շուկան աճում է, դրույքները՝ նույնպես

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում աճ է նկատվում դեպոզիտների շուկայում։ Այսպիսով, հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունների համախառն ծավալը, դեկտեմբերի 31-ի համեմատ, մայիսի 31-ի դրությամբ 1,9 տոկոսով աճել է և կազմել 661,8 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների)։

Թվում էր, թե այս դեպքում պետք էր նաև տոկոսադրույքների նվազեցում ակնկալել։ Իրականում մենք տեսնում ենք, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար միջին կշռված տոկոսադրույքը՝ մինչև մեկ տարի և մեկ տարուց ավել դրամային դեպոզիտով, ընդհակառակը, մայիսին, 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է՝ 8,3 տոկոսի փոխարեն կազմելով 9,8 տոկոս և 9,4 տոկոսի փոխարեն 10,1 տոկոս համապատասխանաբար։

Մայիսի վերջին, 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար միջին կշռված տոկոսադրույքի աննշան նվազում է նկատվում արտարժույթի դեպքում՝ 7,6%-ից 7,5% և 7%-ից 6,9% համապատասխանաբար։

Բանկերի դեպոզիտային բազայի ծավալի ավելացման ազդեցության տակ տնտեսության իրական հատվածը, այդ թվում հենց բնակչությունը, կարող են առավել էժան վարկեր ստանալ։ Սակայն դա չի նկատվում Հայաստանի ֆինանսական շուկայում, և չնայած ֆիզիկական անձանց համար վարկերի դրույքն անփոփոխ է մնացել՝ 17,9 տոկոս, իրավաբանական անձանց համար դրույքը արտարժույթով վերջին ամիսների ընթացքում 12,5 տոկոսից աճել է 12,8 տոկոսի։

Դրա հետ մեկտեղ ինչպես բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսների, այնպես էլ բանկային դեպոզիտների տոկոսների վրա էական ազդեցություն է գործում վերաֆինանսավորման դրույքը։ Կոմերցիոն բանկերը կողմնորոշվում են այդ դրույքով՝ բնակչությանն առաջարկվող դեպոզիտային ապրանքների վրա տոկոսներ հաստատելու ժամանակ։ Այդ պատճառով կարճ ժամանակահատվածում վերաֆինանսավորման դրույքի բարձրացմանն է (2010թ.-ի ընթացքում այն հինգ անգամ բարձրացել է՝ հասնելով 5,0-ից հասնելով 7,25 տոկոսի) հետևել նաև ավանդների դրույքների բարձրացումը։

Հետաքրքիր է նշել, որ մի շարք փորձագետներ չեն կանխատեսել տոկոսադրույքների փոփոխությունները՝ կապելով այն Կենտրոնական բանկի կողմից անցկացվող գնաճի զսպման խիստ դրամական քաղաքականության հետ։

Ըստ Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանի՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում տոկոսադրույքների կտրուկ տատանումներ չեն եղել։

Նա նշեց, որ շուկայում մեծ լիկվիդայնության պայմաններում, դրույքները պետք է նվազեն, բայց բանկերը հակված են դեպոզիտների տոկոսադրույքների բարձրացմանը։ Մկրտչյանը դա բացատրեց տնտեսության մեջ ակտիվության որոշակի աճով, որը նկատվել էր դեռ անցած տարվա երկրորդ կեսին։ Ըստ նրա գնահատականի, վարկավորման ծավալների մեծացումը կհանգեցնի լրացուցիչ միջոցների պահանջարկի աճի։ «Եթե բանկերն այժմ դեռ լրացուցիչ միջոցների կարիք չեն զգում, ապա արդեն մոտ ապագայում կարող է այդպիսի խնդիր առաջանալ, և այդ ժամանակ էլ տոկոսները կբարձրանան»,- ասաց Մկրտչյանը։

Միաժամանակ, ըստ ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում դոլարային վարկերի տոկոսադրույքները բավական ինտենսիվ կերպով են նվազում։ Այսպիսով, արտարժույթով կորպորատիվ վարկերի տոկոսադրույքներն ընթացիկ տարվա առաջին եռամյակի ընթացքում 4 տոկոսով նվազել են, ինչը պայմանավորված է շուկայի պահանջարկով, որն արժութային վարկերի առավել ցածր դրույքներ է թելադրում։ Ակնհայտ է, որ արժութային վարկերի դրույքների նվազումը արժութային դեպոզիտների դրույքների նվազման է բերում։

Այդ կարծիքին է  նաև ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ ասելով, որ առաջին հինգ ամիսների ընթացքում տոկոսադրույքներն ինչպես վարկերի գծով, այնպես էլ արտարժութային ավանդների գծով միջինը 1,5-2 տոկոս անկում են ապրել, և կարճ ժամանակում արտարժութային դեպոզիտների տարեկան 6 տոկոսը կգրանցվի որպես միջին տոկոս։

Ինչ վերաբերում է դրամային ավանդներին, ապա այդ դրույքներով առաջխաղացում չկա, և մոտ ժամանակներում դրանց նվազեցման միտումներ չեն նկատվի։ Ղուկասյանը բացատրեց, որ շուկան է այդպես թելադրում, քանի որ դրամային զանգվածը, որը հասանելի է բանկերին, և բանկերի կողմից այդ միջոցների պահանջարկը հավասարակշիռ դրության մեջ են գտնվում։

Իսկ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ տոկոսադրույքների քաղաքականությունը (խոսքը վերաֆինանսավորման մասին է) ֆինանսական շուկաների թույլ պայմաններում ուղղակի չի աշխատում, և բանկային հատվածի վրա ոչ մի կերպ չի ազդի։

Կատարյալ կլիներ, եթե դեպոզիտների տոկոսները, որոնք ավելանում են ավանդի գումարին, օգնեին բնակչության կողմից ներդրված միջոցների արժեքի աճին։ Գնաճի պայմաններում դեպոզիտի վերաբերյալ տվյալ տոկոսը պետք է ապահովագրական դեր խաղա և փոխհատուցի ներդրողի կորցրած միջոցները։

Բայց գործնականում այլ է՝ ստացված տոկոսը շատ հաճախ չեն փոխհատուցում արժեզրկված միջոցները, քանի որ գնաճը մշտական աճի մեջ է գտնվում։ Մասնավորապես՝ եթե հունվարին այն 7 տոկոս է կազմել՝ 2009թ.-ի հունվարի համեմատ, ապա ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում գնաճը 7,6 տոկոս է կազմել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ստացվում է, որ գնաճն աղետալի ազդեցություն է ունենում խնայողությունների իրական արժեքի վրա՝ զրկելով ներդրողին իր կուտակածի մի մասից։ Իսկ այն դեպքում, եթե ներդրողն արժութային դեպոզիտի վրա փող է բանկ դրել, օրինակ, 6,9 տոկոս տարեկան դրույքով, գնաճի դեպքում 7,6 տոկոս տոկոսային եկամուտի փոխարեն նա բախվում է իր ներդրած միջոցների արժեզրկմանը։ Նույնը տեղի է ունենում դրամային ներդրումների դեպքում:

Ամեն բան հաշվի առնելով՝ հարցը, թե որտեղ ներդնել սեփական խնայողությունները, որպեսզի դրանք մեռած բեռ չդառնան, գնաճը  չարժեզրկի և եկամուտ բերեն, առավել քան արդիական է դառնում։

Հասկանալի է, որ մեր քաղաքացիները մեծ մասամբ դեռ չեն սովորել ներդրումային գործիքների բոլոր բազմազանությունից օգտվել՝ բացառությամբ բանկային դեպոզիտների։

Միաժամանակ հույսը դնել, որ դեպոզիտները կարող են էապես ավելացնել ներդրողի կապիտալը, սխալ կլիներ, տվյալ պահին ներդրումների վերաբերյալ իրական եկամտաբերությունը գրեթե զրոյի է հասնում։ Ավելի շուտ, սա փողը գնաճային ռիսկերից պահպանելու գործիք է։ Կարելի է փորձել գուշակել արժույթը և թույլ չտալ գնաճին ուտել խնայողությունը։ Քանի որ դոլարներով և եվրոյով խնայողությունը  ավելի շուտ է արժեզրկվում, քան հայրենական արժույթովը, բնական է, որ ավելի լավ է դրամական դեպոզիտներ ներդնել։

Այս իրավիճակում, ակտիվ արժութային շահարկումներ ձեռնարկելը ռիսկային է։ Խնայողությունների համար գլոբալ կողմնորոշիչ պետք է ծառայի ենթադրյալ  ծախսերի արժույթը։ Եթե առքը դրամով լինի, ապա խնայողությունները դրամով պահելը ճիշտ է։ Մասամբ այդ ընտրությունը դրամային դեպոզիտների վրա առավել բարձր դրույքներով է փոխհատուցվում։ Եվ հենց այդ դեպոզիտներն այսօրվա դրությամբ առաջարկվում են առավել շահութաբեր պայմաններով։ Հայաստանի բանկերի շուրջ 70 տոկոսը դեպոզիտներ են տրամադրում 10-11 տոկոս դրույքաչափով մեկ տարուց ավել ժամանակով։

Այսպիսով, ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը խորհուրդ է տալիս հավատալ ազգային արժույթին, և ոչ այն պատճառով, որ այն ամենահզորն է, այլ, որ այն կայացած արժույթ է։ Ըստ նրա, կայուն ազգային արժույթի առկայության դեպքում չպետք է վստահել արտարժութային դեպոզիտներին։ Ղուկասյանը նշում է, որ քանի որ շուկան զարգանում է և առաջ ընթանում, կարելի է օգտվել ներդրումների այլընտրանքային մեթոդներից՝ ներդրումներ կատարել արժեթղթերում՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, թանկարժեք մետաղներ, ներդրումներ կատարել տարբեր ընկերություններում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post