2010-ին տնտեսական աճը 3-4%-ի սահմաններում կլինի. Ֆինանսների նախարարություն

06.10.2010 17:05
2010-ին տնտեսական աճը 3-4%-ի սահմաններում կլինի. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կկազմի 3-4 տոկոս, կարծում է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանում հունվար-օգոստոսին 3,1 տոկոսի տնտեսական աճ է արձանագրվել՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից հետո մտել է կայունացման և վերականգնման փուլ, և այս տարի 3-4 տոկոսի սահմաններում տնտեսական աճ է ակնկալվում: Աճի հստակ չափը կախված է տարեվերջի ամիսներից»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարարությունը:

Դավթյանը նշեց, որ տվյալ ցուցանիշն էապես բարձր է երկրի պետբյուջեի կողմից 2010 թվականի համար նախատեսած 1,2 տոկոսանոց աճից:

«Սրանք միանգամայն զգույշ կանխատեսումներ են, և արդեն 2010 թվականի բյուջեի ձևավորման ժամանակ մենք ասել ենք, որ աճը կարող է մեծանալ»,- նկատեց Դավթյանը:

Նախարարն ավելացրեց, որ զսպող գործոն հանդիսացավ գյուղատնտեսությունը, որը թույլ չտվեց ավելի մեծ աճի հասնել: Այս ոլորտում մի շարք պատճառներով, այդ թվում՝ բնակլիմայական, անկում է արձանագրվել:

Դավթյանը նկատեց, որ այս տարի նաև կբարձրացվի երկրի պետբյուջեի եկամուտների ցուցանիշը, այդ թվում, հարկային մուտքերի ցուցանիշը, որոնք Հայստանի պետբյուջեով նախատեսված են 570 մլրդ դրամի չափով: Նախարարի խոսքերով, այս փաստն իրավիճակի բարելավման լավ ազդանշան է:

«Հայաստանի 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 10-ին: Պետբյուջեի եկամտային մասը կազմում է 742 մլրդ դրամ, ծախսերի մասը՝ 935,5 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 193,4 մլրդ դրամ: Հայաստանի պետբյուջեով 2010 թվականին 1,2-տոկոսանոց աճ է նախատեսված: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև