Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարները. ծրագրեր, նպատակներ, խնդիրներ

06.07.2010 15:44
Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարները. ծրագրեր, նպատակներ, խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում իր երկօրյա աշխատանքն է ավարտել ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսը:

Կոնգրեսի ավելի քան 200 մասնակիցներ ԱՊՀ երկրների պարտատոմսային շուկայի առավել հրատապ խնդիրները քննարկելու, կուտակած փորձը փոխանակելու, նոր գործնական կապեր հաստատելու հնարավորություն ունեին: Միջոցառման կազմակերպիչն էր Cbonds լրատվական գործակալությունը՝ «NASDAQ OMX Արմենիա» հայկական ֆոնդային բորսայի և «ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվական աջակցությամբ:

Համաժողովի թեմաների և կլոր սեղանների շրջանակներում կազմակերպված քննարկումների շարքում Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և հետխորհրդային այլ երկրներից ու հեռավոր արտասահմանից Երևան ժամանած մասնակիցները ներկայացրել են Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացման գործընթացներն ու փուլերը՝  նպատակ ունենալով դրանց նկատմամբ գրավել միջազգային հանրության ներդրումային շահագրգռվածությունը:

Այս պահի դրությամբ ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի ֆոնդային շուկայի ծավալը կազմում է 0,01 տոկոսից փոքր-ինչ ավել: Միաժամանակ բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկայի ծավալը բորսայում կազմում է շուրջ 5 միլիոն դոլար: Շուկան, հատկապես պետական պարտատոմսերի բորսային շուկան կարելի է վերածնված համարել: Բոլոր շուկաներում աճ է նկատվում, հնարավոր է, որ ծավալները ոչ բոլորին են գոհացնում, սակայն օրինակ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի աճի առկա տեմպերը 2008թ.-ի համեմատ կազմում են 370 տոկոս:

Անցում փոխադարձ հաշվարկների Т+3 մեխանիզմի

«NASDAQ OMX Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը մասնակիցներին ընդհանուր առմամբ ներկայացրել է բորսայի հիմնական գործունեությունը և այն ռազմավարական ուղղվածությունները, որոնց համաձայն, բորսան կգործի 2010-2011 և հետագա տարիների ընթացքում:

Բորսայում արժենշված ընկերությունների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում բանկային գործունեության ոլորտում գործող ձեռնարկություններին (28 տոկոս), 11-ական տոկոս բաժին է հասնում սարքավորումների արտադրության, մետաղագործության, էներգետիկայի, առևտրի և շինարարության ոլորտներին, 6-ական տոկոս՝ շինանյութերի արտադրությանն ու վաճառքին, ինչպես նաև ալկոհոլային հյութերի արտադրությանը, 5-ական տոկոս՝ ոսկերչության ոլորտին:

Հիմնական նպատակների թվում Մելիքյանը նշեց ֆոնդային բորսայի առևտրային համակարգի փոփոխման անհրաժեշտությունը, ինչպես նաև շուկայի սպասարկման ծրագրային ապահովման փոփոխությունը, որը պետք է տեղադրված լինի Կենտրոնական դեպոզիտարիայում:

Բացի այդ, նախատեսվում է փոխադարձ հաշվարկներ կատարելու համար այսօր բորսայում գործածվող Т+0 մեխանիզմից անցում կատարել Т+3 այլընտրանքային մեխանիզմի՝ պահպանելով ֆինանսական գործիքների և դրամական միջոցների 100 տոկոսանոց դեպոնացման սկզբունքները: Մելիքյանի խոսքերով՝ Т+3 մեխանիզմին անցնելիս կբարձրանա արժեթղթերի շուկայի լիկվիդայնությունը: Խոսելով նոր համակարգի առավելությունների մասին՝ նա նշեց, որ փոխադարձ հաշվարկները, այդ թվում նաև վճարումներն ու բաժնետոմսերի փոխանցումը կիրականացվեն գործարքի ավարտից երեք օրվա ընթացքում, այլ ոչ թե անմիջապես գործարքից հետո, ինչպես դա տեղի է ունենում հիմա:

Տեսական ենթադրություններ անելով այն մասին, որ եթե երեք օրվա ընթացքում վճարումը չի իրականացվում՝ գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ այդ դեպքում գոյություն ունի երաշխավորող ֆոնդ, որտեղ բոլոր մասնակիցները դրամ են ներդնում: «Եթե մասնակիցը չի վճարում, գումարը տրամադրում է ֆոնդը, բաժնետոմսերը ներկայացվում են վաճառքի, սակայն այս ամենը տեղի է ունենում միայն ֆորս-մաժորային դեպքերում», - ասաց նա:

Ցուցակագրման ընթացակարգի կանոնավորումը

Բորսայի առջև ծառացած կարևոր խնդիրների թվում է նաև այն ընկերությունների թափանցիկության աստիճանի հետագա բարձրացմանն աջակցելը, որոնք ցուցակագրում են անցնում տեղեկատվության տրամադրման նկատմամբ պահանջների բարձրացման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման համակարգի և վերահսկման արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:

Բաժնետոմսերի ցուցակագրման մեջ ներկայացված ընկերությունների թվում են «Արցախ ՀԷԿ»-ը, «Ալմաստը», «Արաքսը», «Արփա-Սևանը», Երևանի ոսկերչական գործարանը, Երևանի շամպայն-գինիների գործարանը, Մաքուր երկաթի գործարանը, ինչպես նաև Զարգացման հայկական բանկը, Արարատբանկը և Հայէկոնոմբանկը: Պարտատոմսերի ցուցակագրման մեջ ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդը», «Վալետտան», «ԻՄԷՔՍ-Գրուպը», «Շեն-Կոնցեռնը», «Էլիտ-Գրուպը», ինչպես նաև «Արարատբանկն» ու «Կոնվերսբանկը»:

Մելիքյանի խոսքերով՝ կենսական կարևորություն ունեցող խնդիրներից մեկը ցուցակագրման ընթացակարգի աստիճանական կանոնավորումն է: Եթե 2008 թ.-ից ցուցակագրման մեջ նոր էմիտենտների ներգրավմանն ուղղված աշխատանքն իրականացվում էր միայն բանկերի, ինչպես նաև ներդրումային և աուդիտորական ընկերությունների հետ, ապա 2010 թ.-ից քաղաքականությունը կփոխվի, և «NASDAQ OMX Արմենիա» բորսան ուղղակիորեն կաշխատի էմիտենտների հետ: Իսկ բրոքերական ընկերությունները կներգրավվեն էմիտենտների հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ այս շուկայում էմիտենտին սպասարկելու նպատակով:

Մելիքյանը պարզաբանեց, որ նման որոշումը պայմանավորված է բրոքերական ընկերությունների և բանկերի որոշակի պասիվության հետ, ինչն իր հերթին բացատրվում է ճգնաժամի առկայությամբ: «Այս փուլում մենք գտնում ենք, որ NASDAQ OMX-ը անձամբ է հանդիպելու էմիտենտների հետ, և այն բանից հետո, երբ նրանք կոպիտ ասած «կհավաքագրվեն», նրանք իրենք կընտրեն բրոքերական ընկերություններին», - պարզաբանեց նա:

Բորսայի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս նաև կենսաթոշակային համակարգի սպասարկման գործառույթներին, որն իրականացվելու է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

IPO շուկայի զարգացումը

Մելիքյանը լավատեսական կարծիք հայտնեց «Արցախ ՀԷԿ» ընկերության մասին, որը 2009 թ.-ին առաջինը դուրս եկավ Հայաստանի IPO-ի շուկա: «Չարժե մոռանալ, որ «Արցախ ՀԷԿ» ընկերությունն առաջին IPO-ն իրականացրել է ճգնաժամի թեժ պահին, ընկերությունը վերջերս անցել է ցուցակագրումը, սակայն հետաքրքիրն այն է, որ ընկերությունը փորձում է օգտագործել և օգտագործում է կապիտալի շուկայի բոլոր հնարավորությունները: Այս ամենը տեղի է ունենում դանդաղ տեմպով, սակայն ընկերությունը ներուժ ունի», - ասաց նա:

Գլխավոր տնօրենի խոսքերով՝ առաջիկայում ակնկալվում է «Արցախ ՀԷԿ»-ի ևս երկու էմիսիա, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրողներին: «Նրանց արդեն վստահել է 1011 մարդ, այնպես որ օտարերկրյա ներդրողները պատճառ չունեն ընկերությանը չվստահելու սեփական գումարները», - նշում է Մելիքյանը:

Խոսելով IPO շուկայի զարգացման մասին՝ Մելիքյանը ենթադրեց, որ հնարավոր է՝ հաջորդ էմիսիաներն իրականացվեն սպառողական շուկայում, քանի որ հենց առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում է այսօր առավել շահավետ իրավիճակ ստեղծվել: «Ես շատ մեծ ներուժ եմ տեսնում հենց սուպերմարկետների ցանցերում, սակայն այն բանից հետո, երբ դա ինչ-որ մեկն անի, երկրորդի համար արդեն ավելի դժվար կլինի», - ասաց Մելիքյանը:

Շուկայի կուլտուրայի և ընկալման ձևավորումը

Մելիքյանն այն կարծիքին է, որ Հայաստանի հասարակ քաղաքացու մոտ բավականին լավ է զարգացած ներդրումային պորտֆելի ձևավորման կուլտուրան: Նրա խոսքերով՝ միակ խնդիրն այն բանի ընկալման անհրաժեշտությունն է, որ կապիտալի շուկան երկարաժամկետ ներդրումներ է ենթադրում:

Բորսայի գլխավոր տնօրենի խոսքերով՝ ամենագլխավորն այն է, որ Հայաստանը ԱՊՀ տարածքի առաջին երկիրն է, որտեղ գործում է NASDAQ OMX-ը: Մելիքյանը խորապես համոզված է, որ ցանկացած երկրում շուկայի զարգացումը հնարավոր է միայն պետության և կառավարության անմիջական մասնակցության դեպքում: «Հայաստանում մենք դա նկատում ենք և կարծում ենք, որ այս երկիրը մեծ ներուժ ունի», - ասաց նա:

Միաժամանակ Մելիքյանը, դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ նրանց համար հետաքրքիր կլինի Հայաստանի զարգացող շուկան: «Հուսով եմ, որ այս կոնգրեսը շատ կօգնի մեր մասնակիցների կողմից փորձ ստանալու տեսանկյունից, իսկ ամենագլխավորն այն է, որ կհաստատվեն գործարար կապեր, որոնք հետագայում կկիրառվեն այս շուկայում», - եզրափակեց նա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև