HSBC Բանկ Հայաստանի աշխատակիցները 500 ծառ են տնկել Երևանում

15.11.2010 17:18
HSBC Բանկ Հայաստանի աշխատակիցները 500 ծառ են տնկել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին Երևանի Աջափնյակ թաղամասում 500 ծառ են տնկել։ Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, միջոցառումն անցկացվել է «HSBC Բանկ Հայաստան»-ի յոթ աշխատակիցների և «Հայաստան՝ ծառատունկ» ծրագրերի փորձագետների մասնակցությամբ։

2009-ին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր «Կանաչ Բանկ» ակցիայի շրջանակներում պարտավորվել էր երկու տարվա ընթացքում իրականացնել 1000 ծառի տնկում Երևանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին և հանրությանը ներգրավել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացներին: Բանկն իր հաճախորդներին խրախուսում է նաև անցում կատարել ավանդական թղթային քաղվածքներից էլեկտրոնային քաղվածքների և օգտվել ոչ-թղթային, «կանաչ բանկային ծառայություններից` դրանով նույնպես նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ներկայում հաճախորդների 40%-ից ավելին, իսկ բանկի աշխատակիցների 100%-ը, նախընտրում են օգտվել ոչ-թղթային, «կանաչ բանկային ծառայություններից։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 127,8 միլիարդ դրամ, պարտավորությունները` 104,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` շուրջ 23 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 10,4 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 83,6 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 99,5 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 3 միլիարդ դրամ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև