ՎԶԵԲ-ը Արարատբանկին 5 մլն դոլար վարկ կտրամադրի

05.10.2010 11:52
ՎԶԵԲ-ը Արարատբանկին 5 մլն դոլար վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և Արարատբանկը ստորագրել են նոր վարկային պայմանագիր, որի արդյունքում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի  Հայաստանի փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, տեղեկացնում է Արարատբանկի մամուլի ծառայությունը:

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և Արարատբանկն փոխշահավետ ու երկարաժամկետ  համագործակցության նոր փուլ են արձանագրել:

Պայմանագիրը ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը ևՎերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նոր վարկային պայմանագրի կնքումը կողմերի միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցության բնականոն շարունակությունն էր, որը սկսվել է դեռևս 2008թ. սկզբից»,- ասվում է հաղորդագրությունում։

2008 թվականի հունվարին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը և Արարատբանկը ստորագրեցին առաջին վարկային պայմանագիրը, որով առաջին 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվեց փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը և 1 միլիոն ԱՄՆ դոլար` միջազգային առևտրի խթանմանը:

Հաջողությամբ իրականացված բիզնես վարկավորումը խթան հանդիսացավ Արարատբանկի և ՎԶԵԲ-ի հետագա համագործակցության:   2008 թվականի հոկտեմբերին ստորագրվեց Արարատբանկի կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, որը Արարատբանկի գործունեության, իրականացրած ծրագրերի, արձանագրած ցուցանիշների, ռազմավարական զարգացման Արարատբանկի քաղաքականության, հասարակական վստահության և մենեջմենթին տրված գնահատական էր:

«Սկսված համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ թույլ էր տալու ձեռք բերել կորպորատիվ կառավարման ժամանակակից մեթոդոլոգիաներ, բիզնես վարկավորման տեխնոլոգիաներ, որոնք ընձեռում են որակյալ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային սպասարկման հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաջորդ քայլը, ինչպես նշվում է հաղորդագրությունում,  Արարատբանկի և ՎԶԵԲ-ի միջեւ աննախադեպ մարման ժամկետով կնքված 4 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիրն էր, որը որակական նոր հարթություն տեղափոխեց մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վարկավորման զարգացումները Հայաստանում:

Ինչպես հիշեցնում է բանկի մամուլի ծառայությունը, այս պայմանագրի ստորագրմանը նախորդել է Արարատբանկի կապիտալի ավելացման մասին Արարատբանկի և ՎԶԵԲ-ի՝ Զագրեբում ստորագրված պայմանագիրը, որով ՎԶԵԲ-ը նոր բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով շուրջ 600.000 ԱՄՆ դոլարով ավելացրեց իր ներդրումը:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է, որ  բանկը թանկ է գնահատում ինչպես հարաբերությունները և համագործակցությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:

Հարաբերություններն արդեն ձեռք են բերել լուրջ գործընկերային բնույթ, վերածվել են կայուն, զարգացող, ինստիտուցիոնալ համագործակցության, որը ես համարում եմ մեծ կապիտալ Արարատբանկի համար: Միասնական և համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բանկային տեխնոլոգիաներ, կառավարման համակարգեր, այլեւ կուտակել ենք մեծ փորձ, որը ծառայում է ի շահ մեր հաճախորդների եւ Արարատբանկի հեղինակության ու վստահության: Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր գործակցությունը` ունենալու համար նոր եւ կայուն զարգացման էլ ավելի լայն հորիզոններ»,- Օսիպյանի խոսքերն է մեջբերում բանկի մամուլի ծառայությունը։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում:

Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև