ՀՀ ֆինանսական հաշտարարը 2010 թ. քաղաքացիներին ավելի քան 18 մլն դրամ է հատուցել

02.11.2010 18:15
ՀՀ ֆինանսական հաշտարարը 2010 թ. քաղաքացիներին ավելի քան 18 մլն դրամ է հատուցել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի կողմից 2010 թ.-ին քաղաքացիներին ավելի քան 18 միլիոն դրամ է հատուցվել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆիանանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Տասը ամսվա ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ստացվել 527 բողոք՝ 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերի 378 բողոքի համեմատ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի տվյալների համաձայն՝ բանկերի դեմ ուղղված պահանջների գծով հատուցումների չափը գերազանցել է 11 միլիոն դրամը, ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջների գծով հատուցումների չափը՝ 2.5 միլիոն դրամը, վարկային կազմակերպությունների դեմ՝ 3,2 միլիոն դրամը, գրավատների դեմ՝ 1.4 միլիոն դրամը:

«2010 թ.-ի տասը ամսվա ընթացքում քննության ենթարկված գործերի 55 տոկոսը լուծվել են հաճախորդի օգտին: Փոխհատուցման ամենախոշոր չափը կազմել է 5,1 միլիոն դրամ, իսկ նվազագույնը՝ հազար դրամ», - ասաց նա:

Հայաստանի ֆինանսական հաշտարարը տեղեկացրեց, որ մինչ օրս որևէ ֆինանսական կազմակերպություն չի մերժել փոխհատուցում վճարելու հարցում: Սարգսյանը պարզաբանեց, որ փոխհատուցումները վճարվում են ֆինանսական հաշտարարի կողմից որոշում ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում: Նա ավելացրեց, որ, օրինակ՝ այսօր լրանում է նման դեպքերից մեկի ժամկետը, և ֆինանսական հաշտարարի գրասենյակը դիմել է կազմակերպությանը 2,5 միլիոն դրամի փոխհատուցումը հնգօրյա ժամկետում վճարելու պահանջով:

«Եթե դա չարվի, ապա այն կլինի առաջին նման դեպքը», - ասաց ֆինանսական հաշտարարն՝ ավելացնելով, որ նման դեպքում քաղաքացին, ում օգտին որոշում է ընդունվել, կդիմի դատարան կատարողական թերթիկ ստանալու նպատակով, որի հիման վրա դատավարություն կընթանա:

Սարգսյանն ընդգծեց, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ուշադիր հետևում է ընդունված որոշումների կատարման հետագա ընթացքին: Ֆինանսական հաշտարարը նշեց, որ քաղաքացին կարող է երեսուն օրվա ընթացքում համաձայնվել կամ չհամաձայնվել ֆինանսական հաշտարարի որոշման հետ:

Եթե քաղաքացին չի համաձայնվում, ապա այդ որոշումը, ինչպես պարզաբանեց Սարգսյանը, չունի պարտադիր ուժ և չի ենթարկվում պարտադիր կատարման, իսկ քաղաքացին կարող է բողոքարկել այն դատարանում: Ինչպես տեղեկացրեց ֆինանսական համակարգի հաշտարարը, գրասենյակի աշխատակիցները մշտապես կապի մեջ են հաճախորդների հետ և պարզում են, թե, արդյոք, նրանք դիմել են դատարան: «Մինչ օրս չկա մի դեպք, որ քաղաքացին դիմի դատարան», - նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ նման նախադեպերի բացակությունը կապված է այն բանի հետ, որ քաղաքացիները հասկանում են ֆինանսական հաշտարարի ընդունած որոշման արդարությունն ու օրինականությունը: Նա ավելացրեց, որ ֆինանսական հաշտարարի աշխատանքի հիմնական մասը տարվում է հենց քաղաքացիների հետ, նրանց բացատրում են խախտման հանգամանքները, պարզվում են, արդյոք խախտվել են նրանց իրավունքները, թե ոչ, ինչպիսին է նրանց օգտին որոշում ընդունելու հավանականությունը:

«Հաճախորդն ինքն է որոշում բողոք ներկայացնել, թե ոչ... Որոշում ընդունելիս ևս ներկայացվում են այս կամ այն որոշման ընդունման բոլոր հանգամանքները», - ասաց Սարգսյանը:

ԱՊՀ երկրների շրջանում առաջին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն: (1 դոլարը 357,98 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև