ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը «Էլիտ գրուպ» հայկական շինարարական ընկերությանը 9 միլիոն դոլարի վարկ կտրամադրեն

09.07.2010 16:50
ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը «Էլիտ գրուպ» հայկական շինարարական ընկերությանը 9 միլիոն դոլարի վարկ կտրամադրեն

ԱՂՎԵՐԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Էլիտ գրուպ» հայկական շինարարական ընկերությանը 9 միլիոն դոլարի վարկ կտրամադրեն Երևանի կենտրոնում 18 հարկանի գրասենյակային շենք կառուցելու նպատակով:

Ուրբաթ համապատասխան համաձայնագիրը ստորագրել են երեք կողմերի ներկայացուցիչները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Կոտայքի մարզ այցելության շրջանակներում:

Համաձայնագրի շրջանակներում ՄՖԿ-ն կհատկացնի 5,4 միլիոն դոլար, ՎԶԵԲ-ը՝ 3,6 միլիոն դոլար:

Կառուցվելիք շենքը նախատեսված է մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների գրասենյակների գործունեության, կոնֆերանսների և ցուցահանդեսների անցկացման համար:

Համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ՀՀ վարչապետը նշեց միջազգային կազմակերպությունների հետ «Էլիտ գրուպի» հաջող համագործակցությունը:

Նրա խոսքերով՝ ժամանակակից շենքի կառուցումը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին և Հայաստանում կնպաստի բիզնես միջավայրի զարգացմանը:

ՄՖԿ-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկն իր հերթին նշեց, որ կազմակերպությանը տրամադրվող միջոցները կաջակցեն տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող անշարժ գույքի և շինարարության ոլորտին և երկրում զբաղվածության ապահովմանը:

«Ուրախ ենք, որ «Էլիտ գրուպի» հետ համագործակցությունը թույլ կտա բոլոր չափորոշիչներին համապատասխանող գործարար կենտրոն ստեղծել», - ասաց նա: Լյուբեկը նաև ավելացրեց, որ պատրաստ են համագործակցել նաև այլ հայկական կազմակերպությունների հետ:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի առաջատար բանկիր Ալեքսանդր Բաբայանը նշեց, որ սա Հայաստանում երկու ֆինանսական կազմակերպությունների առաջին համատեղ նախագիծն է:

Նա ասաց, որ բազմաֆունկցիոնալ գրասենյակային շենքը տարբերվում է որակով և համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին:

«Էլիտ գրուպ» ընկերությունն իրականացնում է բնակելի և հանրային էլիտար համալիրների շինարարություն, ներքին հարդարման, դիզայնի, շենքի սպասարկման աշխատանքներ: 2009 թ.-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությանը 2,5 միլիոն դոլարի պետական երաշխիքներ տրամադրել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև