Հայաստանում ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրավճարների չափը կկազմի տարեկան 19-106 հազար դրամ

08.10.2010 18:59
Հայաստանում ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրավճարների չափը կկազմի տարեկան 19-106 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրման ապահովագրավճարների վերջնական չափը կազմում է տարեկան 19-106 հազար դրամ, ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ ԿԲ խորհուրդը ուրբաթ գրանցել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաստատված ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) սակագները:

Ինչպես ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Գաբրիելյանը, 106 հազար դրամ առավելագույն ապահովագրավճարն ամենակուտակայինն է, այն կկիրառվի միայն գերհզոր, ավելի քան 231 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունեցող մեքենաների նկատմամբ այն պայմանով, որ այդ մեքենայի վարորդները մշտապես փոխվում են և նրանց անհնար է նույնականացնել, նրանցից մեկը երիտասարդ ու անփորձ է, իսկ մեքենան օգտավործվում է որպես տաքսի:

Խոսելով ամենատիպիկ դեպքի մասին՝ նա նշեց, որ խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենայի համար, որի վարորդը 23 տարեկանից բարձր է և նրա վարորդական փորձը գերազանցում է երեք տարին, ապահովագրավճարը կկազմի տարեկան 32 հազար դրամ:

«Ավելի «թեթև» մեքենաների («Զապորոժեց, «Օկա», «Մոսկվիչ» մակնիշի հին թողարկումները, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի «Ժիգուլի» մոդելները) դեպքում, որոնց շարժիչների հզորությունը չի գերազանցում 80 ձիաուժը, տարեկան ապահովագրավճարի չափը կկազմի 25 հազար դրամ», - ասաց նա:

Միաժամանակ Գաբրիելյանն ավելացրեց, որ այս սակագինը տարածվում է նաև 23 տարեկանից բարձր և երեք տարվա վարորդական փորձ ունեցող վարորդների վրա:

«Նմանատիպ պայմաններում եթե վարորդների թիվը սահմանափակ չէ, ապա ապահովագրավճարը կկազմի 41 հազար դրամ», - պարզաբանեց նա:

ԿԲ փոխնախագահը նշեց նաև, որ Խորհուրդը որոշել է հաշվի առնել ութ ռիսկային գործակիցներից չորսը, քանի որ այսօրվա դրությամբ մնացածների կիրառման համար չկան ստույգ տվյալներ:

Այսպիսով, նրա խոսքերով՝ ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկի համար հաշվի են առնվում օրենքով նախատեսված հետևյալ գործոնները՝ տրանսպորտային միջոցի (ՏՄ) տեսակը, ՏՄ-ի օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը (ՏՄ-ի ապահովագրվող և ապահովագրող), ինչպես նաև ՏՄ-ի շարժիչի հզորությունը:

«Հաշվարկելիս հաշվի չի առնվի ՏՄ-ի շահագործման հիմնական տեղը, ՏՄ-ի շահագործման տարեկան ինտենսիվությունը, ինչպես նաև ապահովագրվողի առողջական վիճակի հետ կապված գործոնը», - ասաց Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ ապագայում այս գործոնները ևս հաշվի կառնվեն:

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստի ժամանակ ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանում ԱՊՊԱ-ի պոլիսները կսկսեն վաճառվել 2010 թ.-ի հոկտեմբերի 18-ից: (1 դոլարը 361,17 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև