Հայաստանում ՍԱԶԲ-ի 70 միլիոն դոլարի տասը նախագիծ է իրականացվում

26.10.2010 17:59
Հայաստանում ՍԱԶԲ-ի 70 միլիոն դոլարի տասը նախագիծ է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) 70 միլիոն դոլարի տասը ակտիվ նախագիծ է իրականացվում, ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

«Համեմատության համար բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1 տոկոս, ակտիվ պորտֆելում՝ շուրջ 5 տոկոս, այնպես որ, մեր կարծիքով, լավ վերադարձ է ստացվում», - երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Խոսելով մեկ այլ ցուցանիշի՝ բանկի կանոնադրական կապիտալում ներդրված դոլարի նկատմամբ վերադարձի հարաբերակցության մասին՝ Կոնդակովը նշել է, որ այդ ցուցանիշը Հայաստանաում կազմում է 1:14:

«Այլ կերպ ասած՝ բանկի վճարված կապիտալի (paid-in) մեջ ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց այս պահին ստացվում է բանկի կողմից Հայաստանի տնտեսություն արված պատասխան ներդրում՝ 14 դոլարի չափով», - ասաց նա՝ համարելով այս ցուցանիշը նորմալ և նշելով դրա ավելացման հնարավորության առկայությունը:

Ընդգծելով, որ Հայաստան կատարած պաշտոնական այցը քաղաքավարության այց է, որը վերընտրված նախագահը պետք է կատարի բանկի բոլոր բաժնետեր-երկրներ՝ Կոնդակովը ասաց, որ «Հայաստանը բանկի հարգարժան անդամն է, որի հետ մեզ մոտ լավ համագործակցություն է հաստատվել, և որտեղ մենք հետաքրքիր նախագծեր ենք իրագործում և ապագայի համար հետաքրքիր ծրագրեր ունենք»:

Կոնդակովը նշանակվել է ՍԱԶԲ-ի նախագահի պաշտոնում 2010 թ.-ի հուլիսի 16-ին:

Նրա խոսքերով՝ բաժնետիրական կապիտալում և ակտիվ պորտֆելում բաժնետեր-երկրի մասնաբաժիններն իրար հետ խստորեն կապված չեն:

«Մեր կարծիքով՝ զարգացման ցանկացած բանկ պետք է ձգտի, որպեսզի փոքր բաժնետերերն ավելի շատ գումար ստանան, քան, օրինակ, խոշոր բաժնետերերը», - ասաց նա:

Այս կապակցությամբ ՍԱԶԲ-ի նախագահն ավելացրեց, որ նման փոքր բաժնետեր-երկրները, որոնցից է նաև Հայաստան, բանկում հինգն են, բանկի կապիտալում նրանց մասնաբաժինը կազմում է 9,5 տոկոս, իսկ բանկի ակտիվ պորտֆելում մասնաբաժինն այս պահին 20 տոկոս է:

«Մենք ամեն ձևով կպահպանենք այս մակարդակը, ավելի շուտ կփորձենք ավելացնել փոքր երկրների մասնաբաժինը մեր պորտֆելում», - ընդգծեց նա:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՍԱԶԲ-ի ազգային տնօրեն Վարդան Արամյանի խոսքերով՝ բանկը Հայաստանում ֆինանսավորել է արտադրության ոլորտը, փոքր և միջին բիզնեսը: «Բանկի գործառույթների մեջ է նաև մտնում տեղական բանկերի միջոցով առևտրի ֆինասնավորմանն աջակցելու գործառույթը», - ասաց նա:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս, Ալբանիային և Ադրբեջանին են պատկանում կանոնադրական կապիտալի 2-ական տոկոսը, Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային՝ 1-ական տոկոսը:

ՍԱԶԲ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններն են անդամ-երկրների համար փոխադարձ շահ ներկայացնող նախագծերի ֆինանսավորումը, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտների նախագծերի ֆինանսավորումը, ինչպես նաև առևտրային գործողությունների վարկավորումը:

1999 թ.-ից ի վեր՝ ՍԱԶԲ-ն ֆինանսավորել է 220 նախագիծ՝ տրամադրելով շուրջ 3 միլիարդ դոլար: Այժմ իրական նախագծերի ակտիվ պորտֆելը կազմում է 1,5 միլիարդ դոլար, որում այս պահին կա 106 պորտֆել:

Հայաստանում ՍԱԶԲ-ն համագործակցում է երեք բանկերի՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկի, Ինեկոբանկի և Հայէկոնոմբանկի հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև