ՎՏԲ -Հայաստան Բանկը պարգևատրել է «Կենգուրու» միջազգային մրցույթի հայ հաղթողներին

02.08.2010 17:58
ՎՏԲ -Հայաստան Բանկը պարգևատրել է «Կենգուրու» միջազգային մրցույթի հայ հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը երկուշաբթի շնորհավորել է Հայաստանում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին և հանձնել նրանց հավաստագրեր ու դեպի Բուլղարիա ինքնաթիռի տոմսեր, որտեղ հաղթողները մեկ շաբաթ կգտնվեն միջազգային մանկական ճամբարում Ռուսաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից ժամանած այլ երեխաների հետ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է Հայաստանում արդեն երկրորդ տարին՝ ՀՀ ԿԳ նախարարության բարձր հովանու ներքո, մրցույթի կազմակերպիչն է «Այբ» հիմնադրամը, գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան բանկը:

Այս տարի Հայաստանում «Կենգուրու» մրցույթի հաղթողներ են դարձել ութերորդ դասարանցիներ Էդգար Մինասյանը՝ Երևանից և Աբրահամ Գրիգորյանը՝ ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղից:

«Տարեցտարի Հայաստանում ավելի շատ երեխաներ են հայտնվում, ովքեր մրցույթի ժամանակ հիանալի արդյունքներ են ցուցադրում, ինչը վկայում է կրթության դրական զարգացման մասին: Համոզված եմ, որ երեխաները կշարունակեն սովորել, կավարտեն համալսարանն ու կօգնեն Հայաստանի հաջող զարգացման գործին... Հայաստանում արժանի սերունդ է աճում, հուսով եմ, որ դպրոցն ու համալսարանն ավարտելուց հետո նրանք կաշխատեն մեր բանկում», - ասաց Օվսյաննիկովը մրցանակաբաշխության ժամանակ:

«Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին նշեց, որ որակյալ կրթությունը բիզնեսում արված ուղղակի ներդրում է, և վերջերս խոշոր բիզնեսը գիտակցում է դա՝ օգնելով շնորհալի երեխաներին:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթը տարեցտարի ավելի մեծ մասսակայանություն է վայելում, եթե նախորդ տարի մրցույթին մասնակցել է շուջ 30 հազար դպրոցական, ապա այս տարի նրանց թիվն արդեն 40 հազար է, ովքեր իրենց մաթեմատիկական գիտելիքներ են ցուցադրել:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Առաջին անգամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը կազմակերպվել է 1991 թ.-ին Փարիզում, իսկ 1994թ.-ից այն միջազգային կարգավիճակ է ստացել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև