Հայաստանը 2010 թվականը կավարտի մինչև 4 տոկոս տնտեսական աճով. պատգամավոր

04.11.2010 18:26
Հայաստանը 2010 թվականը կավարտի մինչև 4 տոկոս տնտեսական աճով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թվականը կավարտի 3,8-4 տոկոս տնտեսական աճով, ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010 թ.-ին նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում:

«Չնայած նրան, որ Հայաստանի 2011 թ.-ի պետբյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում, ես համոզված եմ, որ հաջորդ տարի աճն ավելի բարձր կլինի», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Այվազյանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա նշեց, որ հիմնական ոլորտները, որոնք ավանդաբար ապահովել են տնտեսական աճը 2001-2008 թթ.-ին, շինարարությունն է, սպառման ոլորտը, գյուղատնտեսությունը և արտադրությունը:

«Մեր առջև այսօր ծառացած է ողջ տնտեսական կառուցվածքի դիվերսիֆիկացման լրջագույն խնդիրը, մասնավորապես՝ 2010 թ.-ին տնտեսական աճը կարող էր ավելի զգալի լինել, եթե գյուղատնտեսության ոլորտում լուրջ անկում չարձանագրվեր, որը պայմանավորված էր նաև եղանակային պայմաններով», - ասաց նա:

ՀՆԱ-ի ցուցանիշի աճի վրա դրական ազդեցություն ունեցող բնագավառների թվում Այվազյանը նշեց ծառայությունների ոլորտը, հանքարդյունաբերական հատվածը:

«Համոզված եմ, որ հանքարդյունաբերական ոլորտում կտրուկ աճ կլինի, քանի որ այսօր համաշխարհային շուկաներում գրանցված մետաղների գների աճը այդ ոլորտում արվող ներդրումների ծավալ կապահովի», - ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթ ոլորտ է համարել ալմաստի վերամշակման բնագավառը, ոսկերչական գործը, բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող արդյունաբերությունը:

«Երկրի առջև այսօր ծառացած կարևորագույն խնդիրներից է արտահանմանը միտված տնտեսության ձևավորումը», - ավելացրեց նա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև