Հայաստանը պետք է խելամտորեն ծախսի ներգրավված ներդրումները

08.07.2010 11:42
Հայաստանը պետք է խելամտորեն ծախսի ներգրավված ներդրումները

Պրոմսվյազբանկի վերլուծական վարչության ձեռնարկությունների և ոլորտների վերլուծության բաժնի գլխավոր վերլուծաբան Դմիտրի Գրիցկևիչի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

ԱՌԿԱ. Պրն Գրիցկևիչ, այսօր զարգացման ո՞ր փուլում է գտնվում հայկական շուկան:

Դ. Գրիցկևիչ. Այսօր, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Հայաստանի շուկան բաց է դառնում համագործակցության համար, և դա, իմ կարծիքով, բավական դրական փաստ է: Կարծում եմ, որ նման մոտեցումը կհանգեցնի նրան, որ շուտով հնարավոր կլինի խոսել հայկական շուկայի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանելու մասին, ինչն ամեն դեպքում դրականորեն կազդի շուկայի զարգացման վրա:

«ԱՌԿԱ». Այսօր ԱՊՀ երկրներից ո՞րն է տնտեսության և շուկայի զարգացման ճիշտ ճանապարհով գնում, և ու՞մ փորձը կարող է կիրառել Հայաստանը:

Դ. Գրիցկևիչ. Ինչ վերաբերում է ԱՊՀ շուկային, հետաքրքիր է Ղազախստանի փորձը: Այդ երկիրն ի սկզբանե, դեռ տնտեսական ճգնաժամի ընթացքում, իր տնտեսությունը եվրոպականացնելու ուղին բռնեց՝ բանկային հաշվետվությունը միջազգային չափորոշիչների փոխելով, ու դա արեց Ռուսաստանից առաջ: Միջազգային չափորոշիչների հաշվետվություններ ասելով՝ նախևառաջ պետք է հասկանալ բոլոր տվյալների մասին լիակատար ու հստակ հաշվետվությունը: Այդ գործողությունները ինքնաբերաբար գրավում են արտասահմանյան ներդրողներին՝ մեծացնելով երկրի տնտեսության մեջ ներդրումների քանակը, համապատասխանաբար երկիրը զարգացման հսկա շուկա և պարտքը մարելու հնարավորություն է ստանում: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ուշադրության տակ ունենա Ղազախստանի փորձը:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում եվրապարտատոմսերի ձևով ներգրավվող փոխառու միջոցների օգնությամբ երկիրը կարողացավ փրկել բանկային համակարգը, խուսափել լիկվիդայնության ճգնաժամից, ինչի արդյունքում ծաղկեց պարտատոմսերի շուկան, և դա բազմաթիվ ներդրողների գրավեց:

«ԱՌԿԱ». Ի՞նչը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման խթան դառնալ:

Դ. Գրիցկևիչ. Դրանք այն ներդրումներն են, որոնք կարող են ներգավվել միջազգային բաց ու ազատ համագործակցության հաշվին, և իհարկե դա հայկական իշխանությունների արագ և գրագետ որոշումներ կայացնելու ունակությունն է: Կարող եմ Հունաստանի ոչ ճիշտ աշխատանքի օրինակը բերել, երբ նա իր տնտեսությունը փրկելու համար 7-ից 10 միլիարդ դոլար խնդրեց, բայց 4 ամիս անց իրավիճակն այնքան բարդացավ, որ ևս 100 միլիարդի կարիք զգացվեց:

Այսօր անհնար է աշխատել ու ճգնաժամային իրավիճակներից միայնակ դուրս գալ՝ հաշվի առնելով, որ մենք գլոբալիզացված աշխարհի մի մասն ենք: Պետությունը կարող է զարգանալ նաև վարկերի հաշվին, քանի որ միայն սեփական եկամտով հեռու չես գնա:

«ԱՌԿԱ». Սակայն մյուս կողմից այդ վարկերը պետության համար բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել:

Դ. Գրիցկևիչ. Այո, ցանկացած պետության համար պարտքը վատ բան է: Սակայն առանց հավելյալ միջոցների դժվար է զարգացում պատկերացնել: Ես ծանոթ չեմ Հայաստանի տնտեսական քաղաքականության բոլոր մասնիկներին, որը ՀԲ-ից ու ԱՄՀ-ից վարկեր է վերցնում, սակայն կարող եմ վստահաբար  ասել, որ այն վարկերը, որոնք ծախսվում են որոշակի նպատակների համար, վերջին հաշվով, դրական արդյունքների են բերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև