Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել կորպորատիվ բանկոմատային քարտերի ծառայություն

01.11.2010 15:41
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել կորպորատիվ բանկոմատային քարտերի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կորպորատիվ հաճախորդների համար ներմուծել է նոր ծառայություն` կորպորատիվ բանկոմատային քարտեր, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Այսուհետ կորպորատիվ հաճախորդները իրենց հաշիվներում առկա միջոցներին ունեն 24/7 ռեժիմով հասանելիություն: Քարտերը կազմակերպությունների ղեկավարներին և լիազորված անձանց հնարավորություն են ընձեռում օրական մինչև 3 մլն ՀՀ դրամ կանխիկացումներ իրականացնել Էյչ-Էս-Բի-Սի-ի բանկոմատային ցանցից, որը ամենատարածվածն է Երևանում:

Բանկոմատի միջոցով թե դրամային և թե արտարժութային հաշիվներից կանխիկացման գործարքներն անվճար են:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ կորպորատիվ բանկոմատային քարտերով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում նաև փոխանցումներ իրականացնել կազմակերպության և Բանկի այլ հաշիվների միջև, ստուգել հաշիվների մնացորդները և հաշվից ստանալ քաղվածքներ:

«Սա Հայաստանում բիզնեսի համար լավագույն Բանկը լինելու մեր տեսլականի իրագործմանն ուղղված հերթական նախաձեռնություններից է: Մեր նպատակն է հաճախորդ-բանկ հարաբերությունները դարձնել հնարավորինս արդյունավետ, հարմարավետ և անվտանգ», - ասել է է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը (Astrid Clifford):

Բանկի ղեկավարը նշել է, որ ծառայության ներդրման առաջին շաբաթների ընթացքում գրանցված արդյունքները խոստումնալից են. թողարկվել և ակտիվորեն գործածվում են շուրջ 300 կորպորատիվ բանկոմատային քարտեր:

«Դա նշանակում է, որ ծառայությունը լիովին համապատասխանում է մեր կորպորատիվ հաճախորդների պահանջներին» , - նշել է Քլիֆֆորդը:

Կորպորատիվ բանկոմատային քարտերի մասին մանրամասները առկա են  http://www.hsbc.am/1/2/hy/business/general-banking-services/corporate-atm-cards էջում:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 127,8 միլիարդ դրամ, պարտավորությունները` 104,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` շուրջ 23 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 10,4 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 83,6 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 99,5 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 3 միլիարդ դրամ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 358,21 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև