«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է ՀՀ բանկերի 2010թ.-ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

07.10.2010 15:35
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է ՀՀ բանկերի 2010թ.-ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշը 2010թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, ըստ որի առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. Ամերիաբանկ, 2. Ինեկոբանկ, 3. Կոնվերսբանկ, 4. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ, 5. Պրոկրեդիտբանկ։

Ընթացիկ եռամսյակում փոխվել է գրեթե ողջ հնգյակը՝ բացառությամբ Ամերիաբանկի։ 2-ից 5-րդ տեղերը զբաղեցրած բանկերն առաջին անգամ են ընդգրկվել ընթացիկ տարվա մամուլի վարկանիշի առաջատարների հնգյակում։

Ամերիաբանկը երրորդ եռամսյակն անընդմեջ պահպանել է առաջատարի իր դիրքը։ Միաժամանակ ընդհանուր ամփոփիչ ինդեքսն (ԸԱԻ) աճել է 43,1 տոկոսով։ Ինեկոբանկը կտրուկ թռիչք է կատարել (ԸԱԻ աճը՝ 341,3 տոկոս) և 12-րդ տեղից տեղափոխվել է 2-րդ տեղ։ Առաջընթաց է գրանցել նաև Կոնվերսբանկը՝ 9-րդից բարձրանալով 3-րդ տեղ։ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը նույնպես աճ է արձանագրել և 11-րդ տեղից տեղափոխվել է չորրորդ տեղ։ Հնգյակը եզրափակող Պրոկրեդիտբանկը 17-րդից 5-րդ տեղ է բարձրացել։

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ամփոփիչ ինդեքսը, որը բնութագրում է տեղեկատվության թիվը՝ կախված նրա ուղղությունից, կազմել է 3788,35։ Միաժամանակ, 2010թ.-ի երրորդ եռամսյակի առաջատար բանկերի մամուլի վարկանիշի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է 1471-ից մինչև 2086,9։ Մասնավորապես, Ամերիաբանկի ԸԱԻ-ն հասել է 810,5-ի՝ երկրորդ եռամսյակի 566,3 դիմաց, Ինեկոբանկինը՝ 430,6-ի՝ 97,6-ի դիմաց, Կոնվերսբանկինը՝ 300,1-ի՝ 164,1-ի դիմաց, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբինը՝ 274,2-ի՝ 105,1-ի դիմաց և ՊրոԿրեդիտԲանկինը՝ 271,6-ի՝ 33,3-ի դիմաց։

2010 թվականից «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալության մամուլի վարկանիշն էապես թեթևացվել և պարզեցվել է։ Մասնավորապես, վերացվել են բոլոր ենթաբաժինները և ընդհանուր առմամբ ընտրվել է 9 բաժին, ըստ որոնց էլ կբաշխվի տեղեկատվությունը։ Ենթաբաժինների լուծարումն ավելի ընթեռնելի է դարձրել տվյալ արտադրանքը։ Հաճախորդներն արդեն կարող են անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել կոնկրետ բաժիններում։

Հատկանշական է նաև, որ եթե նախկինում տեղեկատվական ազդանշանների առանձնացման համար օգտագործվում էին «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն» «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի» տպագիր մամուլները, ապա դրանց են ավելացել նաև տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ-պորտալները։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ են ընտրվել Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir պորտալները։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին իրազեկումն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների միջոցով:

Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի իրազեկության աստիճանը, այնքան արդյունավետ է դրա հաղորդակցական քաղաքականությունը: Վարկանիշը կազմելիս՝ գովազդային բնույթի տեղեկատվությունն ուսումնասիրության և վերլուծության առարկա չի եղել:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող ենք գտնել 2010 թ.-ի երրորդ եռամսյակի «Բանկերի վարկանիշ» #03(03) տեղեկագրում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև