ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումներն օգոստոսի վերջին 4,2 միլիարդ դրամ են կազմել

07.10.2010 15:36
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումներն օգոստոսի վերջին 4,2 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումներն օգոստոսի վերջին կազմել են 4,2 միլիարդ դրամ՝ հուլիսի ցուցանիշի համեմատ աճելով 1 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի օգոստոս ամսվա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,5 տոկոս: Ժամկետային վարկային ներդրումներն օգոստոսի վերջին, հուլիսի ցուցանիշի համեմատ, ավելացել են 2,3 տոկոսով՝ հասնելով 792 միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 95 տոկոսը: Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 35,9 միլիարդ  դրամի՝ հուլիսի ցուցանիշի համեմատ ապահովելով 5 տոկոսանոց աճ և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,5 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն օգոստոսի վերջին կազմել է 833,2 միլիարդ դրամ՝ հուլիսի վերջի շուրջ 817,4 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 1,9 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 25 տոկոսը, երկարաժամկետ ներդրումներին՝ 75 տոկոսը: (1 դոլարը 360, 52 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև