Հայաստանի իշխանություններն աշխատում են գնաճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ

25.10.2010 11:46
Հայաստանի իշխանություններն աշխատում են գնաճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանություններն աշխատում են գնաճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, շաբաթ օրը Ախուրյանում գտնվող շաքարի նոր գործարան այցելելությունից հետո լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ գնաճի հետ կապված հարցը շատ արդիական է, քանի որ գյուղատնտեսական մթերքի շուկայում և, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ: «Իհարկե, այդպես է, և այդ մտահոգությունը մենք էլ ունենք», - մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը սեպտեմբերին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 4,7 տոկոս: Միաժամանակ սեպտեմբերին, 2009 թ.-ի սեպտեմբերի համեմատ, այն կազմել է 8,6 տոկոս, հունվարի-սեպտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այն կազմել է 7,8 տոկոս:

«Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետև ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միևնույն է, թանկացումը միշտ էլ վատ երևույթ է, և այդ երևույթի դեմ մեր պայքարը պետք է էլ ավելի ուժեղանա...», - ասել է ՀՀ նախագահը:

«Մյուս կողմից էլ ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում պետական բյուջեով մենք նախատեսում ենք աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում, և որ հենց սկսենք նոր տարին, ամեն ինչ շատ հարթ է լինելու: Թեև նոր բյուջեն նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոսանոց աճ (գիտեք, նախատեսվում է մշակույթի աշխատողների, ուսուցիչների աշխատավարձի, թոշակների աճ և այլն), միևնույն է, այս խնդիրը դեռևս տևական ժամանակ Հայաստանում լինելու է», - ասել է ՀՀ նախագահը:

«Միակ ելքն այն է, որպեսզի ոչ միայն Ախուրյանում, այլ մեր հանրապետության ողջ տարածքում, ահա այսպիսի գործարաններ կառուցվեն, որպեսզի կայուն և բարձր վարձատրվող աշխատանք լինի: Իսկ եթե աշխատանք լինի, մեր մարդիկ աշխատելով, նման գնաճերի պրոբլեմը, վստահաբար, կլուծեն», - ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս մեծ հեղափոխություններ այս ոլորտում չարժե սպասել:

«Բայց, միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը և պրոբլեմի լուծման ուղղությամբ, իրոք, լուրջ աշխատանք ենք կատարում», - նշել է Սարգսյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև