Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականին արագ տեմպերով կաճի

16.11.2010 20:04
Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականին արագ տեմպերով կաճի

«ԱՌԿԱ» - Պարոն Ջավադյան, Հայաստանի բանկային համակարգը համաշխարհային ճգնաժամի հավանական կրկնվող հետևանքներից պաշտպանող կանխարգելիչ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Կենտրոնական բանկը:

Ա.Ջավադյան - Թե 2007-2008թթ. ճգնաժամից առաջ, թե հատկապես ճգնաժամից հետո աշխատանքներ են իրականացվում ապագայում հավանական ճգնաժամերին առավել արագ ու արդյունավետ արձագանքելու հնարավորությունների զարգացման, ֆինանսական վերահսկողության նպատակայնությունը բարձրացնելու ուղղությամբ:

Սթրես թեսթերի միջոցով պարբերաբար գնահատվում է ընդհանուր ֆինանսական համակարգի և առանձին ֆինանսական հաստատությունների կայունությունը, որոշակի սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակությունն ու ճկունությունը: Մշակվել են արագ արձագանքման գործողությունների ծրագրեր` որոշակի իրավիճակների, իրադարձությունների դրսևորվելու դեպքում ֆինանսական հաստատությունների իրացվելիության, վճարունակության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակին նախաձեռնման համար:

Ֆինանսական վերահսկողության տեսանկյունից առանձնակի ուշադրություն է հատկացվում առանձին ֆինանսական հաստատությունների ռիսկերի ընթացիկ մոնիտորինգին և մանրամասն վերլուծությանը:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի 2010 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները: Ինչպիսի՞ն են կանխատեսումները տարեվերջի, ինչպես նաև 2011 թվականի համար՝ պետբյուջեի կողմից 2010 թվականին նախատեսված 1,2 տոկոսի դիմաց տնտեսական 4,6-տոկոսանոց աճի ցուցանիշի բարելավման համատեքստում:

Ա.Ջավադյան - Տնտեսական աճի տեմպերի ակնկալվող մեծացման համատեքստում 2011թ. սպասվում է հաշվետու տարվա համեմատ բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների ավելի բարձր աճի միտումներ` առավելապես վարկավորման ոլորտում:

ՀՀ բանկային համակարգը 2010թ. ընթացքում բավականաչափ աշխուժացել է վարկային շուկայում` պայմանավորված ինչպես հետճգնաժամային պայմաններում տնտեսությունում կայունության դրական միտումներով, բանկերի և վարկառուների մոտ եկամուտների կայունացման ու ավելացման լավատեսական սպասումներով, այնպես և ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությամբ:

Ընդհանուր առմամբ 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում բանկային համակարգը ապահովել է ակտիվների 7%, պարտավորությունների 8% և կապիտալի 10% աճեր: Բանկային համակարգը 2010թ. ինն ամիսներին աշխատել է 21 մլրդ դրամ շահույթով և ապահովել է շահութաբերության բարձր մակարդակ` շահութաբերությունն (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) կազմել է 2.1%, ըստ կապիտալի (RoE)` 9.5%:

Ի համեմատություն ակտիվների աճի տեմպի` բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրած վարկերը 2010թ. ինն ամիսներին ապահովել են առաջանցիկ աճի տեմպ. վարկերն աճել են 15%-ով կամ 107 մլրդ դրամով: Վարկերի աճին զուգահեռ արձանագրվել է վերջիններիս որակի լավացում. ստանդարտ դասի լավորակ վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում կազմում է 95.5%՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 95,2 տոկոսի դիմաց:

Բանկերի գործունեության ռիսկայնության տեսանկյունից հատկանշական է, որ վերջիններիս ստանձնած ռիսկերը գտնվում են կառավարելի շրջանակներում, և բանկերը գործում են նորմատիվային պահանջների շրջանակներում. բանկային համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշը 26.9% է (պահանջվող նորմատիվային նվազագույն մեծությունը 12% է), ընթացիկ և ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշները, համապատասխանաբար, 30.1% և 129.3% (պահանջվող նորմատիվային նվազագույն մեծությունները` համապատասխանաբար՝ 15% և 60%):

Որպես կանոն՝ տարվա չորրորդ եռամսյակում, ի համեմատություն նախորդ եռամսյակների, բանկային համակարգն ապահովում է ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, կապիտալ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ) ամենաբարձր աճի միտումները, և ԿԲ սպասումներով՝ իրական հատվածի դրական զարգացումների միտումների ներքո, բանկային համակարգը 2010թ. չորրորդ եռամսյակում դարձյալ կպահպանի նախկինում ձևավորված վերոնշյալ միտումները և էլ ավելի կակտիվացնի գործունեությունը վարկային շուկայում:

Տնտեսական աճի տեմպերի ակնկալվող մեծացման համատեքստում 2011թ. սպասվում է հաշվետու տարվա համեմատ բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների ավելի բարձր աճի միտումներ` առավելապես վարկավորման ոլորտում:

«ԱՌԿԱ» - Ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի բանկային հատվածում դեպոզիտների և վարկերի շուկայի աճը վերջին ժամանակներս:

Ա.Ջավադյան - 2009թ. չորրորդ եռամսյակում և 2010թ. բավականաչափ աշխուժացավ վարկային շուկան: 2008թ. չորրորդ եռամսյակից (երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև ՀՀ բանկային համակարգի վրա) մինչ 2009թ. երրորդ եռամսյակը Հայաստանի վարկային շուկան բավականին պասիվ էր:

2009թ. տարեսկզբին բանկերը սկսեցին գործել ավելի զգույշ, մասնավորապես վարկային քաղաքականության առումով (վարկառուների ֆինանսական միջոցների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն ու վերլուծություն): Միաժամանակ զգուշություն էր նկատվում նաև վարկառուների կողմից, քանի որ վարկառուների մի մասը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկարաժամկետ հատվածում իրենց ապագա եկամուտների կանխատեսումներում անորոշություններ ունեին:

2009 թվականի երրորդ եռամսյակից արդեն վարկային շուկան էապես աշխուժացավ, ինչին նպաստեցին բանկերի և վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձևավորումը, ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը և պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը:

Վերջին ամիսներին վարկային շուկայի ակտիվացմանը, ի լրումն վերոնշյալների, նպաստել է նաև տրանսֆերտների և բնակչության եկամուտների աճը, ՀՀ դրամ - ԱՄՆ դոլար փոխարժեքի համեմատաբար կայուն մակարդակը և իրական հատվածի դրական զարգացումները:

2010թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է ավանդների 3.7%-ով կամ 22.3 մլրդ դրամով աճ` որն ամբողջովին պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդների այդչափ աճով: Ֆիզիկական անձանց ավանդների աճը փաստում է  բանկերի նկատմամբ վերջիններիս վստահության ամրապնդման մասին:

Այս միտումը  նպաստում է բանկային համակարգի` տնտեսության միջնորդության դերի բարձրացմանը հետևաբար նաև իրական հատվածի վարկավորման ընդլայնման հնարավորություններին:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ավանդների 4.9% նվազում` հիմնականում ի հաշիվ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների նվազման: Սա պայմանավորված էր արտարժութային ավանդների վերագնահատմամբ (այս ժամանակահատվածում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 11 դրամով, և, եթե բացառենք վերագնահատման արդյունքը, ապա կարձանագրվեր ավանդների 2.8% նվազում) և տնտեսվարողների կողմից դեռևս 2009թ. ներդրած ցպահանջ ավանդների (իրենց կողմից կուտակված ազատ դրամական միջոցների հաշվին) կրկին բիզնես ուղղելու փաստով:

Ընդ որում, 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կտրուկ` 36%-ով, աճել էին իրավաբանական անձանց ավանդները, և այս տարի հետճգնաժամային պայմաններում այդ միջոցների ուղղումը բիզնես` տնտեսության տեսանկյունից առողջ զարգացում էր:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է Հայաստանի լիզինգային շուկայի վիճակը 2010 թվականի ինն ամիսների տվյալներով և զարգացման ի՞նչ հեռանկարներ կան 2011 թվականին։ Միջազգային ինչպիսի՞ ծրագրերում են ներգրավված լիզինգով զբաղվող հայկական ֆինանսավարկային կազմակերպությունները։

Ա. Ջավադյան - ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված լիզինգի ծավալը կազմել է 6.6 մլրդ դրամ` ի համեմատություն տարեսկզբի 5.8 մլրդ դրամի: Համեմատության համար՝  2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ նույն ցուցանիշը կազմել է 6.0 մլրդ` ի համեմատություն 2008թ. դեկտեմբերի 31-ի 5.0 մլրդ դրամի:

Չնայած նրան, որ լիզինգային շուկան դեռևս թույլ է զարգացած ՀՀ-ում, կան վարկային կազմակերպություններ, որոնք ՀՀ ԿԲ-ի կողմից ստացել են լիզինգային վարկային կազմակերպության լիցենզիա և բավականին ակտիվ գործունեություն են ծավալում այս ոլորտում: Ուստի լինելով լավ մասնագիտացված այս ասպարեզում և քաջատեղյակ շուկայի զարգացումներից` նրանք իրենց հաճախորդներին առաջարկում են համագործակցության առավել լայն սպեկտր և հարմար պայմաններ:

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական համակարգի ընդհանուր լիզինգային պորտֆելի մոտ 73%-ը բաժին է ընկնել հենց վարկային կազմակերպություններին: Վերջիններիս մեջ կան այնպիսինները, որոնք համագործակցում են մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են օրինակ` EBRD, IFS, Financial Planets:

2011թ. այս ոլորտում կտրուկ զարգացումներ չեն ակնկալվում, սակայն ֆինանսական ինստիտուտների տրամադրվածությունն ու այս շուկայում միջազգային փորձի աստիճանական ներդրումն ու զարգացումը կապահովեն բոլոր նախապայմանները բնականոն աճի համար:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ գործիքներ կգործարկվեն գնաճի հնարավոր կտրուկ թռիչքների կարգավորման համար՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն արտահայտության համատեքստում, որ գնաճը 2011 թվականի գլխավոր մարտահրավերներից կլինի։

Ա.Ջավադյան - ԿԲ-ի գերակա խնդիրը 2011թ. համար պահպանվող գնաճային ներուժը վերացնելու և գնաճային սպասումները խարսխելու նպատակի իրագործումն է: Վերջինիս, բնականաբար, նպատակաուղղված կլինեն ԿԲ զինանոցում եղած բոլոր գործիքները՝ ակնկալելով նաև Կառավարության ակտիվ օժանդակությունը:

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, և ԿԲ-ն պատրաստ է իրագործել գնաճի նպատակային ցուցանիշը իր գործիքակազմում առկա բոլոր գործիքներով: Սակայն երբեմն կարող են լինել գնաճի այնպիսի կտրուկ տատանումներ, որոնք հնարավոր չէ հարթել ԿԲ գործիքակազմի միջոցով (օրինակ՝ առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի դեպքում):

2010 թվականին ձևավորվել է գնաճային միջավայր, որը պայմանավորվել է նախորդ տարվա վերջին արտաքին և ներքին տնտեսությունների որոշակի աշխուժացման, ինչպես նաև 2009թ-ին տնտեսական աճի խթանման նպատակին ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականությունների իրագործման ազդեցությամբ: Դրան 2010թ. երրորդ եռամսյակում գումարվել է նաև դրսևորված առաջարկի ցնցումի՝ գյուղատնտեսության ճյուղի խորը անկմամբ և միջազգային շուկաներում ցորենի գնի կտրուկ աճով պայմանավորված գնաճային գործոնի ազդեցությունը: Արդյունքում, սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 8.6%, որին միայն 3.3 տոկոսային կետով նպաստել է «Միրգ», «Բանջարեղեն և կարտոֆիլ» և 1.5 տոկոսային կետով` «Հացամթերք» ապրանքախմբերի գների աճը:

Միևնույն ժամանակ տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը` արտահայտված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, որոշ չափով մեղմել է բարձր գնաճային միջավայրը:

«ԱՌԿԱ» - Մտադի՞ր է, արդյոք, Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի խստացնել տարվող դրամավարկային քաղաքականությունը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։

Ա.Ջավադյան - ՀՀ ԿԲ կողմից առաջիկա մեկ տարվա համար արված վերջին կանխատեսումների համաձայն, որոնք հրապարակված են ԿԲ կայքում տեղադրված «Դրամավարկային քաղաքականության 4-րդ եռամսյակի ծրագիր» պարբերականում, 2010 թ. սեպտեմբերին հաջորդող մեկ տարվա հորիզոնում կանխատեսված մակրոտնտեսական միջավայրի պայմաններում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կշարունակի աստիճանաբար նվազել, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսից, առաջարկի շոկերի ազդեցության վերջնական մարման արդյունքում, այն կձևավորվի նպատակային միջակայքում:

Այսպիսով, տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, կանխատեսվել են տարեվերջին գնաճի 8.1%, իսկ 2011 թ. երրորդ եռամսյակի ավարտին՝ տ/տ 3.7% մակարդակներ: Հաշվի առնելով գնաճի կանխատեսվող նման զարգացումները՝ առավել հիմնավորված է դրամավարկային քաղաքականության պահպանողական բնույթը: Սակայն, կախված գնահատված ռիսկերի դրսևորումներից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտումը:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ կախվածության մեջ է Հայաստանի գների աճը միջազգային շուկաներում արձանագրված գնաճից։

Ա.Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկը շարունակաբար հետևում է ինչպես համաշխարհային տնտեսությունում ընդհանուր գնաճային զարգացումներին, այնպես էլ մի շարք հիմնական ապրանքատեսակների (հացահատիկ, բրինձ, շաքարավազ, նավթ և այլն) գների` միջազգային շուկաներում ձևավորման գործընթացներին: Այս առումով պետք է նշել, որ ՀՀ ներքին տնտեսությունում գնաճային զարգացումները հիմնականում համադրելի են և համընկնում են միջազգային գների շարժին, իսկ դրանում առաջացած հնարավոր շեղումների և դրանց պատճառների բացահայտման նպատակով Կենտրոնական բանկը սերտորեն համագործակցում է պետական մյուս կառույցների, այդ թվում` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ:

«ԱՌԿԱ» - Տարածվու՞մ են, արդյոք, Հայաստանի՝ որպես բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի անդամի վրա Բազել III մասով բանկային գործունության կարգավորման նոր կանոնները։

Ա.Ջավադյան - Ներկայումս Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվում են բանկային գործունեության կարգավորման դաշտում Բազել III-ով (որը դեռևս վերջնականապես հաստատված չէ միջազգային համապատասխան կառույցների կողմից) առաջարկվող փոփոխությունները և դրանց ներդրման հնարավորությունն ու նպատակահարմարությունը մեր երկրում:

ՀՀ բանկային գործունեության կարգավորման կանոնները բավականին խիստ են` Բազել II-ի համեմատ, և իրենց բնույթով ավելի մոտ են Բազել III-ով նախատեսվող դրույթներին: Անհրաժեշտ ուսումնասիրություններից ու քննություններից հետո Կենտրոնական բանկը որոշում կկայացնի նոր կանոնների ներդրման նպատակահարմարության վերաբերյալ:

«ԱՌԿԱ» - Բազել III նորարարություններից մեկը կապիտալի բավարարության մակարդակի բարձրացումն է ներկայիս 4 տոկոսից մինչև 6-8 տոկոսի։ Առաջարկվել է նաև բանկերի ակտիվներից մինչև 3 տոկոս հատուկ պահուստներ ներդնել, որոնք կոչված կլինեն նոր ճգնաժամի դեպքում կայունության պահուստ ապահովել։ Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ նոր կանոնները կարող են սահմանափակել վարկավորումը և բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի վրա։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այդ կանոնների փաստը, և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ երկրի բանկերի և տնտեսության վրա։

Ա.Ջավադյան - Նախքան նորմատիվների նոր սահմանաչափերի հայտարարումը Բազելյան կոմիտեի և Ֆինանսական կայունության խորհրդի կողմից իրականացվել է Քանակական ազդեցության գնահատում` կապիտալի և իրացվելիության նոր ստանդարտների ազդեցությունը ՀՆԱ-ի վրա քանակապես չափելու նպատակով: Գնահատման արդյունքները վկայում են, որ նոր ստանդարտների ներդրման սկզբնական շրջանում ազդեցությունը տնտեսական աճի վրա կլինի փոքր-ինչ սահմանափակող, սակայն միջնաժամկետում ստացված օգուտներն ավելի մեծ կլինեն, քան դրանց համար կատարված ծախսերը:

Հայաստանի համար նման քանակական գնահատում դեռևս չի կատարվել, սակայն հաշվի առնելով, որ անցումային տնտեսություն ունեցող երկրներում, այդ թվում Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը համեմատաբար ցածր է զարգացած երկրների համեմատ, հետևաբար հնարավոր փոփոխությունների ազդեցությունը նույնպես ավելի փոքր կլինի:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս կարելի է գնահատել Բանկիրների և ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովի արդյունքները, և նման համաժողովներն ավանդական կդառնա՞ն։

Ա.Ջավադյան - 2010 թ. հոկտեմբերի 17-19-ը տեղի ունեցած Համահայկական ֆինանսիստների և բանկիրների համաժողովը կարևոր միջոցառում էր ՀՀ ֆինանսական համակարգի համար, որին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, մասնավորապես` Լիբանանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից: Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի ներմուծել նշված ոլորտում կուտակված հսկայական փորձն ու գիտելիքը:

Համաժողովի արդյունքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի աշխատանքները կկոորդինացնի ՀՀ Բանկերի միությունը:  Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել հայ ֆինանսիստների տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը և ֆինանսական ոլորտին առնչվող խնդիրների բացահայտմանը, որից հետո պետք է կազմակերպվեն տարբեր նպատակային միջոցառումներ:

Առաջին Համահայկական ֆինանսիստների և բանկիրների համաժողովը համարում ենք հաջողված և կարծում ենք, որ նմանատիպ միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ, ինչը թույլ կտա արդյունավետ օգտագործել համահայկական ներուժը Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման, Հայաստանի և Սփյուռքի միջև ֆինանսական ոլորտում պետական և ազգային ծրագրերի իրականացման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխգործակցության ակտիվացման գործում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև