Պղնձի սպառումն աշխարհում և իրավիճակը Հայաստանում

22.10.2010 13:27
Պղնձի սպառումն աշխարհում և իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Էլեկտրոնիկան, կապը, մեքենաշինությունը, շինարարությունը և սպառողական ապրանքների արտադրությունը, պղնձի օգտագործման ավելացման պատճառով այս մետաղի համաշխարհային արտադրությունը մշտապես աճում է: Վերջին 50 տարվա ընթացքում պղնձի արտադրության ծավալը միջինը ավելացել է տարեկան 6 տոկոսով՝ 2009 թ.-ին հասնելով 18,3 միլիոն տոննայի: Պղնձի համաշխարհային արտադրության առաջատար երկրների առաջին հնգյակում 2009 թ.-ին եղել են Չինաստանը, Չիլին, Ճապոնիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Պղնձի համաշխարհային արտադրությունը բաշխված է հետևյալ կերպ՝ Ասիա (43 տոկոս), Ամերիկա (32 տոկոս), Եվրոպա (19 տոկոս), Աֆրիկա (4 տոկոս), Ավստրալիա և Օվիանիա (2 տոկոս): Սակայն աշխարհում պղնձի արդյունահանման առաջատարներն են Չիլին, Պերուն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ինդոնեզիան, Ավստրալիան:

graf3

2009 թ.-ին պղնձի գլխավոր ներկրողը դարձավ Չինաստանը, որի սպառման մասնաբաժինը նախորդ տարի կազմեց 35,6 տոկոս: Նրան հետևում են Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները, որոնց 2009 թ.-ին բաժին է ընկել համապատասխանաբար 5,53, 14,18 և 11,17 տոկոս: Պղինձ օգտագործող համաշխարհային տնտեսության հիմնական ճյուղերն են էլեկտրոնիկան և կապը (42 տոկոս), շինարարությունը (28 տոկոս), մեքենաշինությունը (12 տոկոս), արդյունաբերական մեքենաշինությունը (9 տոկոս), սպառողական շուկան (9 տոկոս):

graf4

2010 թ.-ի մարտից աշխարհում պղնձի դեֆիցիտ է նկատվում: Համաշխարհային տնտեսության վերականգնումն ու առաջատար երկրներում արդյունաբերական արտադրության աճը հանգեցրեցին պղնձի սպառման աճի: Պղնձի հետազոտման միջազգային խմբի (ICSG) տվյալների համաձայն՝ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում պղնձի օգտագործումը գերազանցել է դրա արտադրությունը, համապատասխանաբար, 116 հազար տոննայով, 72 հազար տոննայով, 97 հազար տոննայով և 84 հազար տոննայով: Ակնհայտ է պահանջարկի և առաջարկի անհամաչափությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պղնձի օգտագործման աճի հիմնական պատճառը դարձավ Չինաստանում սպառման 1,8 տոկոսով ավելացումը, ԵՄ-ում՝ 11,7 տոկոսով, Ճապոնիայում՝ 37 տոկոսով և ԱՄՆ-ում՝ 4,9 տոկոսով ավելացումը: Այսօրվա դրությամբ այս չորս երկրներին բաժին է ընկնում պղնձի օգտագործման 71 տոկոսը: Չիկագոյի ապրանքային բորսայում պղնձի գինը տարեսկզբից ավելացել է 12,49 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 3,84 դոլարի:

Մեր կարծիքով՝ պղնձի հիմնական սպառող երկրներում այդ մետաղի արդյունաբերական պահանջարկը մինչև տարեվերջ շարունակելու է ավելանալ: Չինաստանում, որը պղնձի խոշոր սպառող է (35,6 տոկոս), այս տարի ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են կազմել 10,5 տոկոս: Պղինձ սպառող այլ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և ԵՄ-ում 2010 թ.-ի արդյունքում ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 2,6, 2,7 և 1,6 տոկոս, ինչն այնքան էլ վատ արդյունք չէ ճգնաժամից դուրս գալու պայմաններում:

ԱՄՆ-ում պղնձի կայուն արդյունաբերական սպառումն ու բարձր սպեկուլյատիվ աճը՝ նոր խթանող միջոցների ակնկալիքի ներքո, կնպաստեն պղնձի բորսային գնանշումների աճին: Մեր գնահատականներով՝ մինչև 2010 թ.-ի վերջը պղինձը կարող է թանկանալ՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 3,994 ԱՄՆ դոլարի, ինչը 4 տոկոսով ավելի է ընթացիկ ցուցանիշից: Հաջորդ տարի պղնձի սպառումը, նախնական գնահատականներով, կգերազանցի արտադրությունը 435 հազար տոննայով, ինչը ևս հիմք կդառնա կարմիր մետաղի գների աճի համար, որը կարող է թանկանալ՝ հասնելով 2008 թ.-ի իր առավելագույն գնին՝ մեկ ֆունտի դիմաց 4,27 ԱՄՆ դոլար:

Հայաստանում պղնձի կոնցենտրատի և կոնվերտորային պղնձի արտադրությունը օգոստոսի ընթացքում կազմել է, համապատասխանաբար, 10478 տոննա և 682 տոննա: Հայաստանում հունվար-օգոստոս ամիսների ընթացքում պղձնի արտադրությունը, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 50,84 տոկոսով և կազմել է 83527 տոննա: 2010 թ.-ի հունվար-օգոստոսին լեռնահանքային արդյունաբերությունում արտադրված ողջ արդյունաբերական արտադրանքի նկատմամբ արտադրված պղնձի մասնաբաժինը կազմել է 18,4 տոկոս: Հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի աշխարհում պղնձի սպառումը, նախնական տվյալներով, կգերազանցի արտադրությունը 435 հազար տոննայով, ապա դա կարող է դրականորեն ազդել Հայաստանում պղնձի արտադրության աճի վրա՝ նման կերպով ընդհանուր առմամբ ավելացնելով ճյուղի եկամուտը: Այս փաստը կարող է օժանդակել Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիք կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև