ՎԶԵԲ-ը 12 մլն դոլարին համարժեք վարկ կհատկացնի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին

21.10.2010 15:17
ՎԶԵԲ-ը 12 մլն դոլարին համարժեք վարկ կհատկացնի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին 12 մլն դոլարին համարժեք դրամով սինթետիկ վարկ կհատկացնի՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար, հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը։

Սա երկրորդ նման վարկն է Հայաստանում։ Առաջին համանման ծրագիրն իրականացվել է 2010թ.-ի մարտին, երբ ՎԶԵԲ-ը Բիբլոս Բանկ Հայաստանին 10 մլն դոլար սինթետիկ վարկ էր հատկացրել՝ մասնավոր հատվածի ֆինանսավորման համար։

«Սինթետիկ վարկն արդյունավետ գործիք է, որը թույլ է տալիս նվազեցնել արժութային ռիսկերը, տեղական արժույթում ավելացնել ֆինանսավորումը և ազգային արժույթում ընդլայնել վարկերի պորտֆելը, որոնք անհրաժեշտ են հիմնական հայկական դրամով իրենց գործունեությունն իրականացնող գյուղական համայնքներին։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի A/B վարկային կառուցվածքի շրջանակներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 9 մլն դոլար կթողնի իր հաշվին, իսկ մնացած 3 մլն դոլարը կսինդիկատավորի Dexia Micro-Credit fund-ում, որը կառավարվում է Շվեցարիայում տեղակայված BlueOrchard առաջատար կոմերցիոն միկրոֆինանսական ներդրումային ընկերության կողմից:

ՎԶԵԲ-ի կողմից հատկացված վարկը կօգնի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին գյուղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ռազմավարությունն ընդլայնել և դիվերսիֆիկացնել ֆինանսական բազան։

«Մենք ուրախ ենք ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ շարունակել մեր հաջող համագործակցությունը։ Այս վարկի միջոցով ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնում»,-ասաց Փոքր և միջին բիզնեսի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Հենրի Ռասելը։

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն իր հերթին նշեց, որ բանկի համար սա առաջին վարկն է ազգային արժույթում։

«Մենք վստահ ենք, որ այս միջոցները մեզ թույլ կտան հայկական դրամով վարկային պորտֆելն ընդլայնել, մասնավոր բիզնեսին կօգնեն հակադրվել արտաքին մարտահրավերներին»,- ասաց նա։

BlueOrchard գործադիր ֆինանսական տնօրեն Ժան Պիեռ Կլամպն ուրախալի է անվանել բանկին առաջին սինթետիկ վարկ տրամադրելու փաստը։

«Մենք հպարտանում ենք, որ աջակցում  ենք կազմակերպությանը, որը զբաղվում է ՀՀ գյուղական համայնքների վարկավորմամբ»,- ասաց Ժան Պիեռ Կլամպը։

ՎԶԵԲ-ը երկար տարիներ համագործակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ՝ ծրագրի շրջանակներում նրան ավելի քան 27 մլն դոլար հատկացնելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև