Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիա է հիմնադրվել ՀՀ-ում

19.10.2010 16:00
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիա է հիմնադրվել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում անցկացվող Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիա են հիմնադրել։

Ինչպես երեքշաբթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այսօր ստեղծվել է սփյուռքի բանկային և ֆինանսական հատվածների ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի նախարարությունների ներկայացուցիչների, Կենտրոնական բանկի և Հայաստանի  բանկերի միության մասնակցությամբ։

«Ասոցիացիան բաց ֆորում կլինի՝ ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով, որի գործառնությունների մեջ կմտնի սփյուռքի ներուժի ու փորձագետների միավորումը»,- ասաց Հակոբյանը։

Տվյալ առթիվ նախարարը նաև առաջարկել է սփյուռքի հայ բանկիրների և ֆինանսիստների տվյալների բազա ստեղծել։

ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր հերթին նշեց, որ ՀԲՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել կազմակերպչական  հարցերը։

«Ասոցիացիայի հիմնական խնդիրը սփյուռքի հայ ֆինանսիստների ներուժի բացահայտումն ու այն դեպի ՀՀ ներուժի զարգացումն ուղղելը կլինի։ Մենք մտադիր ենք փոխադարձ փորձի փոխանակման և կապերի համար հարթակ ստեղծել»,- ասաց Ղուկասյանը։

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 17-19-ը Հայաստանում։ Համաժողովի նպատակն է Սփյուռքի հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստանի և Սփյուռքի միջև փոխգործակցության  արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը,  Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծումը և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանցի  ձևավորումը։

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ  կենտրոնական բանկը և ՀՀ բանկերի միությունը՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև